Ինչպե՞ս «ընկերանալ» զուգարանի հետ, երբ երեխան աուտիզմ ունի
Տակդիրից զուգարան անցումը բարդ է բոլոր երեխաների համար: Ծնողները, որպես կանոն, մեծ ջանքեր, նյարդեր, ժամանակ են ծախսում երեխաներին զուգարանից օգտվել սովորեցնելու համար: Աուտիզմը երբեմն այս խնդիրն ավելի է բարդացնում: Ինչո՞ւ. որովհետև աուտիզմ ունեցող որոշ երեխաները մեծ դժվարությամբ են փոխում իրենց սովորությունները, գրաֆիկը և դժվարությամբ են հարմարվում նորին: Մասնագետների խորհուրդներին հետևելով` ավելի հեշտ կլինի հաջողություն ասել տակդիրին ու «ընտելանալ» զուգարանին:
Նշաններ, որոնցով աուտիզմ ունեցող երեխան ցույց է տալիս, որ պատրաստ է զուգարանից օգտվելուն
Սովորաբար այդ նշանները նույնն են, ինչ մյուս երեխաների պարագայում: Աուտիզմի դեպքում, սակայն, դրանք կարող են զգալիորեն ուշ հայտնվել: Եթե երեխայի մոտ նկատում եք հետևյալ նշանները, ապա ժամանակն է գործի անցնելու.
- նա ինչ-որ կերպ հասկացնում է, որ հագուստը թաց է, կամ տակդիրը լցված է,
- կարողանում է հետևել հրահանգներին, օրինակ՝ նստիր զուգարանակոնքին, և կարողանում է իջեցնել-բարձրացնել իր հագուստը,
- կարողանում է լիարժեք վերահսկել միզապարկի պարունակությունը (ցերեկվա ընթացքում ավելի քան մեկ ժամ տակդիրը չոր է մնում):
Քայլեր, որոնք աուտիզմ ունեցող երեխային կընտելացնեն զուգարանին
Սկզբունքը նույնն է բոլոր երեխաների համար, պարզապես աուտիզմ ունենալու դեպքում հարկավոր է հավելյալ ուսուցում և ռազմավարություն ունենալ` հաշվի առնելով երեխայի առանձնահատկություններն ու կարիքները: Առաջին ու կարևոր քայլը գիտակցելն է, որ զուգարանից օգտվել սովորելու գործընթացը համատեղ աշխատանք է ձեր ու երեխայի համար:
Մեծ նպատակին հասնելու ճանապարհին հաճախ հարկ է լինում փոքրիկ նպատակներ ստեղծել ու հերթով հաղթահարել դրանք: Այս դեպքում առաջին փոքրիկ նպատակը կարող է զուգարանի մասին գիտելիքների տրամադրումը լինել: Երեխային պատմեք, թե ինչի համար է այն նախատեսված, ինչպես պետք է օգտվել դրանից: Երբ նա կհասկանա ձեզ, համարեք, որ առաջին փոքրիկ քայլն արված է:
Ինչպե՞ս աուտիզմ ունեցող երեխային սովորեցնել զուգարանից օգտվել
Զուգարանից օգտվելն աուտիզմ ունեցող երեխայի համար փոքրիկ խնդիրներից բաղկացած մեծ խնդիր է: Սա հաշվի առնելով` պետք է քայլ առ քայլ մոտենալ նպատակակետին:
Ներկայացնում ենք երեք տարբերակ, որոնք կօգնեն աուտիզմ ունեցող ձեր փոքրիկին սովորեցնել օգտվել զուգարանից:
Խրախուսում և պարգևատրում
Պարգևներն ու գովասանքը կարող են օգնել այս գործում: Քանի դեռ ձեր երեխան քայլ առ քայլ սովորում է, թե ինչպես օգտվել զուգարանից, պետք է խրախուսել, որպեսզի նա շարունակի սովորել: Ի՞նչ են իրենից ներկայացնում պարգևներն ու խրախուսանքը.
- Կարող եք խրախուսել, ասելով. «[Անունը], ապրես զուգարանակոնքին նստելու համար»:
- Կարող եք առանց խոսքերի անել դա. օրինակ՝ ծափահարել կամ բութ մատը վեր պարզելով ցույց տալ, որ նա հաջողել է առաջադրանքը:
- Կարող եք խաղալ նրա հետ:
- Աստղիկ նշանակել առաջադրանքների նրա պատին:
- Պարգևատրել սիրած ուտելիքով:
Կախված երեխայի նախասիրություններից` վերոնշյալ կետերը կարող են փոխվել: Նախապես սահմանեք այն պայմանները, որոնց կատարման դեպքում նա պարգևատրման հնարավորություն կունենա: Փորձեք հուսախաբ չանել նրան ու պահեք ձեր խոստումը, բայց մի՛ չարաշահեք պարգևատրումները: Շատ կարևոր է, որ երեխան հավատա ձեզ:
Երբ ձեր երեխան առաջընթաց է գրանցել, դադարեք օգտագործել սնունդը, գործողությունները և խաղալիքները որպես խրախուսման միջոց: Ընդամենը շարունակեք վերբալ և ոչ վերբալ գովասանքը:
Վիզուալ աջակցություն
Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաները հաճախ վիզուալ սովորողներ են: Ուստի կարող եք օգնել նրան` տրամադրելով վիզուալ հուշումներ: Կարող եք վիզուալ գրաֆիկ կազմել` ցույց տալու օգտվելու սահմանված կարգը: Կարող եք պատկերների փոխանակմամբ հաղորդակցման համակարգից (PECS) օգտվել: Կարող եք կարգը փակցնել զուգարանի պատին կամ գիշերանոթի մոտ: Կարող եք բեռնել և տպել զուգարանից օգտվելու օգնականը A4 ձևաչափով հայերեն գրությամբ:
Սոցիալական պատմությունները կիրառվում են` աուտիզմ ունեցող երեխաներին բացատրելու սոցիալական իրավիճակները և օգնելու նրանց սովորելու սոցիալական համապատասխան վարքը: Օրինակ` սոցիալական պատմությունները օգտագործում են պատմություններ պարզ նկարներով, գրված են ձեր երեխայի հեռանկարից, նկարագրում են իրավիճակը, օրինակ` ինչպես օգտվել զուգարանից, մանրամասնում են, թե ինչ է պատահում այս կամ այն իրավիճակում, առաջարկում են, թե ինչպես երեխան կարող է արձագանքել տվյալ իրավիճակում, բացատրում են, թե ինչու երեխան պետք է արձագանքի այդկերպ:
Մասնագիտացած էրգոթերապևտները, լոգոպեդները, վաղ միջամտության մասնագետները կամ դպրոցի ուսուցիչները կկարողանան օգնել ձեզ ստեղծելու սոցիալական պատմություններ ձեր երեխայի համար զուգարանից օգտվելու վերաբերյալ: Եթե ձեր երեխան գնալու է զուգարան իր ընկերոջ տանը կամ տնից դուրս ցանկացած այլ վայրում, ստեղծե՛ք նոր պատմություն այդ իրավիճակի համար: Երբ այդ ամենը տեղի ունենա, ձեր երեխան կկարողանա համապատասխան վարք ցուցաբերել: Երբ գրում եք սոցիալական պատմությունները, օգտագործե՛ք բառեր և պատկերներ, որոնք համապատասխանում են ձեր երեխայի զարգացման մակարդակին: