Ինչպես լուծել աուտիզմ ունեցող երեխայի քնի հետ կապված խնդիրները
Աուտիզմ ունեցող շատ երեխաներ հաճախ գիշերային քնի հետ կապված խնդիրներ են ունենում: Ծնողները կարող են օգնել փոքրիկներին` որոշակի միջոցներ ձեռնարկելով:
Որպես կանոն` դպրոցահասակ երեխաները պետք է օրական 10-11 ժամ քնեն, սակայն աուտիզմ ունեցող շատ երեխաներ ավելի քիչ քնի կարիք ունեն: Պետք է սրա մասին հիշել ու երեխային շուտ չքնեցնել, որովհետև դրանից կարող է տուժել նրա քնի որակը:
Ինչպես ստեղծել քնի համար նպաստավոր պայմաններ
Անհրաժեշտ է, որ աուտիզմ ունեցող երեխան քնելու իր անկյունն ունենա և ամեն օր այդ նույն տեղում քնի: Ննջասենյակը պետք է միջին ջերմաստիճանի լինի, լուռ, հանգիստ ու հնարավորինս մութ: Աուտիզմ ունեցող երեխաները զգայուն են հատկապես ձայների նկատմամբ, ու ցանկացած ավելորդ շշուկ նրանց կարող է անհանգստացնել: Նրանք կարող են նաև լույսի առկայության դեպքում ճնշվել սենյակում երևացող ստվերներից: Հարկավոր է նաև հետևել սենյակում եղած իրերի անվտանգությանը: Հնարավորինս քիչ պետք է լինեն հեշտ կոտրվող, ապակե իրերը:
Քնելուց առաջ գործողությունների հերթականություն և ժամանակացույց մշակեք
Քնելուն պետք է նախապատրաստվել: Երեխային անկողնում պառկեցնելուց առաջ նրան հեռու պահեք համակարգչից, հեռուստացույցից, վիդեոխաղերից, բջջային հեռախոսից, բարձր երաժշտությունից, ուժեղ լույսից, մի´ թողեք վազի, շատ ցատկոտի: Քնին պատրաստվեք հանգիստ գործողություններով` պառկելուց 15-30 րոպե առաջ: Այնպիսի զբաղմունք գտեք երեխայի համար, որը նրան կհանգստացնի, այլ ոչ թե կոգևորի կամ կաշխուժացնի:
Երեխային քնեցնելու հստակ ժամ ընտրեք: Դա չպետք է փոփոխվի շաբաթվա յոթ օրերին, քանի որ դա ճիշտ քնի նախապայմաններից մեկն է նաև մեծահասակների համար: Որոշ երեխաների մոտ քնելուց մեկ ժամ առաջ այսպես կոչված «երկրորդ շնչառություն» է բացվում: Եթե ձեր երեխան ևս այդ խմբին է պատկանում, ապա քնի ժամը առաջ տարեք: Օրվա ավարտին խուսափեք երեխային ծանրամարս սնունդ տալուց: Ավելի լավ կլինի շեշտը մրգերի վրա դնեք:
Երեխային ամեն առավոտ նույն ժամին արթնացրեք: Եթե անգամ նա սովորականից ուշ է քնել, միևնույն է՝ պետք է պահպանել արթնանալու ժամանակացույցը: Որքան այն կայուն լինի, այնքան որակյալ կլինի երեխայի քունը:
Երեխային սովորեցրեք միայնակ քնել
Որոշակի տարիքից հետո երեխաներին պետք է առանձին սենյակում քնեցնել: Միանգամից երեխային միայնակ թողնելը նրա մոտ կարող է վախերի առաջացման պատճառ դառնալ: Սկսեք պարզապես նրա կողքին նստելուց, մինչև կքնի: Աստիճանաբար մեծացրեք ձեր միջև եղած հեռավորությունը: Եթե երեխան ինչ-որ պատճառով չի կարողանում քնել, կարող եք նրա մոտ մնալ, բայց նրան մի´ տարեք ձեր ննջասենյակ, դա կարող է վատ սովորություն դառնալ:
Միայնակ քնելը նրան կօգնի նաև ինքնուրույնությունը զարգացնելու: Գաղտնիք չէ, որ աուտիզմ ունեցող երեխաների մայրերը, ի տարբերություն մյուս մայրերի՝ օրվա մեջ ավելի շատ ժամանակ են երեխայի հետ անցկացնում: Գիշերը նրան առանց ձեզ թողնելու հիանալի ժամանակահատված է: