accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Այցելում ենք լոգոպեդին

0

Ինչ սպասել լոգոպեդի մոտ առաջին այցից

Լոգոպեդի հետ առաջին հանդիպումը շատ կարևոր է ձեր ու նրա հետագա համագործակցության համար:

Նախևառաջ մանրամասն պատմեք մասնագետին, թե ըստ ձեզ երեխան խոսքի ի՛նչ խնդիրներ ունի: Սա լոգոպեդին կօգնի ընտրելու երեխային զննելու ավելի ճիշտ եղանակը, ծրագրելու հետագա աշխատանքը: Հիշե՛ք, որ ցանկացած լոգոպեդի հետ աշխատանքը սկսվում է «Ընտանիքի պատմությունից»:

Զրույցի այդ մասում լոգոպեդը հարցեր կտա ձեր ընտանիքի, ժառանգականության մասին, որպեսզի հասկանա, թե ինչ սկզբնաղբյուր ունի երեխայի խնդիրը:

Մի՛ վախեցեք նրա հարցերին պատասխանելուց, հնարավորինս անկեղծ եղեք ու մի՛ թաքցրեք կարևոր փաստերը, որովհետև նույնիսկ աննշան թվացող դեպքերը, փաստերը կարող են օգտակար լինել ձեր երեխայի և լոգոպեդի շփման համար: Հիշե՛ք` դա բժշկական գաղտնիք է, և լոգոպեդն իրավունք չունի ձեր պատմածը հրապարակել կամ որևէ մեկին հայտնել: Մի՛ ամաչեք ձեր ընտանեկան խնդիրների մասին պատմելուց, քանի որ հաճախ հենց դրանք են պատճառը, որ երեխան բարդույթներ ունենա, ինչն էլ իր հերթին նպաստում է խոսքի ուշ կամ ոչ լիարժեք զարգացմանը:

Լոգոպեդի հետ զրույցի երկրորդ մասում պետք է պատմել նրան ձեր երեխայի ծննդյան ու վաղ մանկության մասին: Ներկայացրեք ձեր հղիության ընթացքը, ծննդաբերությունը: Այն, թե ինչպե՛ս էր վաղ մանկության շրջանում արձագանքում ձայներին, ե՛րբ սկսեց խոսել ու ինչպե՛ս էր արտաբերում բառերը:

Հանդիպման հաջորդ փուլը երեխայի խոսքի հետազոտությունն է:

Երեխայի խոսքի հետազոտությունը

Սովորաբար նախադպրոցական տարիքի երեխաների հետ լոգոպեդի պարապմունքները երկար են տևում: Սակայն առաջին հանդիպումը կարող է ավելի երկարել, հատկապես եթե ձեր երեխան դժվարությամբ է շփվում անծանոթ մարդկանց հետ: Լոգոպեդն ի՛նքն է որոշում` հետազոտությունը երբ սկսել: Շատ հնարավոր է, որ առաջին հանդիպմանը նա միայն զրուցի ձեզ հետ: Հնարավոր է նաև, որ ձեր փոքրիկը չցանկանա պատասխանել մասնագետի հարցերին, խաղալ նրա առաջարկած խաղերը: Դա բնական է, ու չպետք է երեխայի վրա բարկանալ, քանի որ նրանց մեծ մասն անծանոթների հետ իրեն հենց այդպես է պահում: Մի՛ անհանգստացեք, հատկապես փորձառու լոգոպեդները գիտեն, թե ինչպես արդյունավետ աշխատեն, ընկերանան փոքրիկների հետ:

Եթե երեխայի զննման ընթացքում մասնագետը որևէ խնդիր չի նկատում, կնշանակի ձեր երեխայի մոտ խոսքի զարգացումը ճիշտ է ընթանում: Կարող եք նրան խնդրել, որ ձեզ բացատրի, թե ինչպե՛ս կարելի է երեխայի խոսքի զարգացմանը նպաստել, դրա համար ի՛նչ վարժություններ ու խաղեր կան:

Եթե պարզվում է, որ երեխան խոսքի դժվարություն ունի

Բազմաթիվ ծնողներ են վախենում, երբ լսում են լոգոպեդի ախտորոշումը՝ դիսլեքսիա, կակազություն, դիսլալիա և այլն: Նշենք, որ սա բժշկական ախտորոշում չէ, այլ լոգոպեդիական եզրակացություն, որոնց առաջացման պատճառը կարող է հոգեբանական կամ սոցիալական լինել: Նման դեպքերում որոշակի ժամանակ երեխայի հետ կանոնավոր և արդյունավետ աշխատելու դեպքում հնարավոր է լավ արդյունքի հասնել:

Հիշե՛ք` աշխատանքի արդյունավետությունը միայն լոգոպեդից չի կախված, դուք էլ ձեր հերթին տանը պետք է զբաղվեք երեխայի հետ, օգնեք նրան կատարելու մասնագետի հանձնարարությունները: Եթե երեխայի խոսքի դժվարության առաջացման պատճառը, օրինակ` ձեր ընտանեկան խնդիրներն են, փորձեք շտկել դրանք կամ գոնե հեռու պահել երեխային այդ ամենից:

Մի՛ վախեցեք լոգոպեդի օգնությանը դիմելուց: Երբեմն մեկ այցն էլ բավական է պարզելու համար, թե արդյոք ձեր երեխայի խոսքի զարգացումն ընթանո՞ւմ է ճիշտ հունով, թե՞ ոչ: Ձեր մտավախությունները հաստատվելու դեպքում հնարավորինս շուտ դիմեք մասնագետներին, երբ երեխան դեռ 2-3 տարեկան է:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.