accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Արմինե Սահակյան

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ | ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂ

Նոր երեխա ընտանիքում

0

Աղջիկս 11 տարեկան էր, տղաս, ով հաշմանդամություն ուներ, 6 տարեկան, երբ իմացա, որ երրորդ երեխային եմ սպասում: Ասել, որ խուճապի մեջ էի, նշանակում է ոչինչ չասել: Այնքան էի տարված տղայիս խնդիրներով, ամբողջ ժամանակս տրամադրում էի նրան և ինձ զգում էի ասես հանցագործ, դավաճան մեկը, ով դավաճանում է իր փոքրիկին, երեխային, ով այնքան ունի իմ կարիքը:

Իմ մեջ սկսեց կռիվ տալ երկու անձ` մեկը, ով դավաճանում էր իր երեխային, մյուսը, ով չէր կարող հրաժարվել իր սրտի տակ բաբախող սրտիկից: Մյուս կողմից էլ այն կարծրատիպը, թե այլևս չեմ կարող առողջ երեխա ունենալ: Եվ այսպես շարունակ՝ մտքեր, մտավախություններ:

Քիչ էր այն մարդկանց թիվը, ում դրական կարծիքն անչափ կարևոր էր ինձ համար: Բայց ամենակարևոր մարդու կարծիքն ու երրորդ երեխա ունենալու մեծ ցանկությունն ինձ սթափեցրեցին: Ամուսնուս հետ միասին որոշեցինք, որ մենք ունենալու ենք այս երեխային՝ ինչ էլ լինի:

Փորձությունները շարունակվում էին… Դժվարագույն հղիություն, բայց կողքիս էր ամուսինս, ով երեխայի նման խնամում էր ինձ: Ասես առաջին անգամ էինք ծնող դառնալու, որովհետև կայացրել էինք շատ լուրջ և պատասխանատու որոշում, իսկ մեր բոլոր մյուս ծրագրերն ու հեռանկարները մի պահ հետին պլան էին մղվել: Ընտանիքի բոլոր անդամների ուշադրությունն ինձ վրա էր սևեռված: Պարապմունքների գնում էինք երեքով, ամուսինս ինձ էր տանում, ես` տղայիս: Մինչև եկավ այդ օրը, որն ամբողջովին փոխելու էր ինձ, մեր ընտանիքը…

Ծնվեց իմ երրորդ բալիկը: Աշխարհն ասես փոխվեց մեկ վայրկյանում: Ուրախության աննկարագրելի պահեր, որոնք գլխիս թափվեցին: Հիշում եմ երեխաներիս ուրախությունը: Նոր էջ սկսվեց մեր կյանքում: Տղաս ասես միանգամից մեծացավ: Քանի որ նա վարքային խնդիրներ ուներ և շատ ակտիվ էր, բոլորն առաջինը հարց էին տալիս`«Հրաչյան ո՞նց է վերաբերվում եղբորը, հո չի՞ վնասում նրան»: Ո´չ, նա խնամում էր փոքրիկ եղբորը, երբ ես զբաղված էի լինում, շատ նուրբ ու քնքշանքով օրորում էր նրան, երբ լաց էր լինում, անմիջապես կանչում էր ինձ: Մի խոսքով, հոգ էր տանում նա, ում մասին միշտ մենք էինք հոգ տանում: Ես սկսեցի արդեն ավելի հանգիստ վերաբերվել նրա խնդիրներին, ու խնդիրներն ասես սկսեցին ավելի հեշտ լուծվել:

Հիմա ժամանակ է անցել, և ես չեմ դադարում մտածել, որ ամենաճիշտ որոշումը, որ կայացրեցի, երրորդ փոքրիկիս լույս աշխարհ բերելն էր: Նրանք հիմա երեքն են, միասին են, հոգ են տանում միմյանց մասին, բոլորն էլ հավասար պարտականություններ ու իրավունքներ ունեն, վիճում են, խաղում են միասին: Մենք որպես ծնող ամեն ինչ անում ենք, որ նրանք սիրեն ու հարգեն միմյանց, հավասար հոգ տանեն մեկը մյուսին. որովհետև դրա կարիքն ունեն բոլորը, և եթե օգնության կարիք կա, բոլորս պիտի օգնենք այն մեկին, ով ընտանիքում դրա կարիքն ամենաշատն ունի:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.