Ինչու և ինչպես կարդալ երեխայի զարգացման համար
Ինչու և ինչպես կարդալ երեխայի զարգացման համար
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրքի հանդեպ երեխայի սերը կախված է այն բանից, թե մանկության տարիներին նրա համար որքան են կարդացել: Պետք է նշել, որ գիրք կարդալով մեծահասակները երեխաներին օգնում են զարգացնել բանավոր խոսքը, ուշադրությունն ու լսելու կարողությունը: Երեխայի խոսքի զարգացումը ճիշտ ժամանակին մեծապես կախված է նրանից, թե նա որքան կլսի շրջապատի մարդկանց խոսքը:
Օրվա մեջ որքան կարդալ երեխաների համար
Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր տառաճանաչ դառնալուն պես բարեկամանում են գրքի հետ, այն երջանիկներից են, ում համար մանուկ ժամանակ ամեն օր գոնե 10 րոպե գիրք են կարդացել: Որոշ փոքրիկներ կարդալ են սովորում, երբ ինչ-որ մեկն իրենց համար դա անում է բարձրաձայն: Նրանք պարզապես հետևում են էջերին և մտապահում լսած բառերը` դրանք համապատասխանեցնելով տեքստի հետ: Նման երեխաներն իրենց հասակակիցներից ավելի շուտ են սկսում կարդալ:
Ինչպես երեխայի մեջ սեր արթնացնել գրքի նկատմամբ
Հայտնի փաստ է, որ երեխան սովորաբար օրինակ է վերցնում նրանից, ում սիրում է: Երեխային ձեր սերը ցույց տալու լավագույն ձևերից է նրա հետ ժամանակ անցկացնելը: Դրա ձևերից մեկն էլ նրա համար կարդալն է:
Ծնողներ կան, որ ամեն օր կարդում են իրենց երեխաների համար, ու դա շատ գեղեցիկ, օգտակար ավանդույթ է: Եթե ծնողներն ամեն օր են դա անում, երեխաները հետագայում իրենք են սկսում հետաքրքրություն ցուցաբերել գրքի նկատմամբ ու արդեն ինքնուրույն են գրքեր ընտրում, ծանոթանում դրանց:
Ի՞նչ գրքեր կարդալ երեխաներին
- Երեխաների համար պետք է բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ, պոեմներ կարդալ և այն ամենը, ինչը կարծում եք՝ կհետաքրքրի ձեր փոքրիկին:
- Կարդացե՛ք այն, ինչ ինքն է ընտրում: Միասին գրադարան կամ գրախանութ այցելեք և վերցրե՛ք նրա ընտրած գիրքը:
- Փորձե՛ք երեխաների մեջ ձեր սիրելի գրքերի նկատմամբ հետաքրքրություն արթնացնել: Մի՛ վախեցեք նրա համար «մեծական» գիրք գնելուց, նա մի օր անպայման կկարդա դրանք:
- Անպայման այնպիսի գրքեր կարդացե՛ք, որտեղ պատմում են, թե ինչպես է այս կամ այն բանն առաջացել, կառուցվել:
- Եթե ձեր երեխան շատ հարցեր է տալիս ամեն ինչի մասին, նրա համար հանրագիտարաններ կարդացեք:
Նախքան ընթերցանությունը սկսելը երեխային հարմար դիրքով պառկեցրեք բազմոցին կամ անկողնում: Նա պետք է իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի ձեզ լսելու վրա:
Կարևոր է, որ հստակ ձայնով կարդաք, ճիշտ առոգանությամբ, ու եթե երկխոսություններ կան, փորձեք փոխել ձեր ձայնի հնչերանգը, որպեսզի ավելի հետաքրքիր լինի երեխայի համար:
Կենդանիների կամ հեքիաթների բացասական հերոսների խոսքը կարդալիս զգույշ եղեք, որպեսզի չվախեցնեք երեխային: Պետք չէ, օրինակ` գայլի խոսքը սարսափ առաջացնող ձայնով կարդալ: Դա կարող է վախեցնել երեխային, և այդ վախը նրան կուղեկցի հետագայում:
Ընթերցելիս կարող եք ընթացքում հարցեր տալ երեխային այն մասին, թե նա ինչպես է պատկերացնում պատմության շարունակությունը: Ավարտից հետո միասին քննարկեք հերոսների գործողությունները, դա երեխային կօգնի ուրիշի օրինակով սովորել, հասկանալ, թե ինչ կարելի է անել և ինչը` ոչ: Խուսափե՛ք նաև նրա վրա օրինակներ բերելուց, մի՛ ասեք, որ այսինչ բանը չանելու դեպքում նա էլ կպատժվի և այլն… Դա երեխային բարդութավորում է, վախեր առաջացնում նրա մեջ:
Գրքեր կարդալիս երեխաներին որպես մեծ մարդուկների վերաբերվեք: Նրանք իրականում ամեն բան շատ լավ են հասկանում, գիտեն, որ բարին անպայման հաղթում է: