accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Հոգեբան, արտթերապևտ

Երեխայի խնամքն ընտանիքի մյուս անդամների հետ կիսելու կարևորության մասին

0

Կարևոր է, որ երեխան մեծանում և դաստիարակություն է ստանում լիարժեք ընտանիքում, և երեխայի խնամքով զբաղվում են նաև ընտանիքի մյուս անդամները՝ հայրը, տատիկ-պապիկը, մյուսները: Բայց շատ հաճախ հակառակն է ստացվում: Մեր իրականության մեջ ընտանիքի ավագ անդամները երեխայի հաշմանդամության պատճառ հիմնականում մայրերին են դիտարկում: Սա, իհարկե, իրազեկության, բավարար գիտելիքի բացակայության հետևանք է, քանի որ գաղտնիք չէ՝ երեխայի հաշմանդամության պատճառները բազմաթիվ են:

Մայրերը շատ հաճախ առիթ են տալիս, որ ընտանիքի անդամները մեղադրանքներ հնչեցնեն իրենց հասցեին: Հանրահայտ ճշմարտություն է՝ ինչպես դու ես քեզ տեսնում, այնպես էլ մյուսները: Եթե մայրն իրեն մեղադրում է երեխայի հաշմանդամության համար, ապա ինչո՞ւ մյուսները չեն կարող դա անել: Ընտանիքի անդամների կողմից երեխային ընդունելու առաջին քայլը մայրիկինն է: Նա պետք է այնքան իրազեկ լինի, որ կարողանա մյուսներին ևս տեղեկացնել խնդրի էությունը: Պետք է ամբողջ ընտանիքը տեղյակ լինի երեխայի խնդիրներին, դրանց պատճառներին ու կարողանա համատեղ լուծումներ գտնել երեխայի հետագա զարգացումը կազմակերպելու համար:

Մայրերը պետք է հիշեն, որ, ինքնամփոփ դառնալով, հարցեր չես լուծի: Որքան էլ հոգեպես ուժեղ լինեն, կողմնակի օգնության ու աջակցության կարիք կա: Կոնֆլիկտներից խուսափելու համար մայրերը գերադասում են ամեն ինչ ինքնուրույն անել, բայց դրանից երեխան կարող է նաև տուժել: Նա մեծանում է ու մի օր հասարակություն է մտնելու: Նրա սոցիալականացման առաջին օղակն ընտանիքն է: Որքան շատ շփվի ընտանիքի անդամների հետ, այնքան հետագայում քիչ կլինեն խնդիրներն ավելի մեծ օղակներում:

Պետք է նշել նաև, որ պետական մարմինների կողմից սոցիալական աջակցության բացակայությունը ևս մեծ դեր ունի երեխայի՝ ընտանիքի մյուս անդամների կողմից չընդունվելու գործում: Օրինակ` տատիկ-պապիկները շատ հաճախ ուղղակի չեն պատկերացնում երեխայի խնամքն ընտանիքում, ու համապատասխան աջակցության բացակայությունն է, որ ստիպում է այլընտրանք փնտրել:

Շատ կարևոր է, որ ընտանիքում յուրաքանչյուրն իր պարտականությունն ունենա նաև երեխայի խնամքի հարցում: Հայրը, օրինակ, պետք է իմանա, որ երեխային բակ տանելն իր «գործն» է, մանկապարտեզ կամ դպրոց տանելը՝ ավագ քրոջ կամ եղբոր, քնեցնելիս կարող է նաև տատն օգնության հասնել, խաղի ժամերին պապին կանչելու հերթն է: Ընտանիքի մյուս անդամների խնամքի տակ գտնվելով` երեխան սովորում է, մայրիկից բացի, նաև մյուսների հանդեպ պատասխանատվության զգացումին, սովորում է հարգել մեծերին, գիտակցում է նրանց կարևորությունը: Հետագայում ինքն էլ քաջ գիտակցում է, որ ընտանիքում կարևոր է օգնել և աջակցել միմյանց: Սրանք բաներ են, որ գրքերից ու ֆիլմերից չէ, որ մարդիկ սովորում են:

Շատ կարևոր է, որ երեխային չխղճան, ընդունեն նրան այնպիսին, ինչպիսին կա, որպեսզի նա չսովորի իր ուզածին հասնել այն պատճառով, որ հաշմանդամություն ունի: Նման խնդիրներ ունեցող երեխաներին հարկավոր է զարգացնող խմբակների՝ դաշնամուրի, երաժշտության, նկարչության, անդամագրել: Սա ոչ միայն կկոփի երեխային, այլև կօգնի ավելի ինքնավստահ և խելացի դառնալու:

Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը, ի տարբերություն մյուսների, երբեմն ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին, ավելի շատ ջանք ու եռանդ են ծախսում, որպեսզի իրենց փոքրիկները լիարժեք ապրեն: Ի տարբերություն մյուս երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի շատ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչը ծնողից ավելի մեծ ֆիզիկական և հոգեկան լարում է պահանջում: Սա հանգեցնում է նրան, որ մայրերը հաճախ մոռանում են սեփական «ես»-ի մասին:

Որքան էլ ծնողներն իրենց պարտականությունները սիրով են կատարում, մեծ պատասխանատվությունը երբեմն պատճառ է դառնում, որ մարդն ընդհանրապես մոռանա իր սեփական կարիքների, ցանկությունների մասին և անուշադրության մատնի իրեն, հավատալով, որ դա իր երեխայի երջանիկ մանկությունն ապահովելու միակ ճանապարհն է: Սա մի շարք խնդիրների պատճառ է դառնում: Կանայք անուշադրության են մատնում նաև ամուսնուն, մյուս երեխաներին, մարդկանց հետ շփումն էլ դառնում է սահմանափակ: Այս ամենն ընտանիքում կոնֆլիկտների պատճառ կարող է դառնալ: Կողմնակի օգնություն, աջակցություն է հարկավոր: Ահա այստեղ է, որ ընտանիքը պետք է առաջարկի իր օգնությունը և կիսի պարտականությունն ու հոգսերը մայրիկի հետ:

Գրառեց՝ Անի Պետրոսյանը

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.