accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Զարուհի Բաթոյան

DISABILITYINFO.АМ ԿԱՅՔԻ ԽՄԲԱԳԻՐ

Առասպելնե՞ր, թե՞ իրականություն

0

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել:

  1. Ֆիզիկապես թույլ են և բուժման կարիք ունեն:

Հաշմանդամությունը հիվանդություն չէ, և եթե երեխան որևէ դժվարություն ունի կամ իր կարողություններով տարբերվում է մյուսներից, դեռևս չի նշանակում, որ թույլ է կամ բուժման կարիք ունի: Ուժը լայն հասկացություն է, կարող է բոլորի մոտ տարբեր լինել: Պարտադիր չէ, որ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաներն իրենց ֆիզիկական ուժով զիջեն իրենց հասակակիցներին:

  1. Միայն ներառական կամ հատուկ դպրոց կարող են հաճախել և հատուկ մանկավարժի կամ այլ մասնագետի օգնությամբ կարող են սովորել:

Ներառական կամ հատուկ դպրոցները համալրված են բազմամասնագիտական թիմով` հատուկ մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող և այլք: Այս մասնագետներն աջակցում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունն ավելի արդյունավետ իրականացվի: Սակայն ոչ միշտ է նրանց օգնությունն անհրաժեշտ: Հաճախ երեխան կարող է հատուկ մանկավարժի ծառայությունների կարիք ունենալ ընդամենը մեկ կիսամյակ կամ ուսումնական տարի: Բացի այդ, եթե հաշմանդամություն ունեցող երեխան ունի միայն ֆիզիկական միջավայրի հարմարեցման կարիք, ապա հնարավոր է չունենա լրացուցիչ մասնագետների կարիք:

Սակայն սա չի նշանակում, որ հանրակրթական դպրոցը, որը չունի հատուկ մասնագետներ, չի կարող ընդունել և լիարժեք կազմակերպել հաշմանդամություն ունեցող աշակերտի ուսուցումը: Երեխաները կարող են սովորել այն դպրոցներում, որոնք ընտրում են ծնողները, և այդ կրթությունը կարող է արդյունավետ լինել, եթե դպրոցի անձնակազմը և երեխայի ընտանիքը համագործակցում են, կարողանում են ճկուն լինել երեխայի կրթական կարիքները բավարարելիս:

  1. Ընկերներ չունեն, դպրոցում նրանց ծաղրում են:

Երեխաները սովորաբար ավելի անկաշկանդ և ազատ են իրենց մտքերը, կարծիքն ու վերաբերմունքն արտահայտելու հարցում, եթե նույնիսկ դրանք բացասական են: Սակայն սովորաբար նրանց վերաբերմունքը և վարքագիծը մեծ մասամբ կախված են մեծերից: Եթե ծնողները, ուսուցիչները և դպրոցի աշխատակազմը համապատասխան տեղեկություններ տրամադրեն աշակերտներին և նպաստեն ընկերական և դրական միջավայրի ստեղծմանը, երեխաները հեշտությամբ կընդունեն իրենց ընկերներին այնպիսին, ինչպիսին նրանք կան: Այն դպրոցներում, որտեղ թեկուզ չնչին աշխատանք է կատարվում երեխաների հետ, նրանք որևէ դժվարություն չեն ունենում հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցներին հասկանալու, նրանց ընդունելու և լիարժեք ընկերություն անելու համար:

  1. Առանց ծնողների մշտական խնամքի և աջակցության չեն կարող դպրոցում սովորել:

Եթե դպրոցներում չեն ստեղծվել համապատասխան պայմաններ և հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ապա նրանց ծնողները ստիպված են ամբողջ օրը դպրոցում անցկացնել` երեխայի տարբեր կարիքները հոգալու համար: Սակայն բոլոր հարմարությունների և անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքների առկայության դեպքում նրանք կարող են իրենց ողջ օրն անցկացնել դպրոցում առանց ծնողների մշտական ներկայության: Այս հարցում ևս կարևոր է դպրոց-ընտանիք համագործակցությունը, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների առկայությունը դպրոցում: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր երեխաներն ունեն լրացուցիչ օգնության կարիք:

  1. Զգայուն են, շփման մեջ առանձնահատուկ մոտեցում են պահանջում:

Հաշմանդամության որոշ տեսակների դեպքում երեխաները երբեմն ավելի զգայուն են, քան իրենց հասակակիցները: Օրինակ` աուտիզմ ունեցող երեխաները գերադասում են անաղմուկ, հանգիստ միջավայրը, սակայն այս պայմանները նպաստավոր են ոչ միայն նրանց, այլ նաև բոլոր մյուս երեխաների համար: Երբեմն սովորելու դժվարություն ունեցող երեխաներն ավելի բաց են լինում, ավելի հակված են շփման և ընկերության: Ոմանք էլ հակառակը՝ ավելի փակ են և սիրում են մենակ մնալ, խաղալ իրենց խաղալիքներով: Ամեն դեպքում նրանց պետք է վերաբերվել և շփվել նրանց հետ այնպես, ինչպես բոլոր երեխաների հետ: Չէ՞ որ բոլորն էլ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:

  1. Տնային գործերում նրանց հնարավոր չէ ներգրավել։

Շատ ծնողներ տարբերություն չեն դնում հաշմանդամություն ունեցող և չունեցող իրենց երեխաների միջև տնային գործերում նրանց ներգրավելիս: Երեխաներին «գործի դնելը» ամենևին չի նշանակում, որ ծնողները նրանց ավելի քիչ են սիրում, չեն խնայում կամ փորձում են շահագործել: Հակառակը, սա ցույց է տալիս երեխաներին, որ իրենց վստահում են, որ իրենք կարող են օգտակար լինել, եթե նույնիսկ փոքրիկ հանձնարարություն են կատարում: Փորձը ցույց է տալիս, որ դա միայն նպաստում է նրան, որ երեխաները դառնան ինքնուրույն, պատասխանատու և հոգատար իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:

  1. Նրանք շատ յուրահատուկ են, միշտ որևէ բնատուր տաղանդով են օժտված։

Իրականում հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ շնորհալի են, ինչպես մյուս երեխաները: Հաճախ ծնողները նրանց զարգացմանն ավելի շատ ժամանակ են նվիրում, և դա տալիս է իր դրական արդյունքը: Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի քիչ են, ապա նրանց մեջ հանդիպող շնորհալիները մարդկանց համար ավելի աչքի են ընկնում: Սակայն չենք կարող ասել, որ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները շնորհալի են կամ՝ հակառակը: Մարդիկ տաղանդավոր լինում են կամ՝ ոչ, անկախ ամեն ինչից:

  1. Նրանց խնամքի համար ավելի շատ գումար է անհրաժեշտ:

Հաշմանդամություն ունեցող երեխայի զարգացման, վերականգնման համար տարբեր ծառայություններ են անհրաժեշտ: Դրանք ոչ միշտ է, որ անվճար են կամ հասանելի հատկապես մարզերում կամ ծայրամասերում ապրող ընտանիքներին, և նրանք ստիպված են ավելի շատ գումար ծախսել դրանք ապահովելու համար: Սակայն եթե անհրաժեշտ բոլոր ծառայությունները տրամադրվեն համայնքներում, երեխայի բնակության վայրին մոտ գտնվող տարածքներում, դպրոցներում և զարգացման կենտրոններում, ապա լրացուցիչ գումարի կարիք չի լինի:

  1. Հարմար մասնագիտություն չեն կարող ձեռք բերել:

Հաճախ ծնողներին տանջում է այն միտքը, որ դպրոցն ավարտելուց հետո իրենց երեխաները չեն կարողանա շարունակել կրթությունը, իրենց կարիքներին համապատասխան մասնագիտություն ձեռք բերել և այլն: Հայաստանում իրոք դժվար է ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցից հետո: Այդ պատճառով անհրաժեշտ է այդ մասին վաղօրոք մտածել, նախքան դպրոցն ավարտելու մոտենալը պետք է ավելի շատ տեղեկություններ հավաքել մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների և ուսուցանվող մասնագիտությունների մասին: Պետք է հիշել, որ մասնագիտություն ընտրելիս ևս պետք է կենտրոնանալ երեխայի ուժեղ կողմերի վրա, ծնողները պետք է օգնեն նրան մասնագիտության ընտրության հարցում` որն է նրան ավելի հոգեհարազատ, ինչը նա սիրով և հաճույքով կանի, ինչպես է պատկերացնում իրեն ապագայում և այլն: Եվ ինչպես բոլորը, այնպես էլ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան գտնել իրենց երազանքին հասնելու և սիրած մասնագիտությունն ունենալու միջոցները:

  1. Նրանք, միևնույն է` չեն գնահատի ծնողների ջանքերը և մեծ հաջողության չեն հասնի։

Բոլոր երեխաները զգայուն են, և եթե նույնիսկ չեն արտահայտվում, ապա տեսնում և զգում են ծնողների ջանքերը, որոնք ուղղված են իրենց երջանիկ մանկություն և որակյալ կրթություն ապահովելուն: Թեև ծնողներն ամեն ինչ անում են իրենց երեխայի լիարժեք կյանքի համար առանց որևէ ակնկալիքի, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ դրանք անպայման կտան իրենց պտուղները: Երեխաները կհասնեն հաջողության, լինեն դրանք մեծ թե փոքր, միևնույն է, նրանք չեն կարողանա դրան հասնել առանց ծնողների աջակցության և սիրո:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.