Ի՞նչ է դիսլեքսիան
Դիսլեքսիան, որն այլ կերպ անվանում են նաև կարդալու դժվարություն կամ ալեքսիա, ընթերցելու դժվարություն է: Այն ներառում է բառերի արտասանության, գրելու, արագ կամ բարձրաձայն կարդալու և կարդացածը հասկանալու դժվարությունները: Դիսլեքսիան ամենահաճախակի հանդիպող սովորելու դժվարությունն է: Դրա առաջացումը կարող է պայմանավորված լինել թե՛ գենետիկական, թե՛ միջավայրային գործոններով, երբեմն այն կարող է նաև ժառանգական բնույթ ունենալ:
Դիսլեքսիայով պայմանավորված խնդիրներն առաջ են գալիս այն պարագայում, երբ ուղեղի այն կենտրոնը, որը պատասխանատու է գրավոր ու բանավոր խոսքի համար, տարբերվում է առավել հաճախ հանդիպող իր վիճակից, իսկ առանց այդ երկու ֆունկցիաների երեխան չի կարող ճիշտ գրել-կարդալ:
Դիսլեքսիա ունեցող երեխաների համար մեծ դժվարություն է դպրոց գնալը, ուսուցիչների, ծնողների ու ընտանիքի անդամների անընդհատ ուղղումներին դիմանալն ու բառերը ճիշտ արտասանելու անվերջ փորձերը: Բանն այն է, որ դիսլեքսիա ունեցող երեխաները ճիշտ են ճանաչում տառերը, դրանք առանձին-առանձին կարող են ճիշտ արտաբերել, սակայն երբ հերթը հասնում է բառերին կամ նախադասություններին, տառերի դասավորությունը փոփոխություններ է կրում: Երեխան չի կարողանում վանկերը ճիշտ միացնել, երբեմն բաց է թողնում բառի առաջին կամ վերջին վանկը, տառեր է բաց թողնում կամ ավելորդ հնչյուններ է ավելացնում բառին, չի կարողանում նախադասությունը ճիշտ կարդալ: Դիսլեքսիա ունեցող մարդիկ Ժ-Շ-ն, Զ-Ս-ն, Բ-Վ-ն, Պ-Տ-ն կարող են փոփոխել, այսինքն՝ մեկի փոխարեն մյուսն արտասանել:
Դիսլեքսիան տղաների շրջանում 3-4 անգամ ավելի շատ է հանդիպում, քան աղջիկների: Ըստ համաշխարհային վիճակագրության` դպրոցահասակ երեխաների 5-ից 8%-ը դիսլեքսիա ունի: Ընթերցանության դժվարությունները սովորաբար ի հայտ են գալիս 2-րդ դասարանից հետո: Հնարավոր է նաև, որ ավելի ուշ տարիքում ևս այն գլուխ բարձրացնի:
Դիսլեքսիան հայտնաբերելը բավականին դժվար է. թեև այն ի հայտ է գալիս հիմնականում տարրական դպրոցի աշակերտների մոտ, սակայն սովորաբար չի կարող հայտնաբերվել ուսուցչի կամ ծնողների կողմից: Դիսլեքսիան հայտնաբերելու համար գոյություն ունեն հատուկ թեստեր, որոնք կարող են պարզել տվյալ անձի` դիսլեքսիա ունենալու հավանականությունը:
Այն ժամանակ, երբ երեխայի մոտ դիսլեքսիա է հայտնաբերվում, ծնողները պետք է դիմեն լոգոպեդի և հոգեբանի օգնությանը: Պարբերական ու ճիշտ մեթոդների օգնությամբ հնարավոր է, որ բավական լավ արդյունքներ գրանցվեն: Քանի որ յուրաքանչյուր մարդու ընդունակությունների ու կարողությունների սահմանը տարբերվում է մյուս մարդկանցից, հնարավոր չէ սահմանել դիսլեքսիայի հաղթահարման հստակ ժամկետ: Այն կարող է ձգվել ամիսներ, մինչև անգամ տարիներ:
Հոգեբանի աշխատանքը կօգնի երեխային հիշողությունը լավացնելու, ավելի արագ կենտրոնանալու և ուշադրությունը սևեռելու բուն գործողության վրա:
Շատ կարևոր է, որ սերտ լինի ծնող-երեխա-մասնագետ կապը, քանի որ օղակներից մեկի պասիվության պատճառով աշխատանքը գուցե սպասելիքները չարդարացնի:
Դիսլեքսիա ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել անհատական ուսուցման պլանով, երեխային հավելյալ ժամանակ տրամադրել առաջադրանքները կատարելու համար, անհրաժեշտության դեպքում տրամադրել դասագրքերի աուդիոտարբերակները և լրացուցիչ ժամանակ հատկացնել աշակերտի արտասանությանն ու ընթերցանությանը: Որոշ տառատեսակների միջոցով հնարավոր է հեշտացնել դիսլեքսիա ունեցող անձանց ընթերցանությունը, օրինակ` լատինական այբուբենի համար գոյություն ունեն Dyslexie, OpenDyslexic և Lexia Readable տառատեսակները: