Ընտանեկան բժիշկ

Ընտանեկան բժշկությունը Հայաստանում ներդրվեց 1999-ին` առաջնային բժշկական սպասարկման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված պետական ռազմավարության շրջանակներում: Նոր համակարգը պատրաստում է բժիշկներ, որոնց գիտելիքները հնարավորություն են տալիս բուժել ամեն տարիքի հիվանդների ամենատարբեր հիվանդություններ: Քաղաքացիները կարող են ընտրել կամ ընտանեկան բժիշկ, կամ էլ նեղ մասնագետ:

Ընտանեկան բժշկության ամբիոններ են գործում Երևանի պետական բժշկական համալսարանում, Առողջապահության ազգային ինստիտուտում և բուժքույր պատրաստող բժշկական ուսումնարանում: Ընտանեկան բժիշկ դառնալ ցանկացողները պետք է ունենան բարձրագույն բժշկական կրթություն` թերապևտ կամ մանկաբույժ մասնագիտացմամբ: Նրանք կարող են դիմել երկու կլինիկական ամբիոններից մեկին և անցնել ընտանեկան բժշկի մեկ տարվա վերապատրաստում:

Ընտանեկան բժիշկն ընտանիքի անդամներին (անկախ նրանց տարիքից, սեռից, էթնիկական խմբից և կրոնական դավանանքից) առաջնային բժշկասոցիալական օգնություն ցուցաբերող շտապ օգնության ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող և համապատասխան մասնագիտացում ստացած բժիշկն է: Նա իրականացնում է առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, առաջնային բուժում և առողջության վերականգնում՝ հիմնվելով անհատի, նրա ընտանիքի, մասնագիտական ու սոցիալական պայմանների մասին իր գիտելիքների և իմացության վրա: Որպես ընտանեկան բժիշկ կարող է աշխատել այն մասնագետը, ով յուրացրել է տվյալ մասնագիտական որակավորմանը համապատասխան ուսումնական ծրագիրը և որակավորվել այդ մասնագիտությամբ:

Ընտանեկան բժիշկն իրականացնում է առաջնային բժշկական օգնություն անհատական, խմբային (այլ ընտանեկան բժիշկների հետ համատեղ) կամ թիմային (ընդգրկում է այլ մասնագետների, օրինակ՝ մանկաբույժ, գինեկոլոգ, ստոմատոլոգ և այլն) պրակտիկայի ձևով:Նա  կարող է իր գործունեությունն իրականացնել բժշկական հիմնարկներում՝ անկախ դրանց սեփականության ձևից, ինչպես նաև ծավալել մասնավոր պրակտիկա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Ընտանեկան բժիշկը (ընտանեկան բժիշկների խումբը) կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական ապահովագրական և բժշկական կազմակերպությունների հետ:

Ընտանեկան բժիշկն ընտանիքներին առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերում հավաքագրման սկզբունքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող ընտանեկան բժշկի գործունեությանը վերաբերող կարգի և մեթոդական ցուցումների:

Ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ, մասնակցում է ընտանիքի բժշկասոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:

Ընտանեկան բժիշկը ղեկավարվում է սույն դրույթներով և բնակչության առողջության պահպանման հարցերին վերաբերող իրավական ակտերով:  Նրա գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` որպես լիցենզավորող, ինչպես նաև պետական պատվեր տեղադրող մարմին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Առողջապահության նախարարի  2013 թ. սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի` ընտանեկան բժշկի գործունեությանը  վերաբերող դրույթները.

  • Ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և միջին բուժանձնակազմի կողմից սպասարկվող բնակչության թվերը կանոնակարգվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ազատ ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման:
  • Տեղամասային թերապևտը, տեղամասային մանկաբույժը, ընտանեկան բժիշկը, առնվազն ամիսը մեկ անգամ, համաձայն տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով հաստատված ժամանակացույցի, պարտավոր են այցելություն կատարել իրենց ընտրած կամ կցագրված գյուղական համայնքներ և տեղում (բուժակ-մանկաբարձական կետում) կատարել բնակչության ընդունելություն: Բժշկի այցելության փաստը վավերացվում է գյուղական համայնքի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
  • Անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դեղորայքային ապահովումն իրականացնում են տեղամասային թերապևտը, տեղամասային մանկաբույժը և ընտանեկան բժիշկը կամ որոշ հիվանդությունների դեպքում՝ համապատասխան նեղ մասնագետը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի N 74-Ն հրամանով հաստատված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի»:
  • Ուղեգրման գործընթացը կարգավորվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդների բուժման ուղեգրման կարգը և սպասարկման ձևերը հաստատելու մասին» N 211-Ն որոշման:

Օգտակար հղումներ՝

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա 

Ընտանեկան բժշկության զարգացման մասին

«Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» (ք. Աբովյան)

Վ. Աբաջյանի անվան  ընտանեկան բժշկության կենտրոն  (ք. Գյումրի)