accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Զառա Ասկարյան

Լրագրող

Խոսքի զարգացման խնդիրները

0

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել:

Խոսքի զարգացման խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերին է անդրադառնում լոգոպեդ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը:

Դիսլալիա (թլվատություն)

Խոսքի տարածված խնդիրներից է դիսլալիան (թլվատություն): Այն հնչարտաբերման խնդիր է՝ լսողության ու արտաբերական ապարատի պահպանված նյարդավորման պայմաններում: Դիսլալիայի ժամանակ դիտվում են հնչյունների փոխարինումներ, շփոթումներ, հազվադեպ հանդիպում է նաև հնչյունների բացթողում: Գոյություն ունի թլվատության 2 տեսակ՝ օրգանական և ֆունկցիոնալ:

Օրգանական թլվատության պատճառ կարող են լինել կարճ սանձիկը, մեծ և դժվարաշարժ լեզուն, գմբեթաձև կոշտ քիմքը և այլն:

Ֆունկցիոնալ թլվատության ժամանակ արտաբերական օրգաններում օրգանական առանձնահատկություններ չկան. երեխայի սխալ հնչարտասանությունը կարող է լինել շրջապատի սխալ խոսքի հետևանք:

Մինչև 5 տարեկանը երեխայի մոտ առկա հնչարտասանության թերությունները ֆիզիոլոգիական են, այսինքն` մինչև 5 տարեկանը ծնողները կարող են չանհանգստանալ, սակայն եթե դիսլալիան շարունակվում է 5 տարեկանից հետո, այդ դեպքում արդեն հարկ է դիմել մասնագետի:

Թլվատության առաջացման պատճառներից մեկն այն է, որ երեխայի հետ խոսում են երեխայի լեզվով՝ կրկնելով նրա սխալները, որի հետևանքով սխալ արտասանությունն ամրապնդվում է:

Հնչյունները սխալ արտասանող երեխաներին ծնողները կարող են օգնել` տվյալ հնչյունը արտահայտիչ արտասանելով ու նրա արտասանության ժամանակ լեզվի, շրթունքների դիրքը բացատրելով: Եթե, օրինակ` երեխան սխալ է արտասանում է «ս» հնչյունը, կարելի է նրա ուշադրությունը հրավիրելով իրար մոտեցող ատամների, ժպտացող շուրթերի ու օդի սառը հոսքի վրա: «Շ» հնչյունի սխալ արտասանության դեպքում երեխայի ուշադրությունը կարելի է հրավիրել կլորացող շուրթերի ու օդի տաք հոսքի վրա: Թլվատության դեպքում ծնողներին խորհուրդ է տրվում շարունակ չուղղել երեխաների սխալ արտասանած հնչյունները, քանի որ դա երեխաների մոտ բացասական հակազդում է առաջացնում: Երեխան երբեմն նույնիսկ խուսափում է այդ հնչյունն առհասարակ արտասանելուց:

Ռինոլալիա (ռնգախոսություն)

Ռնգախոսությունը ձայնի տեմբրի և հնչարտասանության խնդիրն է, որը պայմանավորված է արտաբերական ապարատի անատոմաֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Խոսքային շնչառության խաթարման հետևանքով ձայնը ձեռք է բերում ռնգային՝ քթային երանգ: Բաց օրգանական ռնգախոսությունը փափուկ և/կամ կոշտ քիմքերի բնածին ճեղքի հետևանք է:

Այս դեպքում խորհուրդ է տրվում շրթունքի և քիմքի վիրահատություն կատարել՝ ճեղքը վերացնելու նպատակով: Մինչև վիրահատությունը ծնողը պետք է բժշկի օգնությամբ ապահովի երեխայի սնվելու գործընթացը, իսկ լոգոպեդը երեխայի արտաբերական օրգանները նախապատրաստի ճիշտ հնչարտաբերմանը:

Փակ օրգանական ռնգախոսության դեպքում հիմնականում քթի խոռոչում լինում են գոյացություններ, որոնք խոչընդոտում են օդի արտահոսքը քթով, ինչի հետևանքով խաթարվում է ռնգային «մ» և «ն» հնչյունների արտասանությունը:

Մինչև լոգոպեդական աշխատանքները սկսելը վիրահատական ճանապարհով պետք է հեռացնել այդ գոյացությունները:

Ծնողները այս դեպքում կարող են փորձել ակտիվացնել փափուկ քիմքի շարժունակությունը: Դրան նպաստում է կում-կում ջուր խմելը, հորանջելը: Սակայն ռնգախոսության դեպքում որևէ վարժություն սկսելուց առաջ անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հասկանալու համար ռնգախոսության պատճառը, ինչից հետո պետք է օգտվել լոգոպեդի խորհրդատվությունից, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարող են խորհուրդ տրվել վարժությունների որոշակի համակարգ ու միջամտություն:

Կակազություն

Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խնդիրն է, որն ուղեկցվում է արտաբերական, շնչառական և ձայնային ջղաձգումներով: Երգելիս կամ բանաստեղծություն արտասանելիս մարդը չի կակազում, քանի որ խոսքը ձեռք է բերում որոշակի տեմպ և ռիթմ: Սակայն դա չի վերացնում խնդիրը: Այս դեպքում խորհուրդ չի տրվում որևէ վարժություն անել, ինքնաբուժմամբ զբաղվել: Կակազության առաջացման պատճառ կարող են լինել ինչպես վախերը, սթրեսները, այնպես էլ երկարատև հոգեկան ապրումները, մասնավորապես, եթե երեխան հաճախ ականատես է լինում ընտանեկան վեճերի, ընտանիքում տիրում է անառողջ մթնոլորտ, երեխան չի ուզում մանկապարտեզ հաճախել, երեխայի դաստիարակությամբ զբաղվում են ընտանիքի տարբեր անդամները` դրսևորելով տարբեր, երբեմն իրարամերժ մոտեցումներ ու պահանջներ, երեխան հարկ եղած ուշադրության չի արժանանում կամ նրան գերխնամում են, չափազանց ծանրաբեռնում տարիքին ոչ համապատասխան խոսքային նյութով և այլն:

Կակազող երեխաները հիմնականում շատ ընկալունակ են, զգայուն, խելացի: Նրանց ընկալունակությունն ավելի է ոգևորում ծնողներին` հաճախ դառնալով բազմաթիվ բանաստեղծություններ, պոեմներ, տարբեր լեզուներ սովորեցնելու առիթ: Ծնողները պետք է խուսափեն երեխային գերծանրաբեռնելուց, սահմանափակեն համակարգչից օգտվելու ու հեռուստացույց նայելու ժամաքանակը: Կարևոր է, որ դա ոչ թե արգելվի, այլ նրան որևէ ավելի հետաքրքիր զբաղմունք առաջարկվի, օրինակ՝ միասին որևէ խաղ խաղալ, զբոսնելու գնալ և այլն: Իսկ երբ երեխային արգելում են համակարգչի կամ հեռուստացույցի առաջ ժամանակ անցկացնել` փոխարենը ոչինչ չառաջարկելով, դա դրական արդյունքի չի հանգեցնում` երեխային դրդելով անհանգստության ու լարվածության:

Դիզարտրիա

Դիզարտրիան խոսքի արտաբերական կողմի խնդիր է` պայմանավորված արտաբերական ապարատի նյարդավորման խնդիրներով: 65% դեպքում դիզարտրիան հանդիպում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ունեցող երեխաների մոտ: Դիզարտրիայի ժամանակ կարող է դիտվել արտաբերական մկանների գերլարվածություն, մկանային տոնուսի թուլություն, երբեմն էլ մկանային փոփոխվող լարվածություն: Դիզարտրիայի դեպքում դիտվում է գերթքածորություն, լեզուն շարժելու դժվարություն, երեխայի կամքից անկախ դրսևորվող շարժումներ, լրացուցիչ շարժումներ, և այս ամենը, իհարկե, դժվարացնում է նրանց խոսելու գործընթացը: Այս երեխաների խոսքը դժվարությամբ է ընկալվում: Ծանր դեպքերում դրսևորվում է անարտրիա, ինչի ժամանակ խոսելը դառնում է անհնար:

Եթե ծնողն ուզում է օգնել երեխային և կատարել որոշակի վարժություններ, նախ պետք է հաշվի առնի, թե ինչպիսին է նրա մկանային լարվածությունը: Եթե առկա է մկանային բարձր լարվածություն, ապա պետք է կատարվի լեզուն թուլացնող մերսում: Այն կարելի է կատարել մատով` թույլ շոյող շարժումներով՝ ներսից դեպի դուրս, ինչպես նաև մի կողմից մյուսը: Այս մերսումները նպաստում են մկանների թուլացմանը: Եթե մկանային լարվածությունը թույլ է, ապա պետք է մերսել թույլ սեղմումներով, հպումներով:

Դիզարտրիայի դեպքում, նպատակ հետապնդելով երեխային սովորեցնել կատարելու արտաբերական շարժումներ, կարելի է նրա քթի ծայրին կաթեցնել մի կաթիլ մուրաբա կամ խտացրած կաթ, ու երեխային խնդրել, որ փորձի լեզուն դուրս հանել, բարձրացնել ու դիպչել այդ կաթիլին: Իհարկե, հնարավոր է` երեխային միանգամից չհաջողվի դա անել:

Նաև կարելի է կատարել որոշակի շնչառական վարժություններ, օրինակ՝ խորանարդիկներով դարպաս պատրաստել, բամբակից՝ գնդակ, և երեխայի հետ «ֆուտբոլ» խաղալ` առաջարկելով գնդակը փչելով մտցնել դարպասը: Կարելի է նաև մանր կտրատված թղթեր դնել սեղանին և խնդրել երեխային փչել, որպեսզի թղթերը սեղանից թռչեն և այլն:

Դիզարտրիայի ժամանակ կարելի է նաև կատարել ձայնային վարժություններ: Օրինակ` ծնողները կարող են արտասանել ձայնավորներ և խնդրել երեխային կրկնել: Օրինակ՝ աաաաա, օօօօօօօօօօ, ապա ձայնավորների քանակը շատացնել, օրինակ՝ աաաաօօօօօօօ, որքան կհերիքի երեխայի արտաշունչը: Պետք չէ ստիպել, որ նա չափից ավելի շատ ուժ գործադրի: Այս վարժությունը սովորեցնում է երեխայի կարողանալ իր խոսքը բաշխել մեկ արտաշունչի վրա:

Իհարկե, նախևառաջ պետք է խորհրդակցել լոգոպեդի հետ ու համատեղ որոշել երեխայի հետ աշխատանքի ռազմավարությունը:

Ալալիա (անխոսություն)

Ալալիան (անխոսություն) երեխաների խոսքի թերզարգացումն է կամ բացակայությունը` պահպանված լսողության և մտավոր ունակությունների պայմաններում: Լինում է` շարժողական, զգայական, խառը: Անխոսությունը գլխուղեղի կեղևի գոտիների ախտահարման հետևանք է: Շարժողական ալալիայի ժամանակ նկատվում է գլխուղեղի խոսքաշարժողական կենտրոնի (Բրոկայի) ախտահարում և դրսևորվում է արտաբերական նպատակային շարժումներ կատարելու դժվարություններով: Շարժողական դժվարությունները նկատելի են նաև այս երեխաների մատների շարժումներում: Խոսքը նույնպես վերաբերում է նպատակային շարժումներին: Նրանք, օրինակ, կարողանում են ավազով հմտորեն ու արագ գործողություններ կատարել, բայց դժվարանում են մատների կոնկրետ շարժումներով ավազը վերցնել ու տեղափոխել:

Զգայական ալալիայի ժամանակ ախտահարվում է գլխուղեղի խոսքալսողական կենտրոնը (Վերնիկեի): Զգայական ալալիայի դեպքում երեխան չունի խոսքաշարժողական դժվարություններ, սակայն նա խոսքն ընկալում է որպես աղմուկ, հետևաբար չի խոսում: Հայտնի է, որ խոսքի ձևավորման հիմքում ընդօրինակումն է, ուստի չընկալված խոսքը հնարավոր չէ ընդօրինակել:

Այս երեխաները հաճախ դիտվում են որպես աուտիզմ, երբեմն էլ մտավոր ու լսողության խնդիր ունեցողներ:

Խառը տեսակի անխոսության դեպքում նկատվում է խոսքաշարժողական և խոսքալսողական դժվարությունների համադրում, հետևաբար երեխան դժվարանում է ինչպես նպատակային արտաբերական շարժումներ կատարել, այնպես էլ ընկալել իրեն ուղղված խոսքը:

Խոսքային շարժումները զարգացնելու նպատակով ծնողը կարող է երեխայի հետ համապատասխան խաղեր խաղալ, որտեղ լեզուն հանդես է գալիս որպես մարդուկ ու որոշակի շարժումներ է կատարում:

Զգայական ալալիայի դեպքում փորձում են բարելավել երեխայի կողմից խոսքն ընկալելու կարողությունը: Սխալ է այս երեխաների հետ շատ բարդ ֆրազներով, բարձրաձայն խոսելը, որն ավելի է դժվարացնում խոսքի ընկալումը:

Խոսքի ընկալումը բարելավելու նպատակով պետք է բառերն արտասանելիս ցույց տալ համապատասխան առարկան կամ նրա նկարը, գործողությունները կատարելուն զուգահեռ անվանել դրանք: Օրինակ` «Ես լվանում եմ ատամներս»: Ի դեպ, երեխայի կատարած գործողությունները ճիշտ կլինի առաջին դեմքով արտասանել, որպեսզի նրա մեջ ի սկզբանե ճիշտ ձևավորվեն սեփական խոսքի քերականական կառույցները:

Բարդ դեպքերում հարկ է լինում սկսել ոչ խոսքային ձայների ընկալումը զարգացնելուց:

Իհարկե, պետք է իմանալ, որ ցանկացած խնդրի դեպքում տանը կատարվող վարժությունները, խաղերը, չեն կարող վերջնական լուծում լինել: Անհրաժեշտ է լինել լոգոպեդի հսկողության տակ, հաճախել պարապմունքների ու մշտապես հետևել նրա խորհուրդներին ու ցուցումներին:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.