Ներառական կրթություն

Ի՞նչ ասել է ներառական կրթություն

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար:

Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:

Չի կարելի ստեղծել ներառական կրթության համընդհանուր կաղապար, որը կարելի լինի առանց որևէ փոփոխության ներմուծել յուրաքանչուր հասարակություն: Ամեն մի հանրություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները:

Սակայն կան որոշ հիմնական սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնել ցանկացած միջավայրում: Ահա դրանք.

  • երեխաները հաճախում են տեղական` բնակավայրին մոտ գտնվող, մանկապարտեզ և դպրոց,
  • մեթոդիկան այնպիսին է, որ նպաստում է բոլոր երեխաների ուսուցմանը,
  • բոլոր երեխաները մասնակցում են բոլոր միջդպրոցական միջոցառումներին` մրցույթներ, ցերուկույթներ, էքսկուրսիաներ և այլն,
  • ներառական կրթության զարգացմանն օժանդակում են ուսուցիչները, ծնողները, առհասարակ, բոլոր նրանք, ում միջամտությունը կարող է այս կամ այն կերպ օգտակար լինել,
  • ներառական կրթությունն օգնում է կանխել խտրականությունը երեխաների նկատմամբ` սատարելով նրանց բոլորին` ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ չունեցողներին, իրենց` հասարակության լիիրավ անդամ լինելու գործում:

Պետք է հիշել`

– ներառական կրթության իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը հենվում են իրավահավասարության գաղափարի վրա. եթե մենք դա անում ենք ելնելով խղճահարությունից կամ բարեգործական մղումներից, երբեք չենք կարող անհրաժեշտ արդյունքի հասնել,

– բոլոր երեխաներն էլ կարող են սովորել. պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար,

– կան բազմաթիվ կրթօջախներ, որոնք աշխատում են ի շահ հաշմանդամություն ունեցող երեխաների և լավ են կատարում իրենց աշխատանքը: Եթե ներառական կրթության մեթոդաբանությունը մշակված է ողջ կրթական համակարգի համար, ապա ամեն մի երեխա կգտնի իր տեղն այդ համակարգում, և հնարավոր կլինի դպրոցում սովորելը համատեղ ընտանիքի գրկում ապրելու հետ:

Ինչո՞ւ է ներառումն անհրաժեշտ

Երեխաները, անկախ հաշմանդամություն կամ սովորելու դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում և վաղ սկիզբը հանրակրթական խաղախմբերում կամ մսուրներում, որոնց հաջորդում են միջնակարգ դպրոցն ու քոլեջը, լավագույն նախապատրաստությունն է ինտեգրված կյանքի համար:

Հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն նույն խմբին պատկանելու նույնպիսի իրավունք, ինչպես մյուսները: Առանձնացված ուսուցումը սահմանափակում է ինքնաարտահայտման իրավունքներն ու հնարավորությունները:

Ի՞նչ է անում ներառական կրթությունը

Նպաստում է հասարակության բոլոր անդամների հնարավորությունների հավասարեցմանը` հաստատելով, նոր հարաբերություններ և ստեղծագործական հնարավորություններ որոնք անցյալում անհնար էին: Ներառական կրթությունը մարդու իրավունք է, այն ապահովում է լավ կրթություն և սոցիալական առումով հիմնվորված է:

Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել միմյանցից: Բոլոր երեխաները պետք է կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատելու և պատրաստվելու կյանքին: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:

Ներառական կրթությունը Հայաստանում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված պրոֆեսիոնալ աջակցություն ցուցաբերելու գիտակցությամբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը: Այսօր արդեն ներառական կրթության «Հույսի կամուրջի» փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեցին ներառական կրթության քաղաքականությունը:

2005 թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Դրանով պետականորեն ճանաչվեց և ամրագրվեց նաև ներառական կրթությունը Հայաստանում:

Այսպիսով Հանրակրթության ոլորտը կարգավորվում էր երկու առանձին օրենքով, և օրենքի մակարդակում ներառում չկար, իսկ սովորական` հանրակրթական դպրոցում երկու առանձին գործընթաց էր գնում: Այդ իսկ պատճառով կարիք առաջացավ, որպեսզի օրենքները միավորվեն:

2014թ. դեկտեմբերի 1–ին փոփոխություն կատարվեց «Հանրակրթության մասին» օրենքում և ուժը կորցրած ճանաչվեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը:

Այդ փոփոխությամբ ՀՀ-ն հռչակեց ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք: Մինչև 2025 թ. Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական:

Օրենքի նոր փոփոխությունը ենթադրում է ներառական կրթությանն աջակցող եռաստիճան` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ներդրում, դպրոցի, մարզի և հանրապետության մակարդակներում:

Օրենքի փոփոխությամբ երեխայի անհատական ուսուցման պլանը սահմանվում է որպես իրավական փաստաթուղթ` հիմնված հանրակրթության պետական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի արդյունքների վրա:

Աղբյուրը` «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն