accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Արմինե Սահակյան

«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ | ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂ

Փոքր հաջողությունների գաղտնիքը

0

Մարդիկ, սպասելով մեծ հաջողությունների, մեծ փոփոխությունների, հաճախ չեն նկատում այն փոքրիկ ձեռքբերումները, որոնք անընդհատ են, ամենուր ու շատ հաճախ: Դա ավելի շատ խանգարում է մեզ՝ ծնողներիս, հատկապես այն ժամանակ, երբ ունենք հաշմանդամություն ունեցող երեխաներ, մեծ ջանքեր ենք գործադրում, շատ ժամանակ ենք նրանց տրամադրում և իհարկե սպասում ենք, որ նրանք կգնահատեն այդ ամենը ու մեզ կպարգևատրեն մեծ հաջողություններով:

Երբ տղաս գնաց դպրոց, ես մտածում էի, որ նա գոնե տարեվերջին կգրի ու կկարդա պարզ բառեր: Երբ առաջին դասարանն ավարտեց, ես հուսահատության շեմին էի: Իմ սպասումները չիրականացան, կրկնեմ մեկ անգամ ևս՝ իմ սպասումները:

Երկրորդ դասարան. իմ սպասումները դեռևս մնում են չիրականացված… Բայց մի օր, երբ հերթական անգամ խոսում էի ուսուցչուհու հետ տղայիս մասին, նա ասաց, որ որդիս շատ է փոխվել, զարգացել է նրա բանավոր խոսքը, որ կարողանում է պատմել դասը հարցերի օգնությամբ: Նա մեզ քաջալերեց այն բանի համար, որ տղաս շրջապատված է ուշադրությամբ, և մենք պարտաճանաչ կատարում ենք նրա հանձնարարությունները…

Սիրտս լցվեց ուրախությամբ, հուսահատությունը կամաց-կամաց տեղի տվեց: Երբ դպրոցից վերադառնում էինք տուն, ես ճանապարհին գովում էի նրան, ասում, որ ուսուցչուհին գոհ է իրենից, ու մենք պիտի առաջ գնանք, լավ սովորենք, ավելի կարգապահ դառնանք: Ու այս էմոցիոնալ զրույցի ընթացքում հանկարծ նկատեցի, որ տղայիս ձեռքն այնքան ամուր չեմ բռնել, որքան նախկինում, երբ նույնիսկ մատներիս հետքերը մնում էին նրա ձեռքին… Մենք որպես հասուն մարդիկ միմյանց հետ հանգիստ զրուցելով գնում էինք, ես հասկացա, որ շատ բան է փոխվել:

Ու քանի դեռ զբաղված էի տղայիս համար իմ ծրագրերը կազմելով, նա իր սեփական ճանապարհն է անցնում, իր ձեռքբերումներն ունի և, թեկուզ փոքր քայլերով, բայց առաջ է գնում… Իսկ ես քիչ էր մնում այդ ամենը չնկատեի, բաց թողնեի, չուրախանայի…

Այդ օրն իմ կյանքում շատ բան փոխվեց: Ես սովորեցի հեռահար ծրագրեր չկազմել, սովորեցի նկատել նույնիսկ չնչին հաջողությունները, բաց չթողնել անգամ փոքրիկ փոփոխությունները: Չէ՞ որ քանի դեռ սպասում ենք մեծ հաջողությունների, կարող ենք բաց թողնել փոքր, բայց մեզ թևեր տվող, առաջ մղող և երջանկացնող հաղթանակները…

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.