accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Ինչպես հաղթահարել երեխայի հաշմանդամությունից ամաչելու բարդույթը

0

Հասարակությունն անկախ մեր ցանկությունից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա: Այդպես է լինում նաև, երբ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը բարդույթներ է ունենում, սկսում է ամաչել սեփական երեխայի հաշմանդամությունից:

Երբեմն ծնողը ստիպված է լինում երեխային մեկուսացնել հասարակությունից` իրեն և երեխային պաշտպանելու համար: Թող որ փոխում է երեխայի կյանքի բնականոն ռիթմը, փոխարենը ստիպված չի լինում երեխայի ուրիշ լինելը բացատրել, հարցերի պատասխանել… Չէ՞ որ այնքա՜ն դժվար է փողոցով ուղղակի քայլել ու չնկատել մարդկանց զարմացած, բազմանշանակ հայացքները:

Տարբերակ է: Սակայն այլ տարբերակ էլ կա: Իրականության աչքերին նայել, գնահատել իրավիճակը: Չէ՞ որ թաքնվելը հարցը չի լուծում: Քայլել փողոցով ու հպարտանալ երեխայով: Տեսնել նրա առավելությունները, ուժեղ կողմերն ու աջակցել… Եվ վերջապես, կոտրել հասարակության կարծրատիպերը: Ոսկե կանոն կա. «Քո հանդեպ վերաբերմունք թելադրողն ինքդ ես»:

Իսկ ո՞վ է ասել, թե միակն եք:

Մերի Մարտիրոսյան

Աղջկաս՝ Սիրանուշի հարցը բարդություններ առաջացրեց, քանի որ մարդիկ քիչ թե շատ սովոր էին սայլակ օգտագործող երեխա տեսնել, իսկ տղայիս դեպքն այլ էր… Աուտիզմն իսկապես դժվարընկալելի երևույթ է մարդկանց համար: Դպրոցում նրան դժվարությամբ էին ընդունում, համարում էին, թե վտանգավոր է մյուս երեխաների համար: Երկու տարի արցունքներն աչքերիս էի տղայիս դպրոց տանում: Սամվելը հիմա համակերպվել է, ու խնդիրներ այլևս չկան: Երեխաներս շատ ակտիվ են ու դպրոցից դուրս ևս տարբեր պարապմունքների են հաճախում:

Երբեք երեխաներիս համար չեմ ամաչել: Միակ բացասական զգացմունքը, որ ապրել եմ, ինձ մեղադրելն էր… Մտածում էի, թե որքան վատն եմ, որ երկու երեխաներս էլ հաշմանդամություն ունեն: Անծանոթ մարդկանցից հաճախ էի լսում, թե պատժված եմ կամ դժբախտ… Հավատում եմ Աստծո գոյությանը, ու դա ինձ մեծ ուժ է տալիս: Համարում եմ՝ երեխաներիցս ամաչելու դեպքում Աստված էլ ինձանից կամաչի: Ես չեմ ամաչում երեխաներիս հասարակության մեջ դուրս բերել: Դա շատ կարևոր է: Դա անհրաժեշտ է նրանց, ահրաժեշտ է մարդկանց, քանի որ վերջիններս կրթվում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ շփվելիս:

Այդ երեխաների համար ամաչելու փոխարեն պետք է պայքարել, անկախ դժվարություններից ջանք թափել ու սպասել արդյունքների: Ծնողների ջանքերը երեխաներին առաջ են տանում: Այո, հասարակությունը երբեմն դաժան է, բայց ծնողները չպետք է ուշադրություն դարձնեն, սահմանափակվեն: Եթե ծնողը տեսնում է երեխայի ապագան, նա կարող է կերտել այն: Պետք է պարզապես հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Տաթևիկ Ստեփանյան

Քանի որ աշխատանք ունեի, մտքերս այլ ուղղությամբ էլ էին զբաղված՝ հոգեբանական մեծ բարդույթներ չեմ ունեցել: Միանգամից երեխայիս վերականգնողական բուժմամբ ենք զբաղվել: Բազմաթիվ կենտրոններ, տարբեր մասնագետներ, մինչև գտանք մերը՝ «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնը:

Մեզ մոտ բարդությունների երկրորդ փուլը սկսվեց 7 տարեկանում, երբ երեխան սկսեց դպրոց հաճախել: Այդ ժամանակ էլ ի հայտ եկավ աուտիզմի զուգակցվող մեկ այլ խնդիր՝ դիսգրաֆիան (երբ երեխան հրաժարվում է գրել սովորելուց): Սովորում ենք հանրակրթական դպրոցում, որտեղ ամեն դեպքում կան մինիմում պահանջներ ու ծրագիր, որը երեխան պիտի հաղթահարի:

Բայց սկզբում դժվար էր… ոչնչի հեշտ չեք հասել: Դավիթը չէր սիրում, որ մեր տուն հյուր էր գալիս, չէր գնում իրեն անծանոթ վայրեր, հագուստի խանութներ չէր մտնում, 5 րոպեից ավելի չէր կարողանում դասարանում նստել… Էս շարքն անվերջ կարող եմ թվարկել:

Դավիթը շարունակում է իր տեսակի մեջ յուրահատուկ լինել, բոլորից տարբեր, բայց հիմա ինձ չի անհանգստացնում: Աննկարագրելի պոռթկումներ դրսում, մարդաշատ վայրերում, մարդկանց հայացքներ. «էս ի՜նչ անդաստիարակ երեխա է… Մի երեխա էլ չեք կարողանում դաստիարակել»:

Ծնողներին, որ նոր են անցնում այս ամենի միջով, միակ հորդորս է՝ անջատեք ձեր ամոթի կոճակը, մի մտածեք` ինչ կասեն մարդիկ: Ձեր երեխային շատ անհրաժեշտ է հասարակության մեջ լինել: Թերապիաներն իրենց հերթին են կարևոր, բայց սոցիումը հատկապես աուտիզմի պարագայում միակ փրկարար օղակն է:

Պետք է պարզապես տնից դուրս գալ: Սկզբում բարդ է, հետո սովորում ես անտեսել մարդկանց տարօրինակ ու խղճահարությամբ լի հայացքները, իսկ քիչ անց արդեն չես էլ նկատում: Երբ մենք բախվեցինք էս ամենին, մայրիկների խմբերը քիչ էին, կամ ես ծանոթ չէի: Հիմա այլ է, փորձի փոխանակման պակաս էլ չկա: Մի ակնթարթում կոմպլեքսները չեն հաղթահարվում: Ծնողները պետք է գիտակցեն, որ իրենք երեխայից ամաչելու բարոյական իրավունք չունեն: Չպետք է նրան զրկել այն միջավայրից, որտեղ երեխան մի օր պիտի առանց ծնողի ապրի:

 Բարդույթ

Ընդունել երեխային այնպիսին, ինչպիսին կա

Մենք չենք ընտրում մեր երեխաներին, ինչպես որ նրանք չեն ընտրում մեզ: Եթե դուք հրաժարվում եք ընդունելուց, որ նա հաշմանդամություն ունի, դա դեռ չի նշանակում, որ լուծում եք խնդիրներն ու դժվարությունները, որոնց նա կարող է հանդիպել: Փոխարենը փորձեք ընդունել փաստը և հարգանքով վերաբերվեք ձեր երեխայի ինքնությանը, որի մի մասնիկն է նաև նրա հաշմանդամությունը, ինչպիսին նրա սեռն է, ազգությունը, բնավորությունը և այլն: Բոլոր տեսակի դժվարություններն ավելի հեշտ կլինի հաղթահարել, երբ ինքներդ ձեզ ասեք՝ այո, նա հաշմանդամություն ունի, և դրա մեջ ոչ մի ամոթալի կամ բացասական բան չկա: Ի վերջո, միջավայրային արգելքներն են բոլոր դժվարությունների պատճառը, ոչ թե երեխայի առանձնահատկությունները, և երեխային փոխելու փոխարեն պետք է մտածել միջավայրը, ներառյալ մարդկանց վերաբերմունքը փոխելու մասին:

Առաջնային դարձնել երեխային, ոչ թե նրա կարողությունները

Ավելորդ է ասել, որ բոլորիս կարողությունները տարբեր են, և բոլորն ունեն իրենց առանձնահատկությունները: Երբ մտածում եք երեխայի քայլելու, խոսելու, լսելու կամ այլ գործառույթների մասին, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչի համար է դա անհրաժեշտ նրան: Եթե պատասխանը ունեք, ապա կտեսնեք, որ այդ պատասխանին հասնելու միջոցները կարող են տարբեր լինել: Մեկը քայլելով է դպրոց գնում, մյուսը՝ սայլակով, մեկը խոսքով է հաղորդակցվում, մյուսը՝ ժեստերով կամ այլ միջոցներով: Մի՞թե դա ավելի կարևոր է, քան ինքը՝ երեխան:

Չհամեմատել նրան մյուս երեխաների հետ

Բոլոր երեխաները տարբեր են: Անիմաստ է նրանց համեմատելը: Դա կարող է ազդել ոչ միայն ձեր, այլ նաև երեխայի ինքնագնահատականի վրա: Ավելի լավ է հիշել, որ եթե նույնիսկ ձեր երեխան որևէ բանում հետ է մնում իր հասակակիցներից, ապա մեկ այլ բանում միանշանակ ուժեղ է նրանցից:

Չպահանջել ավելին, քան կարող է անել

Չպետք է երեխայից պահանջել այն ամենը, ինչը նա չի անում կամ չի ուզում անել: Երբեմն ձեզ թվում է, որ ախր այնքան հեշտ է մի քիչ ավելի ուղիղ քայլելը, ավելի պարզ խոսելը, իրեն ավելի հանգիստ պահելը, բայց դա այդպես չէ: Եթե երեխան կարողանա և ցանկանա, ապա հավատացեք, որ ձեր հրահանգին չի սպասի: Իսկ եթե նույնիսկ երբեմն փորձում է անել այն, ինչ դուք եք ուզում, ապա հավատացած եղեք, որ նա դա ստիպված է անում` ձեզ գոհացնելու համար: Իհարկե, խոսքը սովորութային վարքի մասին չէ, և երեխայի ընդհանուր դաստիարակությանը դա չպետք է խանգարի:

Հպարտանալ նրանով

Ձեր երեխայի ցանկացած փոքրիկ հաջողություն արժանի է ողջույնի, քաջալերման: Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ձեր փոքրիկն ուզում է գովասանքի խոսքեր լսել, որոնք կոգևորեն ու առաջ կմղեն նրան: Շատ բարձր նշաձող մի սահմանեք ու մի սպասեք նրանից ավելին, քան կարող է, բայց միևնույն ժամանակ հորդորեք ձգտել ավելիին: Ձեր աջակցությունը նրան ինքնավստահություն կհաղորդի, և ձեզնից հեռու լինելով էլ` նա իրեն ուժեղ կզգա: Հակառակ դեպքում երբ նա զգա, որ ոչ ոք չի հպարտանում ու չի քաջալերում, երբ, օրինակ` դպրոցում բարձր գնահատական է ստացել, կդադարի ավելիին ձգտելուց և հավատալուց, որ կարող է:

Օգնել մարդկանց, որ ընկալեն երևույթն ու փոխեն վերաբերմունքը.

Հիշեք` մարդկանց հայացքների, հարցերի պատճառն անտեղյակությունն է: Հաճախ պարզ հետաքրքրասիրությունից ելնելով նրանք կարող են երկար նայել ձեր երեխային, մեկնաբանություններ անել կամ հարցեր տալ: Եթե մեկ անգամ օգնեք նրանց հասկանալու նրանց անծանոթ երևույթը, մեկընդմիշտ կկարողանաք լուծել խնդիրը: Համբերատար եղեք մարդկանց հետ և հիշեք` նրանք մեղավոր չեն, որ փորձ չունեն:

Օգնել երեխային լիարժեք կյանքով ապրելու

Մանկապարտեզը, դպրոցն ու տարբեր խմբակներն առաջին հնարավորություններն են երեխային ընտանիքից դուրս մեկ այլ միջավայր դուրս բերելու համար: Օգնեք ձեր երեխային ինքնահաստատվելու, մի փակեք նրան տան պատերի ներսում, թույլ տվեք հասակակիցների միջավայրում լինել ու ապրել զարգացման բնականոն փուլերն այնպես, ինչպես մյուս երեխաները: Կարող է թվալ, որ առանց մանկապարտեզի էլ կարելի է, բայց հասակակիցների հետ շփումը հասարակություն դուրս գալու առաջին քայլն է: Դա հավասարապես անհրաժեշտ է թե ձեր երեխային ու ձեզ, թե նրա մյուս հասակակիցներին և նրանց ծնողներին: Որքան շուտ դուրս գաք, ընկերներ ձեռք բերեք և կապեր հաստատեք, այնքան հեշտ կհաղթահարեք հաղորդակցման և մեծ հասարակությունում լիարժեք ներառվելու դժվարությունը:

Անի Պետրոսյան, Զարուհի Բաթոյան

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.