Խխունջային ներպատվաստումից առաջ և հետո կատարվող աշխատանքների մասին
Խխունջային ներպատվաստումը այսօր աշխարհում լսողության վերականգնման եզակի և լավագույն միջոցն է: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում իմպլանտի տեղադրումից առաջ և հետո, ի՞նչ դեր ունեն երեխաների լսողության վերականգնման հարցում հատուկ մանկավարժները և ծնողները: Այս մասին զրուցել ենք սուրդոմանկավարժ, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության ամբիոնի դոցենտ Ինեսսա Հարությունյանի հետ:
- Ի՞նչ է խխունջային ներպատվաստվումը, և ո՞ր դեպքում է այն իրականացվում:
Մարդու ականջը կազմված է երեք մասից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին, միջին ականջները կատարում են մեխանիկական ֆունկցիա՝ ձայնը արտաքին միջավայրից փոխանցում են ներքին ականջ: Ներքին ականջում ձայնը փոխակերպվում է էլեկտրական իմպուլսի, ապա խխունջի մազակազմ բջիջները փոխանցում են այդ ազդակը դեպի լսողական նյարդ, և այդկերպ մարդը կարողանում է լսել:
Երբ խխունջի բջիջները վնասվում են, և ազդակն այլև չի փոխանցվում լսողական նյարդին, առաջանում է 4-րդ աստիճանի ծանրալսություն: Տարածված կարծիք կա, թե չլսելու պատճառն այն է, որ վնասված է լսողական նյարդը, սակայն այդպես չէ, իրականում վնասված են խխունջի բջիջները: Դրա դեմ չկա դեղամիջոց, և լսողական սարքը նույնպես բավարար չէ: Եթե 2-րդ և 3-րդ աստիճանների դեպքում կարելի է բավարարվել լսողական սարք տեղադրելով, ապա 4-րդ աստիճանի դեպքում դիմում են վիրահատության:
Տեղադրվող իմպլանտը կատարում է մահացած բջիջների ֆուկցիան: Իմպլանտը կազմված է 22 էլեկտրոդից, որից յուրաքանչյուրը կատարում է որևէ ֆուկցիա: Այն ունի երկու մաս` ներքին և արտաքին: Ներքինը տեղադրվում է մաշկի տակ՝ վիրահատական եղանակով, իսկ արտաքինը՝ խոսքային պրոցեսորը, տեղադրվում է վիրահատությունից 4 շաբաթ անց, երբ ապաքինվում է վիրահատությունից հետո առաջացած սպին: Որքան վաղ է կատարվում վիրահատությունը, այնքան ավելի լավ արդյունք է գրանցվում: Ճիշտ է կատարել վիրահատությունը մինչև 5 տարեկանը, քանի որ այդ ժամանակահատվածում է տեղի ունենում երեխայի խոսքի ձևավորումը:
- Ի՞նչ աշխատանքներ են կատարվում նախավիրահատական շրջանում:
- Նախավիրահատական շրջանում կատարվող աշխատանքները տևում են 3-6 ամիս: Առաջնահերթ կատարվում է լսողական սարքի տեղադրում, անցկացվում են բժշկական, հոգեբանական և մանկավարժական հետազոտություններ՝ տեսնելու համար` առկա՞ են արդյոք զուգակցված խնդիրներ: Նախավիրահատական շրջանում երեխան պետք է սովորի մասնագետին, որի հետ աշխատում է, խաղի միջոցով պետք է հասկանալ, թե երեխան ինչպիսի ձայներ է լսում: Օրինակ՝ նա կարող է լսել թմբուկի ձայնը, սակայն սուլիչինը՝ ոչ: Դա նշանակում է, որ երեխան ցածր հաճախականության ձայները լսում է, իսկ բարձրը՝ ոչ:
Կազմակերպվում են խաղեր, որոնք ձայնի նկատմամբ ռեֆլեքս են ձևավորում: Երեխան վերցնում է որևէ առարկա և ձայնը լսելուն պես կատարում է գործողություն: Օրինակ՝ քանդված բուրգի մի հատվածը՝ խաղալիքը, երեխան վերցնում է իր ձեռքում, սուրդոմանկավարժը արձակում է ձայն ՝ ոչ խոսքային ձայն, հարվածում է սեղանին, բայց այնպես, որ երեխան չտեսնի, իսկ ինչո՞ւ սեղանին, որովհետև սեղանի միջոցով կարելի է զգալ վիբրացիան: Լսելով ձայնը՝ երեխան խաղալիքը դնում է բուրգի համապատասխան հատվածում: Առաջին անգամ կատարում է մայրը, ապա` երեխան: Այսպիսի խաղերը կարող են տևել 10-15 րոպե, ապա անցնում են ոչ խոսքային ձայների մեկ այլ խմբի՝ առանց վիբրացիայի ձայների: Օրինակ՝ թմբուկի ձայնը, սուրդոմանկավարժը հարվածում է թմբուկով, երեխան լսում է ձայնը և կատարում գործողություն, ապա անցնում են բարձր հաճախականություն ունեցող ձայներին, օրինակ՝ սուլիչի ձայնին: Պետք է օգտագործել ոչ խոսքային ձայների բոլոր սպեկտրները:
Սրանք ընդամենը խաղեր են, բայց մասնագետին հնարավորություն են տալիս զարգացնելու լսողական ընկալումը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում պետք է խրախուսել երեխային:
Երբ այդ ամենը ավարտվում է, անցնում են խոսքային ձայներին՝ սուրդոմանկավարժը փակում է բերանը, որպեսզի երեխան չտեսնի բերանի շարժումները, և արտաբերում է ցածր, բարձր և միջին հաճախականություն ունեցող հնչյունային կապակցություններ՝ օրինակ՝ պա-պա-պա, ապա նաև շշշշ, սսսս, որոնք ունեն բարձր հաճախականություն: Մասնագետի նպատակն է ձևավորել լսողանական ընկալում: Օրինակ` երբ երեխան շուն բառի փոխարեն ասում է ուն, դա մեծ արդյունք է, և չի կարելի ուղղել: Այս փուլում յուրաքանչյուր ծնող ունի իր օրագիրը, որտեղ գրվում են վարժությունը: Այն, ինչ անում է սուրդոմանկավարժը, ծնողը պետք է կատարի տանը, նաև պետք է տեսագրվի ծնողի աշխատանքը, որպեսզի սուրդոմանկավարժը կարողանա ճիշտ ուղղություն ցույց տալ ծնողին:
Պարապմունքն ընդհանուր առմամբ տևում է 1 ժամ, որի ընթացքը պետք է ընդմիջվի երեխայի նախընտրած խաղերով: Հնարավոր է` երեխան պարապի 15-20 րոպե, ապա սկսի խաղալ: Եթե երեխան ուզում է խաղալ, նրան չպետք է հակառակը պարտադրել, քանի որ ավելի լավ է քիչ պարապել, բայց լիարժեք:
Երեխան և ծնողը կարող են փոխվել դերերով, և սովորեցնողի դերում լինի երեխան, սա շատ կարևոր է, քանի որ այդ ժամանակ երեխան սկսում է գիտակցել այդ ամենի կարևորությունը:
- Հետվիրահատական շրջանում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվում։
- Հետվիրահատական շրջանում աշխատանքներ են կատարվում ոչ միայն երեխաների, այլ նաև ծնողների հետ: Ծնողները հաճախ սպասում են, որ վիրահատությունից հետո երեխան կկարողանա միանգամից խոսել, այնինչ այդպես չէ: Վիրահատությունից հետո դեռ 1-2 տարի կատարվում են աշխատանքներ, որպեսզի երեխան սկսի հասկանալ խոսքը: Ծնողը տանը նույնպես պետք է աշխատի երեխայի հետ: Նշենք նաև, որ վերջին սերնդի խոսքային պրոցեսորները կարող են ֆիքսել, թե քանի´ ժամ է երեխան խոսք լսել, քանի ժամ` աղմուկ և լռություն:
Հետվիրահատական շրջանում աշխատանքները կատարվում են հետևյալ կերպ՝ առաջին 5 րոպեն, ինչպես նախավիրահատական շրջանում, անցկացվում են ռեֆլեքս ձայնի նկատմամբ վարժություն-խաղերը, որն այսպես կոչված նախավարժանքն է: Ապա խնդրում են երեխային կրկնել սուրդոմանկավարժի արձակած հնչյունները, օրինակ՝ աաաա: Ապա անցնում են բառեր սովորելուն, սկսում են առօրյա հաճախակի օգտագործվող բառերից: Ասենք՝ մեկ դասի ընթացքում պետք է սովորել շուն, կատու, տուն բառերը: Դա կրկին կատարում են խաղի միջոցով: Օրինակ՝ կարող են վերցնել մեքենայի նկար, վրան դնել շան նկար, և երեխայի հետ միասին պատմել նկարների մասին. շունը նստեց մեքենան, շունը գնաց մեքենայով, շունն իջավ մեքենայից: Այստեղ շատ կարևոր է, որ մասնագետը շատ անգամ արտաբերի այն բառը, որը երեխան պետք է սովորի:
Կամ մեկ այլ խաղ՝ երեխային տալիս են գնդակ և խնդրում, որ երեխան գլորի, երբ ասում են շուն, իսկ երբ ասում են կատու` չգլորի:
Զառա Ասկարյան