accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Զառա Ասկարյան

Լրագրող

Ավազով խաղի դրական ազդեցությունը երեխաների համար

0

Հոգեբան Կարինե ՀարությունյանԱվազաթերապիայի և ավազի զարգացնող հատկությունների մասին զրուցում ենք հոգեբան Կարինե Հարությունյանի հետ։

- Ի՞նչ է ավազաթերապիան։

- Հոգեթերապիայում գոյություն ունի առանձին մի ճյուղ՝ ավազաթերապիա, որը ծագել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին և պահպանում է իր արդիականությունը մինչ օրս: Ավազի հետ խաղը երեխային հնարավորություն է տալիս ազատվելու հոգեբանական տրավմաներից` խնդիրները տեղափոխելով ավազի հարթություն: Այս մեթոդի ակունքների մոտ են կանգնած Մարգարետ Լովենֆելդը և Դորա Կալֆը, հենց այս երկու անձանց շնորհիվ է ավազաթերապիան կիրառվել և կայացել որպես հոգեբանական թերապևտիկ առանձին ուղղություն: Ավազաթերապիան կիրառվում է և՛ մեծահասակների, և՛ երեխաների հետ:

Գոյություն ունի 2 տեսակի ավազաթերապիա՝ դասական (Sand play), որը ենթադրում է կոնկրետ ազավաթերապևտիկ միջավայր, համապատասխան խաղալիքներով կահավորված սենյակ, պայմաններ և աշխատանքի կազմակերպման ուրույն առանձնահատկություններ, և ոչ դասական (sand play), երբ ավազաթերապևտիկ խաղը կազմակերպվում է այլ մեթոդների հետ համակցված։

Ավազը, որը բնական նյութ է, իրականացնում է մի շարք կարևոր գործառույթներ, ինչպիսիք են` զարգացնող, հանգստացնող, ռելաքսացիոն, բացասական էներգիա կլանող, ինչպես նաև ստեղծագործական պոտենցիալը ակտիվացնող։ Այն նպաստում է նաև մանր մոտորիկայի զարգացմանը, գլխուղեղի կեղևի աշխատանքի ակտիվացմանը: Հաշվի առնելով ավազի մի շարք դրական գործառույթներ՝ այն կարելի է կիրառել բոլոր երեխաների հետ՝ թե´ զարգացման խնդիր ունեցող և թե´ խնդիր չունեցող:

Ավազը թերապևտիկ միջամտության ձև է դառնում համապատասխան հոգեբանական աշխատանքի կազմակերպման արդյունքում, հոգեբանական խնդիրների դեպքում՝ վախ, բարդույթներ, հարաբերությունների պարզաբանում և այլն:

- Ե՞րբ է ցանկալի կիրառել ավազաթերապիան:

- Մեծ է այն խնդիրների տիրույթը, որոնց դեպքում ծնողները դիմում են այս թերապիայի օգնությանը: Ինչ վերաբերում է զարգացման տիրույթի խնդիրներին, ապա
վերջին տարիներին նկատվում է մտավոր խնդիրներով, աուտիզմով, հոգեկան զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դիմումների թվի կտրուկ աճ: Այնուամենայնիվ, անկախ խնդրի առանձնահատկությունից, կարևոր է իմանալ, որ որքան վաղ է հայտնաբերվում խնդիրը, և համապատասխան մասնագիտական օգնություն է ցույց տրվում, այնքան ավելի արդյունավետ է ընթանում աշխատանքը:
Այսպիսով, պետք է ուշադիր լինել երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները, և անգամ փոքր խնդրի դեպքում անպայման դիմել մասնագետի խորհրդատվությանը:

Եթե խոսքը հոգեբանական խնդիրների մասին է, ապա հիմնականում դիմում են վախերի, կոնֆլիկտների, ֆիզիկական հիվանդության հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների, երկրորդ երեխայի ծննդյան, դպրոց հաճախելու և վարքային մի շարք խնդիրների դեպքում:

Միայն որոշ հոգեբուժական տիրույթի խնդիրների դեպքում, օրինակ՝ սուր փսիխոտիկ վիճակ, հակացուցված է ավազով աշխատանքը, քանի որ այն կարող է հակառակ ազդեցություն ունենալ երեխայի հոգեկանի վրա:

- Կա՞ն արդյոք ավազով վարժություններ, որոնք կարելի է կատարել տան պայմաններում:

- Գոյություն ունեն զարգացման նպատակով իրականացվող մի շարք վարժություններ, որոնք կարելի է կիրառել բոլոր երեխաների հետ, մասնավորապես, նախադպրոցական տարիքում: Այս վարժությունները հիմնականում նպաստում են մանր մոտորիկայի, ուշադրության, հիշողության, երևակայության և խոսքի զարգացմանը:

Օրինակ` մանր մոտորիկայի զարգացման նպատակով տան պայմաններում կարելի է իրականացնել մի շարք վարժություններ ավազի և հատիկավոր լոբազգիների, մանր խաղալիքների շնորհիվ: Հատիկավոր լոբազգիները կամ մանր խաղալիքները, լցնելով ավազի տարայի մեջ, երեխան պետք է սկզբում թաքցնի խաղալիքները, ապա մեկ առ մեկ փնտրի, գտնի դրանք խառնուրդի միջից:

Երևակայության զարգացման նպատակով կարելի է կատարել հետևյալ խաղը. ավազը լցնում են սկուտեղի կամ որևէ հարթ մակերևույթի վրա, փոքր-ինչ խոնավացնում, և երեխային առաջարկվում սեփական երևակայությամբ ստանալ տարբեր եռաչափ պատկերներ: Հետագայում այդ պատկերները կարելի է լրացնել կամ զարդարել տարբեր բնական և արհեստական նյութերով, խաղալիքներով: Այս ամենը միաժամանակ նպաստում է ստեղծագործական երևակայության զարգացմանը, քանի որ նման խաղերի կազմակերպումը երեխայի մեջ ձևավորում են երևակայելու և անկաշկանդ ստեղծագործելու կարողություն:

Այս և մի շարք այլ խաղ-վարժությունների կազմակերպումը կարող է դարձնել երեխայի առօրյան հետաքրքիր, հաճելի և միաժամանակ շատ օգտակար: Ցանկալի է երեխային տրամադրել լավ մշակված և ախտահանված ավազ:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.