accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Լիա Սայադյան

ԹԱՐԳՄԱՆԻՉ

Կախարդական ֆոտոշարքի ազդեցությունը

0

Ֆլորիդացի Քրիստինա Բիուլեյն առաջին անգամ իր դուստր Ժիզելին Դիսնեյ Լենդ տարավ 2014-ի սեպտեմբերին։ Չորսամյա աղջնակը սիրում է այն ամենը, ինչ կապված է Դիսնեյի հետ՝ սկսած Pixar մուլտֆիլմի հերոսներից մինչև Wreck-It Ralph, Baymax և Tinkerbell մուլտֆիլմերը։

Ժիզելը Դաունի համախտանիշ ունի, շատ է սիրում Դիսնեյի հերոսների հագուստները, որոնք նրա համար կարում է մայրը։ Այն ընթացքում, երբ փոքրիկը վայելում է իր հեքիաթային հագուստները թեմատիկ զբոսայգում, նրա մայրը՝ Քրիստինան, ով լուսանկարիչ է և աշխատում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, լուսանկարում է Ժիզելին, իսկ լուսանկարները խմբագրելիս երբեմն-երբեմն հատուկ էֆեկտներ ավելացնում. արդյունքները շլացուցիչ են։

Կախարդանք` սա միակ ձևն է նկարագրելու Դիսնեյի աշխարհի ազդեցությունը Ժիզելի վրա։

- Նա չի խոսում, սակայն դուք կարող եք տեսնել, թե ինչպես է շողում, երբ գալիս ենք այստեղ,- ասում է Քրիստինան։

Բիուլեյները Դիսլեյ Լենդ են այցելում ամիսը մոտ մեկ անգամ։

- Ամեն անգամ  այնտեղ գնալուց հետո Ժիզելն ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում։ Նա աստիճանաբար սկսում է ավելի շատ բառ արտասանել, քան նախկինում, այլևս այդքան ամաչկոտ չէ,- ասում է Ժիզելի մայրը՝ ավելացնելով, որ դերասաններն օգնում են իր աղջկան դուրս գալու պատյանից։

- Մեզ համար սա պարզապես անսովոր ֆոտոշարք չէ, այլ հնարավորություն՝ հետևելու նրա ծաղկունքին։

Քրիստինայի խոսքով` հաշմանդամություն ունեցող երեխա մեծացնելը սովորեցրել է նրան «ավելի դանդաղ ընթանալ և վայելել փոքր բաները կյանքում»։ Մինչ մարդիկ շտապում են՝ փորձելով տեսնել Դիսնեյ Լենդի հնարավոր զվարճանքի ավելի  շատ կետեր, նրա ընտանիքը ուրիշ մարտավարություն է ընտրում.

- Ժիզելն այդպիսին չէ։ Նա սիրում է զբոսնել այգում, հոտոտել ծաղիկները, կարուսել նստել, նայել երթերը և հանդիպել նոր մարդկանց։

Ժիզելի մայրը հուսով է, որ երբ մարդիկ նայեն իր դստեր լուսանկարներին, չեն կենտրոնանա նրա հաշմանդամության վրա, այլ պարզապես կտեսնեն «մի փոքրիկ աղջկա, որ հիանալի ժամանակ է անցկացնում՝ վայելելով կյանքի ամենաանմեղ ու անհոգ շրջանը»։

- Ես չեմ ուզում, որ մարդիկ տեսնեն նրա՝ Դաունի համախտանիշը, որովհետև դա նրա միայն մի մասնիկն է, իսկ իմ աղջիկն ավելին է:

 

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.