Ի՞նչը կարող է գիշերային անմիզապահության պատճառ լինել
Հաճախ է լինում, երբ ծնողը մանկական գիշերային անմիզապահությունը (էնուրեզը) համարում է ժառանգական խնդիր` մինչև 7 տարեկանը ես (կամ փոքր հասակում հայրը) էլ եմ գիշերները միզել, կմեծանա` կանցնի և այլն:
Արդյոք սա այն խնդի՞րն է, երբ պետք է սպասել երեխայի մեծանալուն:
Գիշերային անմիզապահությունը համարվում է փսիխոսոմատիկ (հուն. psyhe – հոգի և soma – մարմին) վիճակ, որը ներքին օրգանների գործունեության և համակարգի փոփոխություն է: Հաճախ միզարձակումը զսպելու անկարողությունը շփոթում են էնուրեզի հետ, սակայն միզարձակումը զսպելու դժվարության պատճառը կոնքային մկանների թուլությունն է կամ դրանք վերահսկող նյարդերի վնասվածքը: Իսկ էնուրեզ է համարվում ակամամիզությունը քնած ժամանակ, երբ միզապարկի ֆունկցիաների վերահսկումը արդեն պետք է ձևավորված լինեն մինչև 3-4 տարեկան հասակը:
Էնուրեզը լինում է առաջնային և երկրորդային, վերջինը համարվում է հոգեծին, այսինքն` հոգեբանական էնուրեզ: Հոգեբանական էնուրեզի առաջացումը կախված է սուր և երկարատև հոգետրավմատիկ գործոններից, որոնք ազդում են երեխայի հուզական աշխարհի վրա: Երեխան արագ է արձագանքում թե՛ բացասական և թե՛ դրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում իր շրջապատում: Հաճախ սթրեսները, որոնք դառնում են էնուրեզի առաջացման պատճառ, կապված են ընտանիքում տիրող մթնոլորտի հետ՝ անտարբերություն, ուշադրության պակաս, երկարատև ու անհաշտ վեճեր, երկրորդ երեխայի ծնունդը, ծնողների պահանջկոտությունը և այլն:
Այս ամենը նպաստում է նրան, որ երեխան սկսում է պատժել ծնողներին՝ գիշերամիզության միջոցով արտահայտելով իր վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ: