Ինչպե՞ս պահպանել ամուսնությունը, եթե ձեր երեխան աուտիզմ ունի
Քիչ չեն դեպքերը, երբ աուտիզմ ունեցող երեխայի ծնողները բաժանվում են: Կինը կամ ամուսինը չեն կարողանում համակերպվել իրականության հետ ու երեխայի ծնունդից հետո դադարեցնում են ամուսնական կյանքը: Նման վարքագծի պատճառը հիմնականում վախի ու պատասխանատվության զգացումն է լինում:
Աուտիզմ ունեցող 8-ամյա երեխայի հայրը 10 կետ է տարբերակել այն ծնողների համար, ովքեր կանգնած են ամուսնությունը երեխայի հաշմանդամության պատճառով կորցնելու վտանգի առաջ:
-
Առաջնորդվեք «ամբողջ աշխարհի դեմ՝ միասին» մտածելակերպով
Դուք և ձեր կողակիցը միասին եք այդ իրավիճակում: Ձեր հետագա կյանքը, ամենայն հավանականությամբ, վերելքների ու վայրէջքների շղթա է լինելու, բայց գիտե՞ք ինչ. ատրակցիոններն առավել զվարճալի են, երբ ձեր լավագույն ընկերոջ կողքին եք: Եթե բժիշկների, դպրոցի աշխատակազմի, ընտանիքի անդամների, իրավաբանների և մյուս մարդկանց դեմ հանդիման եք դուրս եկել, ապա ավելի հեշտ է դա ընկերոջ, թիմակցի հետ անել: Պարտադիր չէ, որ երեխայի հետ կապված բոլոր հարցերում միշտ համակարծիք լինեք, բայց միասնական լինելը շատ դեպքերում օգնում է:
-
Որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք տանից դուրս
Չեմ կարող ասել, թե դա բավական է բոլոր ծնողների համար, բայց հատկապես աուտիզմ ունեցող երեխայի ծնողների համար այդպես է: Նախքան երեխաներ ունենալը երջանիկ ամուսիններ էիք, այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կարիք կա փոխվելու: Երբ խրամատների ներքևում եք, կենսուրախ չեք, բայց ես փորձում եմ ամսվա մեջ գոնե երկու անգամ կնոջս հետ դուրս գալ տանից, գնալ ընթրելու, հանդիպելու մեր ընկերներին, ֆիլմ դիտելու կամ անել այն, ինչ մեզ դուր է գալիս:
-
Պատրաստեք սենյակը սեքսի համար
Այո, աուտիզմը երկար ժամանակ կազդի ձեր սեռական կյանքի վրա: Սակայն երբեմն կարելի է ռոմանտիկ պահեր ունենալ: Օրինակ` մի քանի ամիսը մեկ անգամ, այն ժամանակ, երբ ձեր երեխան դպրոցում է, կարող եք վատառողջ չլինելով օգտագործել վատառողջ լինելու պատրվակն ու խուսափել աշխատանքից… Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ նկատի ունեմ:
-
Փորձիր ցանկացած կերպ քեզ լավ զգալ, հակառակ դեպքում… հակադեպրեսանտը վատ բառ չէ…
Իրականում բացատրության կարիք չկա… 2 տարի առաջ վերջապես հասկացա, որ դեպրեսիայի մեջ էի, և օգնություն խնդրեցի: Օգնությունը դեղահաբերի տեսքով եկավ… Ինձ համար դա այն էր, ինչ պետք է անեի: Այն ինձ ավելի շատ էներգիա էր տալիս, ավելի շատ համբերություն: Ես շարունակում եմ ես լինել, բայց ավելի հանգիստ, ավելի եռանդուն ու կազմակերպված: Կինս 6 ամիս անց դիմեց դրան, և այն իսկապես օգնեց մեզ:
-
Անհատական գործունեություն ծավալիր, դա քեզ ավելի շատ եռանդ կհաղորդի
Եթե հասկանում եք, որ միասին այնքան էլ հաճախ դուրս չեք գալիս, որքան կցանկանայիք, ապա անհատական գործունեություն ծավալեք` մենակ կամ ընկերների հետ: Դա ձեզ լրացուցիչ եռանդ կհաղորդի: Օրինակ` ես սիրում եմ վազել, ու տարվա մեջ մեկ կամ երկու անգամ ընկերներիցս մի քանիսի հետ գիշերային մարաթոն ենք կազմակերպում: Իմ ցուցակում նաև բոուլինգ կա: Կինս ևս ընկերներ ունի, որոնց հետ հաճախ հանդիպում է ճաշելու, պարելու կամ ինչ-որ բան խմելու համար: Ձեր զուգընկերոջն օգնեք դադար վերցնել ու աուտիզմից դուրս ժամանակ անցկացնել… ու հանգստանալ առանց ձեզ, որովհետև դա շատ կարևոր է:
-
Կարգի բերեք ձեր առաջնահերթությունները
Շատ տղամարդկանց համար առաջնայինն իրենց աշխատանքն է, իսկ հանգստյան օրերը նրանք նվիրում են վերանորոգմանը կամ այգում աշխատելուն, դրա համար էլ դուրս են մնում իրենց երեխաների կյանքից: Գուցե պետք է ամեն ինչ կարգի՞ բերել: Գուցե անհրաժեշտ է շաբաթ օրն ընտանիքի հե՞տ անցկացնել: Դա ավելի կարևոր կլինի ու ավելի օգտակար ձեր կնոջ համար:
Սա տարբերակներից մեկն է միայն, բայց դրանք շատ-շատ են:
-
Ապրեք ներկայով: Մի ձգտեք հետ շրջվել կամ շատ հեռուն նայել
Ասելն անելուց հեշտ է, բայց դա այնքան կարևոր է: Փորձեք ապրել ամեն օրն այնպիսին, ինչպիսին կա: Փորձեք տեղի ունեցածը չհամեմատել երեկվա կատարվածի կամ նրա հետ, ինչ կարող է պատահել ապագայում: Աուտիզմ ունեցող երեխաները կարող են հաջողություններ ունենալ, կարող են առաջ գնալ: Այն, ինչ ձեր երեխան արել է երեկ, չի կարող անել այսօր և հակառակը: Շատ առաջ նայելով կարող եք վախենալ: Արդյոք երեխան հասուն մարդկանց պես ինքնաբա՞վ կդառնա: Մի՞թե նրան անընդհատ խնամք է հարկավոր: Շատ հեռուն նայելով կարող եք վնասել ձեր ամուսնությունը:
-
Գոռացեք, ճչացեք, կռվեք ձեր զուգընկերոջ հետ
Այդ ամենն արեք այն ժամանակ, երբ ինչ-որ բանից զայրացած եք: Դա ավելի առողջարար է, քան թողնել նրան, որ հուզվի, ապա լուռ վերականգնվի:
-
Դուք և աուտիզմ ունեցող երեխան քնեք այնքան, որքան հնարավոր է
Ձեր երեխան գիշերը բավականաչափ չի քնում և բոլորին խառնում է իրար: Դա կարող է որպես մարմնամարզություն ծառայել, բայց պետք է հնարավոր ամեն ինչ անել, որ ձեր երեխայի քնի օրակարգը հստակ լինի, և եթե գա տարիքը, ու քնաբեր հաբերի կարիք լինի, պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարվի: Քունը շատ կարևոր է երեխաների համար, այն կարևոր է նաև ձեր ամուսնության, ձեր սթափ դատողությունը պահպանելու համար:
-
Անջատեք ինտերնետն ու ձեր զուգընկերոջ հետ հեռուստացույց դիտեք
Դուք հաջողությամբ քնեցրել եք ձեր երեխային: Հիմա անջատեք հեռուստացույցը: Դադարեցրեք ուսումնասիրությունները: Դադարեք աուտիզմի մասին կարդալը: Դադարեք «Ֆեյսբուքով» խոսելը: Անջատեք համակարգիչն ու պառկեք բազմոցին, հեռուստացույց դիտեք ձեր կողակցի հետ… Ավելի լավ է` գնացեք ննջարան, մի փոքր քնեք… կամ ավելի լավ է` սեքսով զբաղվեք…