accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Եթե երեխան շաքարային դիաբետ ունի

0

«Շաքարային դիաբետ» ախտորոշումը կարող է նախևառաջ շոկ առաջացնել ոչ թե հենց երեխայի, այլ իր ծնողների մեջ: Երեխան շատ հաճախ կարող է նույնիսկ չգիտակցել, թե ինչ է կատարվում իր օրգանիզմում, և ինչ բարդություններ կարող են լինել: Երկրորդ պահին առաջ է գալիս «ինչո՞ւ»-ն: Ծնողների համար պարզ չի, թե ինչո՛ւ է հենց իրենց փոքրիկի մոտ շաքարային դիաբետ հայտնաբերվել: Հաճախ նրանք չեն հաշտվում բժշկի ախտորոշման հետ ու փորձում են այլընտրանք գտնել` դեղորայքից ու բուժօգնությունից խուսափելու համար: Սակայն նման պահվածքը ոչ միայն չի օգնի, այլև կվնասի երեխային:

Քանի որ ինքը` երեխան դեռ չի գիտակցում, թե ինչ է կատարվում, և ինքն ինչ խնդիրներ ունի, շատ կարևոր է, որ ծնողները նրան սովորեցնեն, թե ինչպես պետք է հետևի իր օրգանիզմին, առողջությանն ու հետագայում ինչպես ճիշտ պլանավորի իր կյանքը ինքնուրույն լինելու համար:

Շաքարային դիաբետի նախանշանները

Հետևյալ նախանշանների դեպքում անհրաժեշտ է երեխային հետազոտության տանել`

  • ծարավի զգացում (երեխան սկսում է սովորականից շատ հեղուկ օգտագործել և մեկ բաժակ ջրի կամ հյութի փոխարեն կարող է միանգամից մի ամբողջ շիշ խմել),
  • գիշերամիզություն,
  • չնայած լավ ախորժակին` երեխան աստիճանաբար նիհարում է,
  • ակտիվության նվազում, թուլության զգացում, ցերեկը քնելու ցանկություն:

Շաքարային դիաբետի ժամանակ օրգանիզմում պակասում է ինսուլինի քանակը, ու արյան մեջ եղած գլյուկոզը «չի օգտագործվում», իսկ բջիջները սկսում են «քաղցել», և որպես էներիգիայի աղբյուր շաքարի փոխարեն օրգանիզմում առկա ճարպն են օգտագործում: Հենց դրա համար էլ երեխայի քաշի նվազումը որպես նախանշան է դիտվում:

Բջիջներում ճարպի այրման պարագայում ավելի շատ է արտադրվում այսպես ասած կետոնային մարմինը, որը հետո մեզի հետ ացետոնի տեսքով դուրս է գալիս: Եթե բուժումը չսկսվի, երեխայի մոտ կարող է «դիաբետիկ կետոացիդոզ» սկսվել:

Միակ դեղամիջոցը, որ կարող է երեխային օգնել, ինսուլինն է: Հարկ եղած դեղաչափով ինսուլինի ամենօրյա ընդունումը միանգամայն բավարար է երեխայի լիարժեք կյանքի ապահովման համար: Նա կարող է դպրոց, համալսարան գնալ, կարիերա ստեղծել ու ընտանիք կազմել, երեխաներ ունենալ մյուս բոլոր մարդկանց պես:

Երեխաների մոտ շաքարային դիաբետի առաջացման պատճառները

Որքան էլ բժշկությունը զարգանում է, միևնույն է` այս հարցի հստակ պատասխանը առայժմ չկա: Հայտնի է սակայն, որ շաքարային դիաբետ ձեռք բերելու մեջ էական դեր ունի նաև ժառանգականությունը: Սակայն դա չի նշանակում, որ շաքարային դիաբետ չունեցող ծնողների երեխաները չեն կարող այդ խնդրին բախվել: Կյանքի ընթացքում ունեցած սթրեսները, տարատեսակ ինֆեկցիաները և մի շարք այլ պատճառներ նույնպես կարող են շաքարային դիաբետ առաջացնել:

Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե շաքարի քիչ օգտագործումը կարող է երեխաներին հետ պահել դիաբետից, ապա դա այդպես չէ: Պարզապես այն ընտանիքները, որտեղ արդեն կա շաքարային դիաբետ ունեցող մարդ, որպես ռիսկի նվազեցման միջոց արգելում են երեխաներին շատ քաղցրավենիք, կոնֆետ, խմորեղեն ուտել:

Նոր կենսակերպ

Լիարժեք կյանքով ապրելու համար երեխան պետք է սովորի ինքնուրույն վերահսկել իր օրգանիզմը, կանոնավոր հետազոտվի` արյան մեջ գլյուկոզի մակարդակը որոշելու համար, հետևի սննդակարգին ու ֆիզիկական ակտիվությանը և, կախված հետազոտության արդյունքից, կարողանա կարգավորել ինսուլինի ընդունման դեղաչափը:

Պետք է երեխաներին սովորեցնել, թե որքան կարևոր է առողջ սնունդը: Կարևոր է, որ երեխան հասկանա ու բացառի շաքարի օգտագործումը:

Անհրաժեշտ է, որ երեխան սպորտով զբաղվի, որպեսզի այդպես կարողանա ապահովել մարմնի ֆիզիկական ակտիվությունը: Շաքարային դիաբետն ամբողջ օրը տանը մնալու, անկողնում պառկելու հիմք չէ: Ֆիզիկական վարժություններն իջեցնում են արյան մեջ պարունակվող գլյուկոզի քանակը, երեխայի մկաններն ավելի են զարգանում, մեծանում է թոքերի ծավալը:

Այս ամենից բացի կարևոր է նաև երեխայի հոգեբանական վիճակը: Ֆիզիկական վարժություններն օգնում են երեխաներին ձերբազատվելու սթրեսից ու վատ տրամադրությունից, բարձրացնում են ինքնագնահատականը:

Պետք է հիշել, որ շաքարային դիաբետը դատավճիռ չէ, ու հազարավոր մարդիկ լիարժեք կյանքով են ապրում, կրթություն ստանում, աշխատանք ձեռք բերում ու ընտանիք կազմում: Շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողները առաջնային պետք է դարձնեն հոգեբանական կողմը: Նրանք պետք է երեխայի մեջ լիարժեքության զգացում ստեղծեն, որպեսզի իր ամբողջ կյանքի ընթացքում նա այն մտածողությամբ ապրի, որ շաքարային դիաբետը կարգավիճակ է, ոչ թե հիվանդություն:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.