Օժանդակ սարքեր

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) անվճար ստացման և նորոգման իրավունք:
(«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք   )

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում՝ սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի:

Մինչև 18 տարեկան անձը և սայլակ, և լսողական սարք ստանալու դեպքում պետք է ունենա «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ: Երկու դեպքում էլ հարկավոր է նաև անձը հաստատող փաստաթուղթ: Մինչև  16 տարեկան երեխաների համար նրանց ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչ պետք է  ներկայացնի  իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը:

Սայլակ ստանալու համար անհրաժեշտ է, որ «հաշմանդամ երեխայի»  կարգավիճակ ունեցող անձը իր՝ անձը հաստատող փաստաթուղթը և   բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված վերականգնողական անհատական ծրագիրը  (ՎԱԾ) ներկայացնի  «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ: Եթե հաշմանդամություն ունեցող անձի փոխարեն փաստաթղթերը ներկայացնում է մեկ այլ անձ (ծնող, խնամակալ), ապա նա նույնպես պետք է ներկայացնի իր անձնագիրը սայլակը վերցնելու համար:

Լսողական սարք ստանալու համար մինչև 18 տարեկան և «հաշմանդամ երեխայի» կարգավիճակն ունեցող  անձը պետք է ներկայացնի աուդիոգրամայի փաստաթուղթ, բժշկական ստուգման թուղթ՝ սուրդոլոգի եզրակացություն, իհարկե նաև անձը հաստատող փաստաթուղթ:
Սայլակ կամ լսողական սարք անձը կարող է ստանալ 3 տարին մեկ անգամ:

Սայլակները տրամադրվում են «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ը, հասցե` Թբիլիսյան խճուղի 3/14:
Լսողական սարքերը ևս տրամադրվում են «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ը, հասցե` Ծարավ Աղբյուրի փողոց 55ա («Արթմեդ» բժշկական կենտրոն):

2007 թվականից նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնում է մինչև 18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանց եվրոպական արտադրության լսողական սարքերի տրամադրման ծրագիրը` 5 տարի ժամկետով: Եվրոպական լսողական սարքեր ստանալու համար մինչև 30 տարեկան անձինք վերը նշված փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Կինդ-Արտ», «Արֆա-Մեդ», եւ «ՍՎՍ Մեդիկալ» ՍՊԸ-ներին: