accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Կարեն Քոլոյան

«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Ինչ է հոդախախտը

0

Ինչ է հոդախախտը

Եթե նախկինում այն կոչվում էր բնածին հոդախախտ, ապա հիմա ամբողջ աշխարհում ընդունված է այն անվանել զարգացող հոդախախտ: Հոդախախտ ասելով` մենք նկատի ունենք կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրները: Կան երեխաներ, ովքեր ծնվում են առանց հոդախախտի, բայց թույլ զարգացած կոնքազդրային հոդով, և եթե երեխային ճիշտ չխնամեն, այդ ոչ ճիշտ զարգացած հոդը կարող է վերածվել հոդախախտի:

Որն է առաջացման պատճառը և ինչպես է այն դրսևորվում

Հոդախախտի առաջացման հստակ պատճառը մինչ օրս բժշկագիտության համար մնում է անհայտ: Այն դրսևորվում է կոնքազդրային հոդերի ոչ սիմետրիկությամբ: Կան մի քանի խումբ մարդիկ, որոնց մոտ հոդախախտ ունենալու ռիսկը շատ մեծ է: Այդ խմբերին են դասվում`

  • աղջիկ երեխաները,
  • երեխաներ, որոնց մոտ առկա է կապանային գերճկունություն, գերակտիվ են,
  • երեխաներ, ովքեր ծնվում են ոչ թե գլխով, այլ հետույքով,
  • երեխաներ, որոնց մոտ առկա են այլ խնդիրներ,
  • կա նաև գենետիկ գործոն. եթե մայրը հոդախախտ ունի, ապա երեխայի մոտ նույն խնդիրն ունենալու հավանականությունը մեծ է:

Որոնք են հոդախախտի բուժման տարբերակները

Հոդախախտի բուժման կամ կանխարգելման համար շատ կարևոր է այն վաղ հայտնաբերել և զբաղվել դրա բուժմամբ: Նախկինում այս հարցում շատ մեծ դեր էին կատարում մանկաբույժները, ովքեր զննում էին բոլոր նորածիններին և հայտնաբերում կոնքազդրային հոդի խախտումները: Սակայն միայն ստուգելով երբեմն անհնար է լինում հայտնաբերել հոդի խախտումը: Դրա համար էլ որոշ երկրներում զարգացավ կոնքազդրային հոդի սոնոգրաֆիկ հետազոտումը, որը որպես սկրինիգ ընդունվեց բոլոր ծննդատներում: Այս սկրինինգի արդյունքում առանձնացվում է երեք խումբ`

  1. երեխաներ, որոնց մոտ չկա կոնքազդրային հոդի խախտում,
  2. երեխաներ, որոնց մոտ առկա է ոչ լիարժեք զարգացած հոդ. նրանք պարտադիր կերպով իրենց կյանքի ընթացքում անցնում են սոնոգրաֆիկ հետազոտություն, մինչև հոդը սկսի լիարժեք զարգանալ,
  3. երեխաներ, որոնց մոտ ախտորոշվում է հոդախախտ, և անմիջապես սկսվում է բուժումը:

Աշխարհի շատ երկրներ, օրինակ` Շվեյցարիան, Ավստրիան, պարտադիր կերպով կիրառում են այդ սկրինինգը, սակայն, օրինակ, ԱՄՆ-ն հրաժարվեց այն ընդունելուց, քանի որ մեկ երեխային նման սկրինինգի ենթակելու համար անհրաժեշտ է մոտ 500 դոլար, բացի այդ, այնտեղ մանկաբույժները շատ փորձառու են և զգույշ: Մի աննշան խնդրի դեպքում նրանք երեխային ուղարկում են օրթոպեդի մոտ, մեզ մոտ մանկաբույժները հիմնականում թոքերն են լսում:

Վաղ շրջանում հոդախախտի վերացումն ավելի հեշտ և էժան է: Հոդախախտերից խուսափելու, դրանց առկայության դեպքում վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման համար անհրաժեշտ է զերծ մնալ երեխաներին բարուրելուց: Իսկ ոչ ճիշտ, ոչ սիմետրիկ քայլվածքի դեպքում ծնողները պետք է դիմեն մանկական օրթոպեդին:

«Արաբկիր» բժշկական կենտրոն է տարեկան այցելում 20-30 երեխա, որոնց մոտ հոդախախտը նկատել են շատ ուշ` արդեն քայլելու ընթացքում: Այդ տարիքում բուժումն ավելի թանկ է, վերջնական արդյունքն էլ կարող է ոչ լիարժեք լինել:

Թեև հոդախախտերի բուժման և կանխարգելման համար հայաստանցի բժիշկները դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի այդ սկրինինգը պարտադիր դառնա նաև բոլոր ծննդատներում, նախարարությունն այն մերժել է` պատճառաբանելով, որ լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում: Հայաստանում միայն մի քանի ծննդատներ կան, օրինակ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, Մարգարյանի, որտեղ նորածինները պարտադիր կերպով անցնում են կոնքազդրային հոդի սոնոգրաֆիկ հետազոտություն, որը դառնում է հոդախախտի վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման հիմնաքար:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.