accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Բաներ, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը չպետք է մոռանա

0

Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողները ժամանակ առ ժամանակ հիասթափության, թուլության, շփոթության ու վախի զգացում են ունենում: Թվում է՝ միայնակ են ու ժամանակի հետ սեփական «ես»-ն ու անձնական կյանքն անտեսում են:

Բոլորակը փորձառու ծնողների հետ մի քանի կետով առանձնացրել է այն ամենը, ինչ պետք է հիշել, եթե հաշմանդամություն ունեցող երեխա ունեք:

  • Դուք միանակ չեք:

Հնարավոր է` ձեր երեխան հազվադեպ հանդիպող կամ եզակի խնդիրներ ունի, բայց վստահ եղեք, որ կան մարդիկ, ովքեր ևս նմանատիպ իրավիճակում են: Գտեք այդ մարդկանց: Շատերն անկախ իրենց բժշկական ախտորոշումից պահպանում են ներքին ուժը: Համացանցն այսօր կոտրում է ժամանակի ու տարածության արգելքը և կարելի է սոցցանցերի միջոցով ընկերներ ձեռք բերել: Բազմաթիվ խմբեր կան, որոնք հաշմանդամություն ունեցող ծնողներն օգտագործում են փորձի փոխանակման, քննարկումների կամ պարզապես շփման համար: Երբ ձեզ միայնակ եք զգում, բարձրաձայնեք այդ մասին ու վստահ եղեք, որ աջակիցներ կգտնեք, կհասկանաք, որ միայնակ չեք:

  • Դուք ևս արժանի եք հոգածության:

Անկախ ամեն ինչից, դուք պարտավոր չեք անընդհատ հոգ տանել մյուսների մասին: Այո, անտարբեր չեք նրանց նկատմամբ, բայց դուք ևս արժանի եք հոգատարության: Ընկերներին կամ ընտանիքի անդամներին երբեմն դիմեք փոքրիկ խնդրանքներով: Ժամանակ տրամադրեք և ձեզ հաճելի գործով զբաղվեք, խնամեք ինքներդ ձեզ: Ինչ էլ որ լինի՝ ձեզ յուրահատուկ զգալու հնարավորություն տվեք և հաճույք ստացեք դրանից:

  • Դուք սուպերհերոս եք:

Այո´, դուք չեք կարող մեկ ցատկով իջնել բարձրահարկ շենքից, բայց դուք սուպերհերոս եք… այլ իմաստով: Ամեն օր դուք հանդիպում և հաղթահարում եք այնպիսի իրավիճակներ, որոնք մյուս ծնողներին անհաղթահարելի են թվում: Դուք երեխայի հետ եք բժշկական միջամտությունների ժամանակ: Հաճախ երեխայի կամակորության, նյարդային պոռթկումների ականատեսն եք ու երբեմն ինքներդ չեք կարողանում կառավարել նյարդերը: Երբեմբ լարում եք ձեր մկանները, մտապահում եք դեղամիջոցների ներարկման կամ ընդունման ժամերն ու հերթականությունը: Դուք շարունակում եք քաջալերել երեխային, երբ նա կատարում է բժշկի ցուցումները: Հավատացած եղեք, որ առանց ձեր հավատի ոչինչ չի ստացվի: Դուք և´ բժիշկ եք, և´ ընկեր, և´ վստահելի մարդ: Դուք սովորական ծնող չեք:

  • Թերապիան խաղ է:

Բարդ է մի քանի ժամ սպասել, մինչև երեխան ավարտի բժշկական թերապիան: Բուժհաստատության միջանցքներում ժամեր անցկացնելու փոխարեն կարելի է որոշ վարժություններ տանը կատարել: Երեխայի համար թերապիան խաղ է, խաղը՝ թերապիա: Կարելի է օգտագործել այն խաղերը, որոնք ձեր երեխային դուր են գալիս, անել այն, ինչ հաճելի է նրան ու կարող է օգտակար լինել: Խաղը հետաքրքրում է երեխաներին, ու նրանք չեն էլ նկատում, որ իրականում դուք բոլորովին այլ նպատակ ունեք: Օրինակ` լողալը, ձյան վրա սահելը, հրաձգությունը խաղեր են, բայց կարող են նաև թերապիա դառնալ: Ձեր երեխան և´ կզվարճանա, և´ ավելի ուժեղ կդառնա:

  • Ժամանակ գտեք ձեր երեխայից հաճույք ստանալու համար:

Դուք սուպերծնող եք ու, որպես կանոն, շատ լարված օրակարգ ունեք: Բայց որքան էլ զբաղված լինեք, ժամանակ գտեք երեխայի հետ խաղալու, նրա հետ ծիծաղելու, հիմար կատակներ անելու և պարզապես նրան վայելելու համար: Կարդացեք նրա համար, ինչ-որ համատեղ գործողություն կատարեք և փորձեք հիվանդասենյակից դուրս հիշողություններ կերտել:

  • Միշտ չէ, որ ճիշտ պատասխան կգտնեք:

Շատ դեպքերում դուք ստիպված եք առանց ճիշտ պատասխանն իմանալու որոշում կայացնել, ընտրություն կատարել: Դուք լավագույնն եք ընտրում, բայց միշտ չէ, որ դա է ճիշտը: Անկախ նրանից, թե քանի անքուն գիշեր կանցկացնեք որևէ իրավիճակի համար ճիշտ լուծում փնտրելով, հաճախ կարող եք պարզապես չգտնել ճիշտ պատասխանը:

  • Ներեք ինքներդ ձեզ:

Այո´, հաճախ նույնիսկ լավագույն մտադրություններն ունենալով` դուք կարող եք որոշ բաներ ձախողել: Ինքներդ ձեզ տանջելով սակայն գործին օգուտ չեք տա ու ոչ էլ կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Հիշեք, որ կարևորագույն հարցերից շատերը ճիշտ պատասխաններ պարզապես չունեն:

  • Պահպանեք հումորի զգացումը:

Մարդկանց խոսքերը երբեմն անջնջելի հետք են թողնում, բայց հարկավոր է ըմբռնող լինել, քանի որ հակառակ դեպքում ձեր շրջապատը կամաց-կամաց կարող է փոքրանալ: Երևի ինքներդ հանդիպած կլինեք այնպիսի ծնողների, ովքեր ասում են, թե ձեր վիճակում սրտի կաթված կստանային: Հումորով վերաբերվեք: Մի´ մոռացեք, որ նրանք իրականում ձեզ վիրավորելու մտադրություն չունեն:

  • Ծնող լինելը բարդ է: Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող լինելը` առավել բարդ:

Հաշմանդամություն ունեցող երեխա մեծացնելը ձեզ կարող է ավելի կրքոտ, կյանքն ավելի հետաքրքիր դարձնել: Խնդիրների հետ նաև պարգևներ են գալիս: Երբեմն պետք է սրտի խորքում փնտրել պարգևը: Պետք է հավատաք, որ դրանք կան, եթե ցանկանաս տեսնել:

  • Մի´ կորցրեք ինքներդ ձեզ:

Թույլ մի´ տվեք, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող լինելու հանգամանքը դառնա ձեր էությունը: Այո´, ձեր կարգավիճակն ազդեցություն ունի ձեր էության վրա, բայց այն չպետք է առաջնային լինի: Երբ դուք ամբողջությամբ կենտրոնանում եք ձեր երեխայի ու նրա խնդիրների շուրջ, ձեր սեփական «ես»-ը, ձեր էությունը հետին պլան են մղվում: Մի´ դադարեք անել այն, ինչ հաճելի է ձեզ, զբաղվե´ք սիրելի աշխատանքով, տեղ հատկացրեք ձեր հոբբիին, ապրեք նաև ձեր կյանքով:

  • Մի´ համեմատեք:

Բոլոր երեխաները տարբեր են, սակայն եթե նկատում եք, որ ձեր երեխան զարգացման որոշակի փուլում բացթողումներ ունի, դիմե´ք համապատասխան մասնագետի: Մի´ համեմատեք նրան ձեր քրոջ, եղբոր, հարևանի կամ ընկերուհու երեխաների հետ: Ձեր երեխան առանձնահատուկ է ու սեփական ուժեղ և թույլ կողմերն ունի:

  • Տոնեք փոքրիկ առիթները:

Հպարտացեք այն աննշան թվացող հաջողություններով, որոնք ձեր երեխայի համար իրականում հսկայական նշանակություն ունեն: Հաշմանդամություն ունեցող փոքրիկները զարգանում են յուրովի, ի տարբերություն մյուս երեխաների, նրանք հաճախ ավելի ուշ են այս կամ այն երևույթը ճանաչում, բայց կան բաներ, որ այդպես էլ մութ են մնում նրանց համար: Մի բառ, մեկ նախադասություն, ժպիտ, համբույր ու գրկախառնություն… սրանք լավագույն պարգևն են ձեր փոքրիկի համար: Նա այնքա՜ն ունի ձեր աջակցության կարիքը, ցույց տվեք, որ հպարտանում եք նրանով:

  • Մյուս ծնողներին թույլ մի´ տվեք կոտրել ձեզ:

Շատ ծանր է ծնողներից լսել, որ իրենց երեխան արդեն քայլում է, ինքնուրույն ինչ-որ գործողություններ է կատարում, այն դեպքում, երբ ձեր փոքրիկը դեռ հեռու է դրանից: Ծանր է անծանոթին պատասխանել, թե ձեր 2-ամյա երեխան ինչու է դեռ սայլակից օգտվում: Հիշեք, որ այդ ծնողներին անծանոթ է իրավիճակը, որին ամեն օր բախվում եք: Համբերատար եղեք, բացատրեք, կրթեք, իրազեկեք նրանց: Հիշե´ք, որ այդ ծնողներն էլ իրավունք ունեն հպարտանալու իրենց երեխաների ձեռքբերումներով ու որևէ բան ձեզ վիրավորելու համար չեն ասում:

  • Ժամանակ հատկացրեք ամուսնական հարաբերություններին:

Ամուսնությունը բարդ աշխատանք է, երեխաների դաստիարակությամբ զբաղվելը` ևս: Երբ այդ ամենին գումարվում է հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը, ամեն ինչ ավելի է ծանրանում, քանի որ նրանք կրկնակի ուշադրության կարիք ունեն: Ձգտեք ամուսնական հարաբերություններին ժամանակ տրամադրել, երեխաներին հեռու պահել այդ շրջանակից: Մայր լինելուց զատ դուք նաև կին եք:

  • Վստահե´ք ձեր բնազդին:

Դուք ձեր երեխային բոլորից լավ եք ճանաչում: Եթե զգում եք, որ երեխայի բժիշկները կամ ուսուցիչները չեն բավարարում նրա կարիքները, շատ տրամաբանական է, որ երկրորդ կարծիքի կարիք կունենաք: Մի´ վախեցեք ձեր երեխայի համար պայքարելուց: Այն ժամանակ, երբ մասնագետներն իրենց տարածքում են աշխատում, մի´ մոռացեք, որ դուք եք ձեր երեխայի լավագույն փորձագետը: Վստահե´ք ձեր բնազդին:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.