Ներառական կրթություն իրականացնող դպրոցներ

Ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է: Ներառական կրթությունն իրականացվում է երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով:

Ներառական կրթության քաղաքականության հիմքում երեխայակենտրոն մանկավարժությունն է: Մեթոդի էությունը յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների գնահատումն է և կրթության պրոցեսին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսումը: Մեթոդի կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում բազմամասնագիտական թիմի ստեղծումը, որի մեջ ներգրավված են երեխայի կրթության համար շահագրգիռ տարբեր մասնագետներ (ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ հոգեբան, լոգոպեդ), երեխայի ծնողը և թիմի համակարգողը:

Թիմը գնահատում է յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքները, հայտնաբերում է նրա առողջապահական և սոցիալական այն կարիքները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երեխայի կրթության վրա: Մշակվում է երեխայի ուսուցման անհատական պլան՝ ուղղված կարիքի բավարարմանը: Այսպիսով, մեթոդը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ համատեղ հանրակրթական դասարանում՝ անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրերով:

Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։

2014թ. դրությամբ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Հայաստանում գործում է  139 ներառական դպրոց Երևանում և մարզերում: