accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Երբ երեխան Դաունի համախտանիշ ունի

0

Դաունի համախտանիշը դատավճիռ չէ, և աշխարհում հազարավոր ծնողներ կարողանում են հաղթահարել բարդություններն ու աջակցել հաշմանդամություն ունեցող իրենց փոքրիկին։ Ինչի՞ց պետք է սկսել, երբ երեխան Դաունի համախտանիշ ունի։

Պետք է ընդունել փաստը

Դաունի համախտանիշի մասին սխալ տեղեկությունների, միֆերի պակաս չկա։ Շրջապատող մարդիկ էլ միշտ չէ, որ կարողանում են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել երեխայի ծնողներին։ Բժշկական եզրակացությունը լսելուց հետո կարող է խուճապ սկսվել։ Ճիշտ ինֆորմացիան վճռորոշ դեր ունի հետագա քայլերի ընդունման համար։ Նախկինում հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին կարծրատիպերն ավելի շատ էին։ Այսօր շնորհիվ ինֆորմացիայի հասանելիության, առողջապահության համակարգի զարգացման, շատ բան այլ է։ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի միջին տևողությունն աճել է մինչև 60 տարի, ավելի շատ երեխաներ են հաճախում դպրոց, մասնագիտություն ձեռք բերում և ինքնուրույն կյանք վարում։

Փաստն ընդունել նշանակում է տեղեկանալ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց առողջական, սոցիալական, հոգեբանական առանձնահատկություններին, ուսումնասիրել, թե ինչպես պետք է աջակցել նրանց և այլն։ Հայաստանում նրանց համար ծառայությունների մեծ բաց կա, բայց համացանցը կօգնի հասկանալու, թե ինչ կարող եք անել ձեր երեխայի կյանքի որակը բարելավելու համար։ Դաունի համախտանիշի բժշկական ու սոցիալական մոդելը հասկանալուց հետո այն արդեն դադարում է բացասական երանգ ունենալուց։

Ծանոթացեք այլ ծնողների հետ

Դուք, ձեր երեխան, ձեր ընտանիքը միակը չեք։ Բարդ չէ գտնել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողների։ Փնտրեք նրանց սոցիալական ցանցերում առկա խմբերում, հասարակական կազմակերպություններում, մանկապարտեզում, դպրոցում։

Նրանց հետ կարող եք մասնակցել փոխօգնության խմբերի հանդիպումների, ընկերանալ և սովորել, թե ինչպես կարելի է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին, ինչպես կազմակերպել նրանց ժամանցը, կրթությունը և այլն։ Սա շատ կարևոր կետ է, քանի որ հաճախ ծնողներին թվում է, թե իրենք մենակ են իրենց խնդիրների մեջ, իսկ ելք գտնելն անհավանական մի բան է։

Համապատասխան ինֆորմացիա հավաքեք

Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն այնպիսին են, ինչպիսիք մյուս երեխաները․ նա էլ կարիք ունի այցելելու բժշկի, հագուստ հագնելու, ընկերներ ունենալու, մանկապարտեզ, դպրոց հաճախելու, տոնելու ծննդյան օրը։ Քանի որ ձեր երեխան վաղ թե ուշ սկսելու է մանկապարտեզ, դպրոց հաճախել և օրվա մի մասն առանց ձեզ անցկացնել, ապա հարկավոր է պատրաստ լինել նրա խնամքը մյուսների հետ կիսելու։

Այն կարևոր բաները, որ պետք է իմանալ ձեր երեխայի համար, այն առանձնահատկություններն ու կարիքները, որ նա ունի, որպես ինֆորմացիա հավաքեք ու տրամադրեք ձեզանից բացի նրան խնամող մարդկանց՝ ընտանիքի անդամներին, մանկապարտեզի, խմբակների ու դպրոցի մասնագետներին։ Սա կարևոր է ձեր երեխայի խնամքը կազմակերպելու համար։

Սոցիալականացումը դարձրեք առաջնահերթություն

Թույլ զարգացած մկաններն ու այլ գործոններ կարող են պատճառ դառնալ, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ խոսքի խնդիր ունենան։ Լոգոպեդներն իհարկե կարող են օգնել, բայց դա մեկ օրվա կամ մեկ պարապմունքի հարց չէ։ Ժամանակ է հարկավոր։ Մինչև այդ ժամանակն անցնելը կարևոր է, որ երեխան սոցիալականացման խնդիրներ չունենա։ Կարևոր չէ, թե նա որքան «լավ» կամ «վատ» է հաղորդակցվում, կարևոր է ընկերներ ձեռք բերել, չէ՞ որ երեխաները մինչև խոսել սովորելն էլ կարողանում են միմյանց հետ լեզու գտնել։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն էլ կարող են և պետք է ընկերներ ունենան, շփվեն հասարակության մյուս անդամների հետ։ Սա կարևոր է նրանց զարգացման, ինքնուրույնության համար։

Նրան հաճախ տարեք այգի, խաղահրապարակ, պաղպաղակ ուտելու և այլն։ Պարզապես հիշեք, որ նա ամեն ինչից զատ ուղղակի երեխա է։

Ամեն բան կախված է նրանից, թե որքան արագ կկարողանաք ընդունել իրողությունն ու ճիշտ որոշումներ կայացնել։ Պարզապես փորձեք նրան հենց առաջին պահից և առաջին հերթին տեսնել որպես երեխայի։

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.