accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Դասընկերներս կանգնեցին մեջքիս

0

Ալեքսանդր Բարասո. Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ

6 տարեկան էի, երբ սկսեցի Նյու Յորքում ներառական դպրոց հաճախել: Ժամանակիս մեծ մասը դպրոցում էի անցկացնում`մյուս աշակերտների հետ, ովքեր ի տարբերություն ինձ տեսնում էին: Օրական մեկ-երկու ժամ էլ հատուկ մանկավարժի հետ էի պարապում, ով ինձ օգտակար հմտություններ և բրայլյան համակարգն էր սովորեցնում: Ինչո՞ւ ինձ դա հաջողվեց. որովհետև դպրոցը պատրաստ էր ընդունելու ինձ: Ուսուցիչներս և դպրոցի ղեկավարությունը չափազանց աջակից և պատրաստակամ էին ինձ օգնելու: Մյուս կողմից էլ` կրթության խորհուրդը, որը քաղաքային իշխանության մի մասն է, ապահովում էր ինձ անհրաժեշտ բոլոր նյութերը՝ հատուկ մասնագիտացված դասագրքերը:

Ես ներառական կրթության կողմնակից եմ, բայց կարևոր նշանակություն ունի նաև այն, որ դպրոցը, ուսուցիչները, վարչական աշխատակազմը պատրաստ լինեն ապահովելու այն բոլոր աջակցող ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ինձ նման աշակերտին ներառական դպրոցում կրթություն ստանալու համար: Կարծում եմ, որ եթե նույնիսկ մեկ հաշմանդամություն ունեցող աշակերտ է ընդգրկվում ներառական դպրոց, և վերջինս պատրաստ չէ աշակերտին ընդունելու, ապա ներառական կրթության փորձը ձախողվում է: Ուսուցիչները պետք է աջակցող լինեն և քննադատաբար գնահատեն շրջապատը, վերլուծեն, թե ի´նչ մոտեցում է հարկավոր տվյալ աշակերտին: Դպրոցն ինքը կարող է անհրաժեշտ նյութերով աշակերտին ապահովել, իսկ եթե դրանք չկան, օգնության համար կարելի է դիմել կա´մ մասնագիտացված դպրոցներին, կա´մ համայնքին:

Հաշմանդամություն չունեցող աշակերտները պետք է ողջունեն հաշմանդամություն ունեցող աշակերտի դասարան մտնելը, բաց սրտով դիմավորեն և ներգրավեն բոլոր աշխատանքներում, միջոցառումներում, այնպես, ինչպես մյուսներին: Երբ տարրական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ էի, ուզում էի ընդգրկվել նվագախմբում, ինչ-որ գործիք նվագել: Դասընկերներիցս շատերի հետ ես էլ ստուգողական փուլն անցա, բայց նվագախմբի ղեկավարն ինձ չէր ուզում ընդունել, քանի որ մինչ այդ կույր երեխայի հետ չէր աշխատել: Գիտեք` ինչ եղավ, դասընկերներս կանգնեցին իմ մեջքին: Նրանք գնացին նվագախմբի ղեկավարի մոտ և ասացին, որ առանց ինձ իրենք էլ չեն մասնակցի խմբի պարապմունքներին: Իսկ առանց նրանց չորրորդ դասարանի նվագախումբը չէր կազմվի: Քանի որ այլընտրանք չունեին, ինձ ընդունեցին խմբի կազմում: Ի վերջո, ես դարձա նվագախմբի լավագույն շեփորահարներից մեկը:

Դեռ տարրական դպրոցում էի սովորում, դասընկերներիցս մեկն ընդունվեց քոլեջ ու դարձավ ուսանողական խորհրդի անդամ: Նա որոշեց, որ դպրոցում պետք է հաշմանդամության իրազեկման ակցիա անցկացվի: Հիմնական թեման կուրությունն էր, քանի որ նրանք ինձ էին ծանոթ, ինձ հետ էին շփվել: Իրազեկման օրը ուսանողները քոլեջ էին եկել փակ աչքերով, օգտագործել էին նաև սպիտակ ձեռնափայտ, որ սովորաբար կույրերն են օգտագործում, եկել էին ուղեկցողի հետ, ինչը նույնպես բնորոշ է տեսողության խնդիրներ ունեցող անձանց:

Կյանքի նկատմամբ երեխայի դրական վերաբերմունքը պահպանելու հարցում ուսուցիչները կարող են կարևոր դերակատարություն ունենալ, բայց դրա ձևավորումն առաջին հերթին սկսվում է ընտանիքից: Կարևոր է, որ երազանքներն իրականացնելու գործում ծնողները խրախուսեն հաշմանդամություն ունեցող երեխային: Ընտանիքի խնդիրն է ոգեշնչել, հաշմանդամություն ունեցող երեխայի մեջ արմատավորել այն մոտեցումը, որ նա ցանկության դեպքում հաջողության կհասնի: Երբ հեծանիվ քշելու, դրսում խաղալու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու ցանկություն էի ունենում, ծնողներս լավ էին արձագանքում և ասում՝ ինչու չէ, կարող ես: Ավելի ուշ իմացա, որ նրանք իրար հետ բավական երկար վիճել են՝ արդյոք արժի՞ ինձ հեծանիվ նվիրել, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցին նվիրել՝ միաժամանակ հասկանալով, որ պետք է ինձ ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի կարողանամ ապրել այն աշխարհում, որտեղ ապրում են տեսնող մարդիկ:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.