accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Հասմիկ Ազատյան

ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՈԳԵԲԱՆ

Հուզական զարգացումը և մանկիկի ու մեծահասակի փոխհարաբերությունները

0

Հարկ է նշել, որ մանկիկի ընկալման զարգացումը մեծապես պայմանավորված է շրջապատող աշխարհի տպավորություններով, և երեխային խնամող մեծահասակը պետք է ապահովի, բավարարի մանկիկի նոր տպավորությունների պահանջմունքը: Երեխային շրջապատող միջավայրը չպետք է լինի միօրինակ, միապաղաղ, քանի որ միատոն, անհետաքրքիր միջավայրում մեծացող երեխայի ընկալումն ու իմացական զարգացումն ավելի դանդաղ են ընթանում, քան այն մանկիկինը, որը մեծանում է հետաքրքիր, վառ, բազմազան միջավայրում և պայմաններում: Մանկիկության փուլում մենք խոսում ենք հիշողության տարրական դրսևորումների և, առաջին հերթին, ճանաչման մասին: Օրինակ` եթե մանկիկն ուշադրությամբ զննում է որևէ խաղալիք կամ տիկնիկ, ապա հաջորդ անգամ այդ խաղալիքը ցույց տալիս նա այն ճանաչում է: 3-4 ամսական երեխան կարողանում է տարբերակել ծանոթ և անծանոթ դեմքերը, սակայն այդ ճանաչումը դեռևս կայուն չէ: Օրինակ` մանկիկը ճանաչում է իր հորը կամ մորը, եթե նա իր սովորական հագուստով է, և կարող է նրան չճանաչել, եթե մայրը փոխի հագուստը կամ գլխարկ դնի: Իսկ ընդհանրապես երեխան արդեն 1 տարեկանում կարողանում է ճանաչել իր մորը լուսանկարով: 8 ամսականից հետո գրեթե 1 տարեկանում ի հայտ է գալիս հիշողության մեկ այլ դրսևորում` վերարտադրումը` հիշողության մեջ կերպարի վերականգնումը, երբ օբյեկտը կամ առարկան անմիջականորեն բացակայում է:

Մանկիկն ավելի շուտ է հասկանում մեծահասակների խոսքը, քան ինքը սկսում է խոսել: Մանկիկի խոսքային ռեակցիաները դրսևորվում են մոտ 2-3 ամսականից: Գղգղանքն ընթանում է տևական շնչառական մարզմանը զուգընթաց: Այն նպաստում է խոսքային շնչառության զարգացմանը: Իսկ արդեն 7 ամսականից, շնորհիվ մեծահասակների հետ շփման, մանկիկը սկսում է թոթովել, այսինքն` այդ գղգղանքի հնչյունները բազմապատկվում են` վերածվելով կրկնվող վանկերի շարանի (մա-մա-մա-մա): Թոթովանքն ընթանում է խոսքի լսողության հսկողության ներքո: Երեխան վանկն արտաբերում է, հետո ինքն իրեն ականջ դնում ու նորից կրկնում, ու այդպես` շարունակ: Ստացվում է կրկնվող վանկերի շարան: Հետագա ամիսների ընթացքում, նորից շնորհիվ մեծահասակների, երեխայի թոթովանքի մեջ մտնող վանկերը դառնում են նրա արտաբերած առաջին բառերի բաղկացուցիչ մասը, և արդյունքում երեխան խոսում է:

Մանկիկի ու մեծահասակի փոխհարաբերությունների շրջանում հուզական զարգացումն ընթանում է շնորհիվ երեխայի` մեծահասակների հետ ունեցած շփման: Կյանքի առաջին ամիսներին երեխայի մեջ դրսևորվում են մի շարք հուզական վիճակներ. լաց` կենսաբանական անբավարարվածության դեպքում, անհանգստություն, տագնապ` ֆիզիկական անհարմարության դեպքում, զարմանք` ինչ-որ նոր բան տեսնելիս, գոհունակություն` պահանջմունքների բավարարման դեպքում:

3-5 ամսականում երեխայի հուզական տրամադրվածությունն ու վերաբերմունքը մեծահասակների նկատմամբ ընտրողական բնույթ  ունի, այսինքն` ծանոթ դեմքեր տեսնելիս նա ուրախանում է, հրճվում, անծանոթ դեմքեր տեսնելիս` տագնապ ու վախ ապրում: Չնայած եթե անծանոթ մեծահասակը խոսում է երեխայի հետ, ժպտում նրան, ապա վերջինիս հուզական ուշադրությունը դառնում է ավելի դրական ու բարյացակամ:

Կարևոր է նշել, որ մոտ 7 ամսականում երեխայի մեջ ձևավորվում է հուզական ճաշակ անծանոթ մարդկանց նկատմամբ, այսինքն` համակրանքի և հակակրանքի զգացում: Սրա հետ մեկտեղ, հենց նույն ժամանակահատվածում երեխաների մեջ մեծանում են վախն ու տագնապը անծանոթ մարդկանց հանդիպելիս: Երեխաները հատկապես վախենում են անծանոթ մեծահասակների հետ մենակ մնալուց. կամ սողալով հետ են գնում, կամ գլուխը թաքցնում են ոտքերի մեջ, կամ պարզապես լաց լինում:

7-11 ամսականում, իսկ հետագայում` կյանքի 15-18 ամիսներին, երեխայի մեջ ի հայտ է գալիս մորից բաժանվելու, անջատվելու վախը: Երեխան լաց է լինում, երբ մայրը երկար ժամանակով հեռանում է, տագնապ է ապրում, երբ նրան չի տեսնում տեսադաշտում. երեխան աշխուժություն և ուրախություն է դրսևորում մորը տեսնելիս:

Պետք է նշել, որ կարևոր է զգալ երեխայի տրամադրությունը. եթե մենք հասկանում եք, թե ինչ է նա զգում, ապա կարող ենք նախօրոք կանխատեսել նրա ցանկությունները, որպեսզի նրա լարվածությունը թուլանա:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.