accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Զառա Ասկարյան

Լրագրող

Նկարչաթերապիայի ազդեցության մասին

0

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել:

Նկարչաթերապիայի և նրա դրական ազդեցության մասին զրուցել ենք Հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, երեխաների զարգացման միջազգային կենտրոնի արտթերապիստ Ալվինա Հայրապետյանի հետ:

Ի՞նչ է նկարչաթերապիան:

1938 թվականին, երբ Ադրիան Հիլի կողմից հիմք դրվեց «արտթերապիա» եզրույթին, ապա արտթերապիա ասելով՝ հասկանում էին հենց նկարչական ձևամիջոցների կիրառումը որպես թերապևտիկ ներգործության միջոց:

Այսօր էլ շատ ենք հանդիպում, երբ արտթերապիան և նկարչաթերապիան դիտվում են որպես հոմանիշներ:

Ընդհանրապես, արտթերապիան թերապևտիկ ուղղություն է, որը հիմնված է ստեղծագործական կամ գեղարվեստական գործունեությանն վրա:

Նկարչաթերապիան ինքնաբուխ խորքային թերապիա է, որը հնարավորություն է տալիս անձին ինքնադրսևորվելու, ինքնակարգավորվելու, ինքնաբացահայտվելու ոչ վերբալ (խոսքային) կերպով: Այսինքն` խորհրդանիշների լեզուն օգնող միջոց է ներքին հուզական կուտակումները, լարվածությունը ոչ վերբալ ճանապարհով դուրս բերելու համար:

Սա շատ կարևոր է այն տեսանկյունից, որ շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում բառերով արտահայտել իրենց խնդիրները, ինչպես նաև այն երեխաների համար, ովքեր զուրկ են վերբալ խաղորդակցման հնարավորությունից, նրանք ստեղծագործական ճանապարհով կարողանում են հայտնել իրենց խնդիրների մասին:

Որո՞նք են նկարչաթերապիայի գործառույթները:

Նկարչաթերապիան ունի երեք շատ կարևոր գործառույթներ՝ կատարսիսային՝ ինքնամաքրման ճանապարհով, որը նաև հիմք է ինքնաճանաչման համար, կարգավորող գործառույթ՝ նպաստում է նյարդահոգեկան լարվածության նվազեցմանը, մոդելավորում է դրական հոգեհուզական վիճակ, և երրորդ` հաղորդակցական գործառույթ, որը հիմնված է այն բանի վրա, որ արվեստը երկխոսություն է սեփական անձի և շրջապատող աշխարհի միջև: Նկարը խոսում է թե՛ անձի ներքինի, թե՛շրջապատող աշխարհի՝ նրա ունեցած պատկերացման մասին: Իսկ որպես գործառույթ մեծապես խթանում է նաև միջանձնային վարքի ձևավորմանը:

Ի՞նչ նյութերով են աշխատում նկարչաթերապիայի ժամանակ:

Նկարչաթերապիայի մեջ կա հստակ բաժանում չոր և ջրային տեխնիկաների:

Չոր տեխնիկաներից են` մատիտը, ֆլոմաստերը, կավիճը, որոնք համարվում են ինտելեկտուալ խթանիչ: Մատիտով նկարելը հուզական սահմանափակում է երեխային: Իսկ ջրային տեխնիկաներից են՝ գուաշը, ակրիլը, ջրաներկը և այլն: Ջրային տեխնիկաները հանդիսանում են հուզական խթանիչ, նպաստում են հուզական բացվածությանը, կոնտակտ հաստատելուն, իսկ խնդիր ունեցող երեխաների համար սա առաջնային է:

Նշենք նաև, որ գոյություն ունի ակտիվ և պասիվ արտթերապիա. պասիվ արտթերապիան կապված է արվեստի գեղագիտական ընկալման հետ, որը հնարավորություն է տալիս ներքին ապրումներին, հույզերին կերպափոխվելու: Պասիվ արտթերապիա կարող է հանդիսանալ թատրոն, թանգարան, պատկերասրահ այցելելը:

Ի՞նչ խնդիրների դեպքում է կիրառելի նկարչաթերապիան:

Նկարչաթերապիայի կիրառման շրջանը լայն է ՝ ինչպես բժշկության, հոգեբուժության, հոգեթերապիայի տարբեր ոլորտներում, այնպես էլ հատուկ մանկավարժության և հատուկ հոգեբանության մեջ՝ վերականգնողական, շտկողական, կանխարգելիչ նպատակներով:

Նկաչաթերապիան կարելի է կիրառել ցանկացած խնդրի դեպքում, հակացուցումներ չկան:

Միակ «հակացուցումն» այն է, որ ծնողները նկարելու որոշակի թեմա չհանձնարարեն, քանի որ սա արհեստական պատնեշ է ստեղծում երեխայի ազատ ստեղծագործելու ընթացքում, մինչդեռ երեխային պետք է ազատ թողնել:

Այս ուղղությունը շատ արդյունավետ է աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելիս: Աուտիզմ ունեցող երեխաների հետ նկարչաթերապիայով աշխատելիս այն բաժանում ենք երկու մասի՝ թերապևտիկ և շտկող-զարգացնող: Թերապևտիկ մասի ժամանակ երեխան ինքնադրևորվում է, ինքնաբացահայտվում, այդ ընթացքում կարողանում ենք հասկանալ երեխայի հոգեվիճակը, նրա ներուժը: Շտկող-զարգացնող մասի դեպքում կոնկրետ տեխնիկաներ են կիրառվում երեխայի մոտ որոշակի ֆունկցիա զարգացնելու համար, օրինակ՝ աչք-աչք կոնտակտի զարգացումը, ինչն աուտիզմի ժամանակ առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Ընդհանրապես, ցանկացած երեխայի նկարած նկար նաև ախտորոշիչ նյութ է, քանի որ ըստ նկարի հնարավոր է հասկանալ երեխայի ֆիզիկական, հոգեկան այնպիսի թաքնված խնդիրների մասին, որոնք արտաքին վարքում չեն դրսևորվում:

Կա՞ն որոշակի տեխնիկաներ, որոք կիրառելի են ցանկացած խնդրի դեպքում, որոնք ծնողները կկարողանան կիրառել տան պայմաններում:

Արտթերապիայում ցանկացած մեթոդ, տեխնիկա բխում են տվյալ երեխայի անհատականությունից, ուստի դժվար է որևէ համընդհանուր տեխնիկա խորհուրդ տալ, սակայն միանշանակ է, որ նկարչությունը ցանկացած խնդրի դեպքում դրական ազդեցություն ունի: Ծնողները պետք է թույլ տան, որ երեխաներն ազատ նկարեն: Շատ դեպքերում ծնողները, մտահոգվելով տան կոնկիկ տեսքով, մաքրությամբ, արգելում են երեխաներին տարբեր նյութերով նկարել, այնինչ դա խիստ արդյունավետ է: Ինչպես նաև հարկավոր չէ երեխային թեմաներ հանձնարարել, նրան պետք է ազատ թողնել, արհեստական ճանապարհով պատնեշներ չստեղծել նրանց ազատ ստեղծագործական գործունեության մեջ:

Անձի և նրա նկարած նկարի միջև ի՞նչ կապ կա:

Արտթերապևտիկ էքսպրեսիվ միջոցների շնորհիվ մարդը գիտակցում է իր ներաշխարհում փոթորկվող հույզերն ու ձգտումները, ապրումներն ու վիճակները, որոնք հնարավոր չէ վերբալիզացնել:

Փոփոխությունը նկարում փոփոխություն է նաև ներքինում, եթե անձը (կապ չունի` ինչ տարիքի) որոշ ժամանակ անց փոփոխություն է կատարում իր՝ նախկինում նկարած նկարում, դա նշանակում է, որ նրա ներսում նույնպես կատարվել է փոփոխություն, որն արտահայտվում է նկարի մեջ: Այս մեխանիզմը գործում է նաև արտթերապիայի այլ ճյուղերում:

Ծնողը կարո՞ղ է հարց տալ երեխային՝ նրա նկարած նկարի վերաբերյալ:

Հարցերն առանձնակի զգուշություն են պահանջում, դրանք պետք է լինեն չեզոք, առանց որոշակի դիրքորոշում պարտադրելու: Օրինակ՝ «Նկարել ես այս պատկերը, որովհետև տխո՞ւր ես»: Սա արդեն որոշակի դիրքորոշում, ուղղորդում է պարունակում իր մեջ, ինչը խրախուսելի չէ:

Նկարելու գործընթացի զարգացման տարիքային փուլեր կա՞ն:

Այո´, կան, եթե մինչև 3 տարեկանը երեխան խզբզում է, դա բնականոն է, իսկ եթե դրանից հետո շարունակվում է խզբզոցը, ապա ծնողը պետք է անհանգստանա, քանի որ 3 տարեկանում, երբ ձևավորվում է «ես»-ը, երեխան պետք նկարի մարդ, ապա` ընտանիքի անդամներին:

Արվեստը միշտ թերապիա է: Կոնտակտ հաստատելու համար նաև շատ է կիրառվում տիկնիկաթերապիան: Այստեղ խոսքը խանութից գնած տիկնիկի մասին չէ, այլ տիկնիկ ստեղծելու գործընթացի, քանի որ այն սկզբից մինչև վերջ խթանում է երեխայի «ես»-ի ճանաչմանը, և կապ չունի, թե ի´նչ նյութից կպատրաստվի տիկնիկը: Կարևոր է նրա ստեղծման գործընթացը, և թե ինչպես է երեխան խաղացնում այդ տիկնիկը: Այս ուղղությունը կիրառելի է` անկախ երեխայի սեռից:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.