Գնում ենք մանկապարտեզ
Հաշմանդամություն ունեցող երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու կարևորության, դժվարությունների և դրանք հաղթահարելու ուղիների մասին զրուցել ենք հոգեբան, «Գոյ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Հասմիկ Հակոբյանի հետ:
- Ի՞նչ մտավախություններ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները երեխաներին մանկապարտեզ տանելիս։
Ծնողները հաճախ մտածում են, որ երեխան դեռ փոքր է և չի կարող առանց իրենց օգնության որևէ բան անել: Երեխան մեծանալով գերհոգատար միջավայրում (հայերի մոտ հաճախ ենք հանդիպում գերխնամքի երևույթին)՝ կարող է հետագայում դժվարություններ ունենալ հասարակության մեջ: Հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում այս խնդիրն ավելի է սրվում։ Քանի որ ծնողները ոչ միայն անհանգստացած են երեխայի ինքնուրույնության հարցով, այլ նաև հաճախ ունեն մտավախություն, թե ինչպես կընդունեն իր երեխային հասակակիցները, ապա այս մտահոգությունները մանկապարտեզից խուսափելու պատճառ են դառնում։ Մանկապարտեզ հաճախած և չհաճախած երեխաների տարբերությունն առավել ակնհայտ զգացվում է առաջին դասարանում. մանկապարտեզ հաճախած երեխաները շատ ավելի հեշտ են ինտեգրվում դպրոցում:
– Ծնողներն ինչպե՞ս կարող են նպաստել երեխաների ներառման գործընթացին։
Մանկապարտեզի ներառման գործընթացը ենթադրում է համալիր համագործակցություն բոլոր այն անձանց միջև, ովքեր կապող օղակ են երեխայի հետ: Մանկապարտեզի դաստիարակը, հոգեբանը պետք է աջակցեն ներառման գործընթացին, սակայն այստեղ փոքր չէ նաև ծնողի դերը։ Ծնողն իր հերթին կարող է դիմել մի շարք հնարքների, ինչը հաճելի կդարձնի երեխայի հաճախումը մանկապարտեզ: Օրինակ՝ տանը կարելի է կազմակերպել դերային խաղեր, հասկանալու համար, թե երեխան իրեն ինչպես է զգում մանկապարտեզում: Կարող են խաղալ «մանկապարտեզ» խաղը, որտեղ ծնողը կլինի երեխայի դերում, իսկ երեխան՝ դաստիարակի, կամ՝ հարաբերությունները պարզող խաղեր, «իմ լավագույն ընկերը» և այլն: Խաղի ընթացքում ուշադիր լինելու դեպքում կարելի է տեսնել երեխայի մտավախությունները կամ հարաբերությունները շրջապատի մեջ: Նմանօրինակ դերային խաղեր կարելի է կազմակերպել նաև մինչև մանկապարտեզ հաճախելը՝ երեխայի նախատրամադրվածությունը հասկանալու համար: Կարելի է նաև հեքիաթների միջոցով աշխատել դրական տրամադրվածության հետ։ Եթե երեխան ունի որևէ սիրած հեքիաթի հերոս, ապա հեքիաթում կարելի է կառուցել մանկապարտեզի իրավիճակ, որտեղ դրական կերպարը բարի է և պատրաստ է օգնելու, կամ` այդ կերպարը ընկերասեր է և ինքնուրույն, ապա այդ կերպարի դրական գծերը զուգահեռ տանել երեխայի կերպարի, նրա ընկերների կամ այն անձի հետ, ում հիշեցնում է իրեն:
Ներառման գործընթացում ցանկալի է ներգրավել նաև երեխայի համար հեղինակավոր անձի: Օրինակ՝ եթե տղա երեխայի համար տղամարդու իդեալ է հայրը (այդ տարիքում հիմնականում ընդօրինակում են տան անդամներին), ապա կարելի է ցույց տալ հերոս հայրիկի անցած ուղին, ինչու չէ, նաև ցույց տալ մանկապարտեզի լուսանկարները, հատկապես եթե այդ կադրերում զվարճալի պահեր կան, պատմել դրանց մասին, այսինքն` դրական հուզական կապ ստեղծել «մանկապարտեզ» բառի հետ:
– Եթե մանկապարտեզում կան այնպիսի երեխաներ, որոնց ծնողները որոշ պիտակներ են կպցնում հաշմանդամություն ունեցող երեխաներին և խոչընդոտում են իրենց երեխաների և նրանց շփումը, ինչպե՞ս վարվել այս դեպքում։
Այս կարգի խնդիրները ծագում են, երբ ծնողը ցանկանում է «պաշտպանել» իր երեխային, բայց նախևառաջ նա պետք է գիտակցի, որ ոչ ոք ապահովագրված չէ, և այն խնդիրները, որոնք ունեն իր շրջապատի մյուս ծնողները, չի բացառվում, որ գուցե մի օր իրենք էլ կառերեսվեն դրանց հետ: Երկրորդ՝ զարգացած, հումանիստ և կարեկից անձնավորությունը ավելի շատ կփնտրի ելքեր, որպեսզի հարթի հաղորդակցման խոչընդոտները և իր օրինակով դաստիարակի երեխային: Պետք է նշել, որ եթե մանկապարտեզում այս հարաբերությունները ճիշտ կառուցվեն, ապա երեխան հետագայում ավելի հեշտ կինտեգրվի սոցիումի մեջ և կկառուցի իր հարաբերությունները շրջապատի հետ։ Հոգեբանների, դաստիարակների աշխատանքը այստեղ առաջնային է և կարևոր ծնողների դիրքորոշման համար։
– Ընտանիքում կարող են վեճեր լինել, եթե ծնողները ցանկանում են երեխային մանկապարտեզ տանել, սակայն տատիկ-պապիկները համաձայն չեն։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում։
Այս դեպքում պետք է խոսել և հասկանալ նրանց բացասական դիրքորոշման պատճառները: Փորձել խոսել ակնառու փաստերով. կոնկրետ երեխաների օրինակներ բերել, ովքեր գնացել են մանկապարտեզ և ովքեր՝ ոչ , խոսել նրանց տարբերության մասին։ Ի վերջո, տատիկ-պապիկները կարող են իրենք երեխային մանկապարտեզ տանել և համոզվել թոռնիկի անվտանգ և ապահով միջավայրի առկայության մեջ: