accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Երբ պտղի մոտ ախտորոշվել է հաշմանդամություն

0

Խորհուրդներ հոգեբանից

Կան հաշմանդամության որոշ տեսակներ, որոնք հնարավոր է հղիության ընթացքում պարզել` Դաունի համախտանիշ, ֆիզիկական հաշմանդամություն` պտղի վերին կամ ստորին վերջույթների բացակայություն, տարբեր տեսակի ինֆեկցիաներից առաջացած ախտորոշումներ: Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ այն կնոջը, ում երեխան ծնվելու է հաշմանդամությամբ:

Ներարգանդային շրջանում, երբ պտղի մոտ ախտորոշվում է հաշմանդամություն, կինը կանգնում է ընտրության առաջ. լույս աշխարհ բերել հաշմանդամություն ունեցող երեխայի՞ն, թե՞ ընտրել կարճ ճանապարհը` ազատվել նրանից: Այս խնդրի առաջ հայտնված կինը նախքան ընտրություն կատարելը պետք է հստակ գիտակցի` ի´նչ է իրեն պետք:

Առաջին հերթին նա պետք է ինքն իրեն հարցնի` պատրա՞ստ է արդյոք հաշմանդամություն ունեցող երեխայի հետ ճանապարհ անցնելու: Արդյոք ունի՞ ներքին ուժ և կամք հաշմանդամություն ունեցող երեխայի հետ մի ամբողջ կյանք անցնելու, պատրա՞ստ է արդյոք սիրով և համբերությամբ իմ երեխայի հետ կառուցելու նրա աշխարհը:

Հաջորդ կարևոր քայլը, որը պետք է անի հղի կինը, պետք է կարդա, իմանա, թե երեխան ինչ հաշմանդամություն է ունենալու, աշխարհում նմանօրինակ ինչ դեպքեր կան, ինչ զարգացումներ են ունենում նման հաշմանդամություն ունեցող մարդիկ, առհասարակ, ծանոթանա նախադեպերին, տեղեկացվի, պարզապես, տեղեկացվի:

Երբ հղիության շրջանում բժիշկը ձեր երեխայի մոտ ախտորոշել է հաշմանդամություն, ապա բացարձակապես անիմաստ կլինի փորձել գտնել հաշմանդամության արմատները` ինչո՞ւ, ինչպե՞ս, գուցե ժառանգականությո՞ւնն է, գուցե` անե՞ծք, կարմաս լավը չէր և այլն: Նման զբաղմունքը ոչ միայն չի օգնի, այլև ավելի կխճճի:

Իսկ եթե գիտակցաբար լսում եք ձեր ներքին ձայնը և ինքներդ ձեզ հետ ներդաշնակ եք, ապա պատկերացրեք, թե ինչ զգացողություններով կդիմավորեք ձեր փոքրիկին, ինչպես կպահեք և կզարգացնեք նրան, ինչպես կկառուցեք նրա աշխարհը, որը կտարբերվի շատերի կառուցածից և կլինի միայն ձերը: Գուցե սա է այն տեղը, որտեղ կկարողանաք ինքնադրսևորվել, աշխարհը կառուցել միայն ձեր ինքնատիպությամբ: Արդարացված և ճիշտ է, երբ հաշմանդամություն ունեցող երեխա լույս աշխարհ բերելու որոշումը կինը կայացնում է հոգեպես խաղաղ վիճակում: Նման դեպքում կնոջ համար երեխայի ծնունդը պետք է լինի ոչ թե բեռ կամ խաչ, այլ պատասխանատվություն և գիտակցում, որ քո երեխան իր միջավայրից կտարբերվի իր ինքնատիպությամբ և յուրօրինակությամբ, և դու նրան կվերաբերվես որպես հավասարը հավասարին: Կինը հաշմանդամություն ունեցող երեխային լույս աշխարհ պետք է բերի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ  իր երեխան կարող է լինել երջանիկ և շրջապատը դարձնել այդպիսին:

Խորհուրդներ ծնողից

  • Կարևոր է նախ հասկանալ, թե ինչ խնդիրներ կամ դժվարություններ է ունենալու երեխան, ինչ աստիճանի են լինելու բարդությունները և ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Կարդացեք նաև դրական և հաջողված դեպքերի մասին, թե ինչպե´ս են նույն հաշմանդամությունն ունեցող մարդիկ ապրում, աշխատում, և ի´նչն է նրանց օգնել հասնելու այդ ամենին:
  • Փորձեք դիմել հոգեբանի: Այսօր բավականին շատ են հոգեբանական կենտրոնները, նույնիսկ օնլայն խորհրդատվություն կարող եք գտնել: Քիչ չեն նաև անվճար հոգեբանական ծառայությունները, որոնք տրամադրում են հասարակական կազմակերպությունները:
  • Տեղեկացե´ք պետական աջակցության և երաշխիքների մասին: Դիմե´ք ձեր ընտանեկան կամ տեղամասային բժշկին, որպեսզի օգնի ձեզ տեղեկություններ հավաքելու, թե ինչ ծառայություններ կարող եք ստանալ պետական մարմիններից: Բացի այդ, կարող եք անմիջական կապ հաստատել ՀՀ տարբեր նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների հետ: Դրանք ևս ստեղծված են ձեզ աջակցելու, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ մատուցելու համար և կարող են վստահելի աղբյուր լինել ձեզ համար:
  • Փորձեք կապ հաստատել նույն իրավիճակում հայտնված այլ ծնողների հետ: Մի´ խուսափեք շփվել և մտերմանալ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ, նրանց փորձը և գիտելիքները ձեզ կօգնեն հնարավորինս արագ հաղթահարելու հոգեբանական խնդիրները և պատվով դուրս գալու երբեմն անելանելի թվացող իրավիճակներից:
  • Կապ հաստատեք նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք փորձ և հաջողված պատմություններ ունեն. դրանք ձեզ համար օրինակ կհանդիսանան, և դուք ձեզ մենակ չեք զգա:
  • Ամենակարևորը` բոլոր հարցերը պետք է քննարկել ամուսնու հետ, որոշումը ևս պետք է ընդունել միասին, որպեսզի հնարավոր լինի խուսափել ընտանիքի փլուզումից:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.