Ընտրում ենք դպրոց երեխայի համար
Ի՞նչ կարող է անել հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը, երբ երեխայի դպրոց գնալու ժամանակն է: Ո՞ր դպրոցն ընտրել նրա համար: Ի՞նչ գործոններ նկատի ունենալ և ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել:
- Դեռևս 1999 թվականին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում էր, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնողն իր երեխայի համար ազատ է ընտրելու ցանկացած հանրակրթական հաստատություն: Այդ ժամանակ նույնիսկ «ներառական դպրոց» հասկացությունը կամ արտահայտությունը չկար գործածության մեջ: Հետագայում արդեն ներառական կրթություն իրականացնող դպրոցի առկայությամբ ուժեղացավ օրենքի այս դրույթը:
Քիչ չեն այն հանրակրթական դպրոցները, որոնք ներառական կրթություն իրականացնող դպրոցի կարգավիճակ չունեն, սակայն սիրով ընդունում են զարգացման խնդիր ունեցող երեխաներին և շատ արդյունավետ կազմակերպում նրանց կրթությունը: Հատկապես, եթե նույն դպրոցում են սովորել երեխայի ծնողները, ընտանիքի անդամները, ավագ քույրը կամ եղբայրը, երբ դպրոցը ճանաչում է ընտանիքին:
Երեխայի փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս ծնողը շատ արագ կարող է հասկանալ՝ դպրոցը, միջավայրը հարմա՞ր են արդյոք իր երեխային, թե՞ ոչ: Նման խնդիրներ ունենում են բոլոր ծնողները, անկախ երեխայի հաշմանդամությունից: Շատ կարևոր է, թե երեխան ինչպե´ս է ընդունվում դպրոցի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան ի´նչ վերաբերմունքի է արժանանում դպրոցում:
Ծնողը ներառական կրթություն իրականացնող դպրոցի կարգավիճակ չունեցող դպրոցի աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, երեխայի նկատմամբ լավ վերաբերմունքը տեսնելով, բնականաբար, ընտրություն կատարելիս հաշվի է առնում այդ հանգամանքները, քանի որ այդ դպրոցում հնարավոր է ավելի լավ իրականացվի իր երեխայի կրթական գործընթացը, քան մյուս դպրոցում, որը ներառական կրթություն չի իրականացնում:
Ի՞նչ գործոններ պետք է նկատի ունենա ծնողը
Եթե իրավունքի տեսակետից խոսենք, ծնողն ազատ է իր ընտրության հարցում: Եթե անգամ դպրոցը ներառական կրթություն չի իրականացնում, իրավունք չունի մերժելու երեխային: Սակայն կան գործոններ, որոնք կարող են օգնել կողմնորոշման հարցում.
- Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական բազմաթիվ խմբեր կան, որոնք համագործակցում են միմյանց հետ, քննարկումներ կազմակերպում ու փորձի փոխանակում կատարում: Ծնողը, ում երեխան նոր պետք է դպրոց գնա, բնականաբար, կարող է հենվել մյուսների կարծիքների, ունեցած փորձի վրա և ընտրել հաստատությունը, որտեղ պետք է սովորի երեխան: Եթե ծնողը գիտի, որ այս դպրոցում տրամադրվում են այսինչ ծառայությունները, մասնագետների խումբն ավելի լավ է պատրաստված, կարողանում է ճիշտ կազմակերպել երեխայի կրթական ծրագիրը, բնականաբար, առանց հաշվի առնելու դպրոցի հեռավորությունը, դրանից բխող խնդիրները՝ երեխայի մասին հոգալով կատարում է իր ընտրությունը:
- Պետք է նշել, որ նախկին կարգի համաձայն` երեխան պետք է իր համայնքի դպրոցը հաճախեր: Ժամանակի հետ սա փոխվեց, ու հիմա նման սահմանափակումներ չկան: Սակայն այստեղ շատ «բայց»-եր կան… Եթե ծնողը պետք է երեխային ամբողջ քաղաքով մեկ ամեն օր պտտի իր նախընտրած դպրոցը տանելու համար, դեռ հարց է՝ դա երեխայի շահերի՞ց է բխում, թե՞ ոչ:
- Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թվի սահմանափակում կա, և հաստատությունը չի կարող սահմանված թվից ավելի շատ երեխաներ ընդունել նույն դասարանում: Դպրոցը, բնականաբար, առաջնահերթությունը պարտավոր է տալ իր համայնքի երեխաներին: Նման պարագայում հնարավոր է, որ հարևան համայնքի երեխային չկարողանան ընդունել, և սա բոլորովին չի նշանակում, թե դպրոցը մերժում է երեխային: Նման դեպքերում պետք է ծնողի հետ համագործակցելով այլ լուծում գտնել: Հնարավոր է` իրենց տան հարևանությամբ գտնվող, ներառական կրթություն չիրականացնող դպրոցում շատ ավելի լավ կազմակերպվի երեխայի ուսուցման գործընթացը:
- Ամենակարևոր գործոնը, որ ցանկացած ծնող անկախ երեխայի` հաշմանդամություն ունենալու փաստից պետք է հաշվի առնի, երեխայի` տվյալ միջավայրում հարմարավետության զգացումն է: Երբ ծնողը դպրոց է մտնում և տեսնում, որ երեխան իրեն լավ է զգում, մնացած մեխանիզմները կարող են ստեղծվել, հարմարեցվել երեխայի կարիքներին:
- Կարևոր է նաև բարեհամբույր վերաբերմունքը. ծնողը երեխային չի տանի մի դպրոց, որտեղ նրան դժկամությամբ են ընդունում: Կտանի այնտեղ, որտեղ երեխան լավ վերաբերմունքի կարժանանա: