accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Զառա Ասկարյան

Լրագրող

Ջրաթերապիայի դրական կողմերը

0

Մեր զրուցակիցն է ջրային կինեզոթերապիայի մասնագետ Միսակ Դարբինյանը։

Ի՞նչ է ջրաթերապիան։

Ջրաթերապիան տարբեր ջերմաստիճաններում ջրում բուժումներ անելու գործընթացն է, այն թերապիայի տեսակներից է, որն օգնում է սովորել հեշտությամբ կատարել այն շարժումները, որոնք առօրյա կյանքում դժվարություններ են առաջացնում։

Ջրային թերապիա ասելով՝ հասկանում ենք նաև ուսուցման գործընթաց և հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների զարգացում ջրային միջավայրի պայմաններում, թերապիան նպատակ ունի վերականգնելու, ավելի բարձրացնելու կյանքի մակարդակը՝ նոր որակներ հաղորդելով դրան:

Ջրաթերապիայի օգտակարության մասին մարդկությանը հայտնի է եղել շատ վաղուց՝ դեռ Հին Եգիպտոսում խոսել են այդ մասին, հույն փիլիսոփա, բժիշկ Հիպոկրատը նշել է, որ ջրաբուժությունն օգնում է բազմաթիվ հիվանդությունների բուժմանը, երբ բոլոր մյուս միջոցները այլևս անզոր են:

Տաք ջուրը բարելավում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, ամրապնդվում է իմունային համակարգը, որն էլ իր հերթին շատ օգտակար է հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար:

Այն շարժումները, որոնք երեխան չէր կարողանում անել, ջրի մեջ նրան հաջողվում են։ Օրինակ՝ երեխան չի կարողանում ձեռքը ծալել, իսկ ջրի մեջ դա շատ հեշտ է ստացվում։ Եղել են դեպքեր, երբ երեխան չի կարողացել կանգնել, իսկ ջրում՝ պարապմունքների արդյունքում, հաջողվել է։ Այս ամենը բերում է նաև ինքնավստահության ավելացման։

Այսպիսով, կարող ենք նշել, որ ջրային թերապիան արդյունավետ է բոլոր հիվանդությունների դեպքում, ինչպես նաև՝ որպես կանխարգելիչ միջոց կարող են կիրառել բոլոր երեխաների համար։

Եթե երեխան վախենում է ջրից, ինչպե՞ս է դա հաղթահարվում։

Ջրից վախը շատերի մոտ է հանդիպում։ Սովորաբար առաջին 3-4 պարապմունքների ընթացքում աշխատում ենք վախը հաղթահարելու վրա։ Աշխատելով հիմնականում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների հետ՝ կարող եմ ասել, որ նրանք հիմնականում 3–4 պարապմունքներից հետո հաղթահարում են վախը։ Լինում են դեպքեր, երբ այդ ընթացքն ավելի երկար է տևում, բայց դրանք քիչ են։

Կա՞ն ջրաթերապիային վերաբերող որոշակի վարժություններ, որոնք ծնողները կարող են կիրառել տանը։

Տանը կարելի է կիրառել տաք ջրով լոգանքներ։ Տաք լոգանքները կարող են նպաստավոր լինել ոսկրամկանային համակարգի հետագա գործունեության համար:

Ո՞ր դեպքերում է արգելվում ջրաթերապիան։

Ջրաթերապիան արգելված է նյարդային ցնցումներ ունեցող երեխաներին, նաև բարձր ջերմության, մաշկային հիվանդությունների` սնկային, բաց վերքեր և այլն, դեպքում:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.