accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Ամուսնական զույգերը և հաշմանդամություն ունեցող երեխան

0

Ամուսնական կյանքը հարաբերությունների սկզբում որքան էլ քաղցր, հեքիաթային թվա, իրականում ուղեկցվում է մի շարք խնդիրներով, բարդություններով: Հատկապես երեխայի ծննդից հետո ամուսինների հարաբերությունները զգալի փոփոխություն են կրում՝ մեծանում են ընտանիքի հանդեպ պարտավորությունները, պատասխանատվությունը: Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնունդը հավելյալ կետեր է ավելացնում այս ամենին, քանի որ ի տարբերություն մյուս երեխաների՝ այս փոքրիկներն ավելի մեծ ուշադրության և խնամքի կարիք ունեն:

Հաշմանդամություն ունեցող երեխայի ծննդից հետո ամուսինների մոտ հաճախ փոխըմբռնման պակաս է նկատվում, շատ դեպքերում տղամարդը կնոջն է մեղադրում կատարվածի մեջ, երեխայի ամբողջ խնամքը թողնում նրա ուսերին ու կրավորական դեր ստանձնում ընտանիքում կամ էլ՝ հեռանում:

Ինչո՞ւ է երեխայի ծնունդը բաժանման առիթ դառնում, և ինչպե՞ս չհայտնվել միայնակ մոր կարգավիճակում։

Հարցի մասին իր կարծիքն ու դիտարկումներն է ներկայացնում հոգեբանական ծառայություններ մատուցող «Ապագա» կենտրոնի բժիշկ-հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Արմեն Բեջանյանը:

«Միշտ չէ, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծննդից ամիսներ կամ տարիներ հետո են ամուսիններն ամուսնալուծության, միմյանցից օտարանալու փաստի առաջ կանգնում: Շատ դեպքերում երեխայի լույս աշխարհ գալուն հաջորդում է ծնողների բաժանությունը:

Ուսումնասիրություններն այս դեպքերի համար նշում են հետևյալ գործոնը. նման փաստի առաջ կանգնած զույգերն առաջին ճգնաժամային փուլը չեն հաղթահարել: Յուրաքանչյուր ընտանիք իր ճգնաժամային փուլերն ունի, օրինակ`

  • նախաամուսնական շրջանը,
  • ամուսնական շրջանը,
  • համատեղ կյանքի առաջին տարին (մինչև երեխայի ծնունդը):

Այն խնդիրները, որոնք մինչև երեխայի ծնունդը լուծումներ չեն ստանում, տեղափոխվում են մյուս փուլ, այնտեղ գլուխ բարձրացնում ու ճգնաժամային երկու փուլերը միասին արդեն ավելի բուռն են արտահայտվում:

Մարդիկ հաճախ չգիտեն էլ այս փուլերի մասին, ու կենցաղային թեկուզ ամենաաննշան խնդիրը կարող է խթան դառնալ, որ ճգնաժամային փուլն իրենն ասի:

Այս թեման բազմաթիվ շերտեր ունի, խնդիրները շատ են, ու անկախ այն բանից` երեխան հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ, նրա ծնունդն ընտանիքում հաճախ բեկումնային է լինում: Դժվար չէ նկատել, որ բաժանությունների մի ստվար մասը կնոջ հղիության ընթացքում կամ երեխայի ծննդից հետո է գրանցվում:

Տղամարդիկ էլ կանանց պես կարիքներ ունեն, սպասելիքներ ու դերեր: Երբ ամուսինն աշխատանքային օրվա ավարտին տուն է գալիս ու չխնամված կնոջն է տեսնում, ում ուշադրության կենտրոնում միայն երեխան է, այս դեպքում երեխայի հաշմանդամությունը, բնականաբար, մեկ-երկու նման դեպքից հետո, վերջինիս օտարացնում է, քանի որ սպասելիքները չեն արդարանում: Տղամարդն էլ քնքշանքի, ուշադրության, աջակցության, փաղաքշանքի, ընկերական զրույցի կարիք ունի, նա կարիք ունի զգալու կնոջ ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Փոքրիկի ծննդից հետո կինն իր ուշադրությունը բևեռում է նրա վրա, ու տղամարդն ինքնըստինքյան երկրորդ պլան է մղվում: Բավական է, որ հայտնվի մեկ ուրիշը, ով ավելի ուշադիր կլինի նրա նկատմամբ, ավելի հմայիչ կլինի իր չխնամված կնոջից, և, բնականաբար, տղամարդու կարիքները նրան կտանեն այդ կնոջ մոտ:

Նման փաստի առաջ չկանգնելու համար անհրաժեշտ է.

  • մինչև ամուսնությունը լավ ճանաչել միմյանց,
  • լավ ընկերներ լինել,
  • չլռել խնդիրների մասին,
  • համատեղ լուծումներ գտնել դրանց համար,
  • գիտակցել ընտանիքի ամրության պահպանման կարևորությունը,
  • ընդունել, որ որևէ մեկը մեղավոր չէ երեխայի հաշմանդամության համար,
  • միասին փնտրել ու գտնել երեխայի խնամքի լավագույն տարբերակները,
  • սովորել ապրել հաշմանդամություն ունեցող երեխայի հետ,
  • ճանաչել ու ընդունել նրա անհատականությունը,
  • գիտակցել, որ մեկն եք այն բազմաթիվ ծնողներից, ովքեր խնամում են իրենց առանձնահատուկ փոքրիկներին:

Ամուսինների համատեղ կյանքի ճգնաժամային հաջորդ փուլերն են՝

  • երեխայի 7 տարեկանը,
  • համատեղ կյանքի 25-րդ տարին:

Մարդիկ չգիտեն, բայց այս փուլերը գոյություն ունեն, ու եթե նրանք իրազեկված լինեն, շատ բան հնարավոր կլինի կանխել:

Երեխայի հաշմանդամությունն իրականում փոքր դեր ունի այս հարցում: Այն պարզապես նոր խթան կարող է լինել հին ու չլուծված խնդիրների գլուխ բարձրացման գործում: Այնպես որ, երեխայի հաշմանդամությամբ պայմանավորել ամուսինների բաժանությունը՝ դիլետանտական մոտեցում կլինի»:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.