accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը չպետք է անտեսի սեփական «ես»-ը

0

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, ի տարբերություն մյուսների, երբեմն ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց երեխաներին, ավելի շատ ջանքեր և էներգիա ծախսում, որպեսզի իրենց փոքրիկները լիարժեք ապրեն: Այս ամենի համար կան օբյեկտիվ պատճառներ, որովհետև տարբեր դժվարություններ ունեցող երեխաները ավելի շատ ծառայությունների կարիք ունեն, ինչը ծնողից ավելի մեծ ֆիզիկական և հոգեկան լարում է պահանջում: Բնականաբար, ծնողներն իրենց պարտականությունները սիրով են կատարում, սակայն մեծ պատասխանատվությունը երբեմն պատճառ է դառնում, որ մարդն ընդհանրապես մոռանա իր սեփական կարիքների, ցանկությունների մասին և անուշադրության մատնի իրեն, հավատալով, որ դա է միակ ճանապարհն իր երեխայի երջանիկ մանկությունն ապահովելու համար:

Բայց արդյո՞ք սեփական «ես»-ը մոռանալը միակ ճանապարհն է, և հնարավո՞ր է արդյոք այլ կերպ ապրել և վերաբերվել ծնողական պարտականություններին: Այս մասին իր կարծիքն է հայտնում հոգեբանական ծառայություններ մատուցող «ԱՊԱԳԱ» կենտրոնի բժիշկ-հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Արմեն Բեջանյանը:

Երեխայի ծննդից հետո սեփական «ես»-ը կորցնելը կամ այն մի կողմ դնելը հաճախ հանդիպող խնդիր է ու բնորոշ ոչ միայն հաշմանդամություն ունեցող փոքրիկների ծնողներին, այլ նաև նրանց, ովքեր անձնային խնդիրներ ունեն: Դա սեփական մեղքի զգացողության դրսևորման ձևերից է: Նման զգացողություններ կարող են ունենալ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը, միայնակ մայրերը կամ այլ խնդիրներ ունեցողները: Բնական է, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողն ավելի խորքային ապրումներ կարող է ունենալ, հաճախ մտածել, որ ինքն է սխալ որևէ բան արել, կյանքն է իրեն պատժել…

Բնականաբար, սրանք սխալ մտքեր են ու ծնվում են ներանձնային խնդիրների արդյունքում: Երեխայի կարիքները հոգալու, նրան խնամելու համար սեփական «ես»-ը մի կողմ դրած ծնողները, ովքեր պարփակված են, ամբողջ ուշադրությունն ու ժամանակը տվել են բացառապես երեխային, մոռացել են իրենց մասին, միայնակ չեն կարող շտկել իրավիճակը: Նրանց օգնություն, աջակցություն են հարկավոր: Լավ տարբերակ կարող են լինել հասարակական կազմակերպությունները, որոնց անդամները հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ են: Սոցիալական ակտիվությունը շատ լավ խթան կարող է հանդիսանալ ինքնագիտակցության ձևավորման, զարգացման և, ինչու ոչ, սեփական կյանքը կարևորելու, ձևավորելու համար: Այսինքն` պետք է անձին մղել սոցիալական ակտիվության: Սրանից նաև երեխան է շահում, որովհետև դադարում է ամբողջ օրը ճնշվել ծնողի «կարելի»-ներից ու «չի կարելի»-ներից:

Մարիամ Հովհաննիսյան. «Ամեն ինչ շատ պարզ է. կա խնդիր, որը միայն ծնողի միջոցով է լուծվում մեր մեր երկրում: Անընդմեջ ֆիզիոթերապիաներ, տարբեր կենտրոններով վազք, պարբերաբար առողջական ստուգումներ, երեխայի հետ հաճախում ես մանկապարտեզ, այնուհետև` դպրոց, եթե, իհարկե, չես ուզում, որ նա տանը նստի: Իսկ այդ գրաֆիկի մեջ հնարավոր չէ աշխատել, առավել ևս, եթե ամեն օր օգնող չունես: Բացի այդ, եթե ցանկանաս թեկուզ ամիսը մեկ օրդ ընկերներիդ հետ անցկացնել, միջոցներն էլ չեն մնում երեխայի կարիքները բավարարելուց հետո»:

Ծնողների կողմից գերխնամքի արժանացող երեխայի դեպքում ակամա առաջին հերթին նրա հաշմանդամությունն է շեշտվում: Եթե մարդկանց ըստ նրանց ունեցած խնդիրների չափենք` բոլորս էլ որևէ իրավիճակում կարող ենք հաշմանդամություն ունեցող մարդ համարվել, որովհետև այս կամ այն միջավայրում մեր գործողությունները ևս կարող են սահմանափակվել, ու մենք էլ կարող ենք այլոց օգնության կարիքն ունենալ: Ծնողը պետք է միջնորդ լինի երեխայի և սոցիումի միջև: Ոչ թե խնամի, թաքցնի մարդկանց աչքից, այլ օգնի երեխային ինտեգրվել հասարակությանը:

Ծնողները, հատկապես մայրերը, սեփական «ես»-ը կորցնելուց խուսափելու համար պետք է նախևառաջ պլանավորեն իրենց առօրյան, շաբաթը, այսինքն` հստակ իմանան, թե ի´նչ անելիքներ ունեն: Կինը պետք է իր ցուցակում տեղ հատկացնի`

  • աշխատանքին,
  • տնային գործերին,
  • ամուսնու հետ շփմանն ու հարաբերություններին,
  • ժամանցին,
  • սեփական խնամքին:

Վերոնշյալ կետերի փոխարեն հաճախ հանդիպում ենք փոշեկուլը ձեռքից ցած չդնող, առավոտից երեկո խոհանոցում օրն անցկացնող կամ միայն երեխայի խնամքով զբաղվող մեկին: Այս հանգամանքներում, բնականաբար, տուժում է ամբողջ ընտանիքը` ամուսինը, երեխան, նրանց հետ ապրող մյուս մարդիկ:

Նա պետք է հստակ իմանա, որ, օրինակ` այս ժամից այս ժամը պետք է սուրճ խմի հարևանուհու հետ, պետք է սովորություն դարձնի հաղորդակցվել այլոց հետ: Անձը սոցիալական էակ է ու անհատից անձ է դառնում այլոց հետ շփման շնորհիվ: Եթե դա բացակայում է, նա փակվում է չորս պատի մեջ ու ամբողջ օրը նվիրում երեխայի, ամուսնու կամ մոր խնամքին, սահմանափակում է կյանքի տված մյուս հնարավորությունները:

Նարինե Մանուկյան. «Փոքր տղաս, որը մանկական ուղեղային կաթված ունի, 6 ամսական էր, երբ մայրս հանկարծամահ եղավ: Աշխարհս մի պահ փլվեց, դադարեցի լիաթոք շնչել… Որոշ ժամանակ անց հասկացա, որ ինձ դադար է պետք, ու չնայած փոքրիկիս հետ օրական 2-3 թերապիաների էի գնում` շաբաթը 6 օր, ու դա նրան անհրաժեշտ էր, փորձեցի ինքս ինձ մի քիչ ժամանակ հատկացնել: Հրաժարվելով մի քանի հոբբիներից, դայակ գտա, որին վստահեցի, և սկսեցի մի քիչ, շաբաթական 2 օր ԱՊՐԵԼ ինձ համար, մեծ որդուս ու ամուսնուս համար: Փոքրիկս էլ չտուժեց, քանի որ մյուս օրերին ավելի հանգիստ ու քիչ նյարդային էի լինում, ոչ թե համբերատար, այլ կարոտա՜ծ: Կարծում եմ, որ երեխան միայն շահում է, եթե մայրիկն ինքնաբավ ու հանգիստ է, գոնե որոշ չափով, ինչքան հնարավոր է: Տատիկներն ու մյուս հարազատները պետք է օգնեն պահել հավասարակշռությունը: Պետք չէ ինքնահրկիզվել, քանի որ եթե մի օր մայրը սպառվի, ոչ ոք ու երբեք չի՛ կատարի նրա ֆունկցիան փոքրիկի համար: Սեփական «ես»-ի մասին մոռանալը «լավ ծնող» ասվածի հետ ոչ մի կապ չունի»:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.