Երբ երեխաները հարցեր են տալիս իրենց հաշմանդամության մասին
Հաշմանդամություն ունեցող երեխա-ծնող հարաբերություններում գալիս է անխուսափելի մի շրջան, երբ երեխայի մոտ հարցեր են առաջանում իր և հասակակիցների, շրջապատի մարդկանց տարբերությունների մասին: Այդ ժամանակ չպետք է խուսափել թեմայից, հետաձգել այն կամ զրույցը վստահել մեկ այլ մարդու:
Երեխաներն ավելի խորն են տեսնում, զգում աշխարհը, քան մեզ կարող է թվալ: Նրանք հասկանում են, որ առանձնահատուկ են ու ձեր աջակցության կարիքն ունեն դրանից չբարդութավորվելու համար: Խոսե՛ք ձեր երեխաների հետ, պատասխանե՛ք նրանց բոլոր հարցերին: Եվ մտածեք` եթե ոչ դուք, ապա ո՞վ…
Երբ հաշմանդամություն ունեցող երեխան հարցնում է իր խնդրի մասին, այսինքն` արդեն հասունացել է այնքան, որ գիտակցում է իր առանձնահատկությունը ու հարցեր տալիս, նրանից երբեք չի կարելի թաքցնել ճշմարտությունը, քանի որ`
1 | նա կարող է ուրիշներից դա լսել և հատկապես երկրում, ոչ օբյեկտիվ և բարեկիրթ տեսանկյունից, նույնիսկ վիրավորանքի ձևով, որը հաստատ է՛լ ավելի կխորացնի նրա խնդիրը…
2 | Դուք` որպես ծնող, պետք է նախ ինքներդ հաղթահարեք ձեր հոգեբանական բարդույթները և չամաչեք ձեր երեխայի խնդրից: Միայն դրանից հետո կկարողանաք ճիշտ ներկայացնել նրան իրավիճակը: Փորձեք բացատրել, որ ոչ ոք ապահովագրված չէ այս խնդրից, որ դա նրա կամ ձեր մեղավորությունը չէ, և դա բնավ աշխարհի վերջը չէ… Նա էլ կսկսի իր շրջապատին այդ տեսանկյունից ներկայանալ և վաղ թե ուշ կհամոզի բոլորին:
3 | Մինչև նա լիովին չգիտակցի իր խնդրի բնույթը, չհաշտվի դրա հետ և հետո էլ չվերականգնվի, չի կարողանա ինքն իրեն օգնել թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական կողմից: Կաթիլը քար է ծակում… Ուրեմն, դիվանագե՛տ եղեք, դա անհրաժեշտ է այս դեպքում, դանդաղ, քայլ առ քայլ ներկայացրեք երեխային իր խնդիրն ու դուք էլ հասունացեք նրա հետ, միասին հաղթահարեք ձեր դժվարություններն, ու ձեր ընտանիքն ավելի ամուր ու հուսալի վահան կդառնա…