accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Հարցուպատասխան առողջարանների և վերականգնողական կենտրոնների ուղեգրերի մասին

0

Առողջարանների և վերականգնողական կենտրոնների ուղեգրերի մասին ծնողների հարցերին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը:

Ի՞նչ է առողջարանային բուժումը:

Առողջարաններում բուժումն իրականացվում է ամբուլատոր եղանակով, որովհետև, որպես կանոն, առողջարանները կառուցվում են բնության գրկում և նպատակ ունեն ծառայելու նաև որպես հանգստյան գոտի:

Առողջարանային բուժումն իր մեջ ներառում է ջրաբուժություն, հանքային ջրով լոգանքներ, բուժում պարաֆինով, տորֆով և կավով, ֆիզիոթերապիա, ասեղնա- և տզրուկաբուժություն, բուժական ֆիզկուլտուրա, մերսում և այլն:

Առողջարաններ կան Ջերմուկում, Արզնիում, Վանաձորում, Ծաղկաձորում և այլուր:

Ի՞նչ է վերականգնողական բուժումը:

Ի տարբերություն առողջարանային բուժման` վերականգնողական բուժում ստանալու համար ամբուլատոր եղանակը պարտադիր չէ: Այդ մեկ ամսվա ընթացքում, երբ հաշմանդամություն ունեցող երեխան վերականգնողական բուժում է ստանում, կարող է որոշակի ժամաքանակով այցելել վերականգնողական կենտրոն: Այնտեղ երեխաները վարժությունների, մերսումների միջոցով բարելավում են իրենց ֆիզիկական վիճակը: Վերականգնողական կենտրոններում յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիոթերապևտը, հատուկ մանկավարժը կամ լոգոպեդը, ում հետ անցկացնում է բուժման կուրսը:

Հայաստանում պետական պատվերի շրջանակներում վերականգնողական բուժում կարելի է ստանալ Երևանի հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» վերականգնողական կենտրոնում (իր մարզային մասնաճյուղերով` Արմավիր, Գավառ, Իջևան, Գյումրի և Արտաշատ), Վանաձորի «Գուգարք» և Սպիտակի պոլիկլինիկաներում, «Կապան» բժշկական կենտրոնում, Ապարանի վերականգնողական առողջարանային կենտրոնում, «Արմենակ և Աննա Թադևոսյանների բժշկական կենտրոն» հիմնադրամում, Երևանի 9-րդ մանկական պոլիկլինիկայի կազմում գործող «Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոններում», Գյումրու Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոնում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում և «Արարատ» մոր և մանկան առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունում, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կազմում գործող վերականգնողական բաժանմունքում:

Ինչպե՞ս են բաշխվում ուղեգրերը, ինչպե՞ս է որոշվում, թե որ մարզին քանի ուղեգիր է տրամադրվելու:

Մարզային բաշխվածությունը կարգավորվում է այնտեղ ապրող երեխաների ընդհանուր թվի համամասնությամբ: Ընդհանուր երեխաների թվի գործակից է հանվում, և որոշվում է տվյալ մարզին տրվող ուղեգրերի քանակը: Մարզում գրանցված երեխաների թվի մասին տեղեկություն ՀՀ առողջապահության նախարարությունը ստանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ուղեգրերի ընդհանուր թիվը կախված է պետական պատվերի ծավալներից: Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող 8000 երեխա կա: Բնականաբար, նրանք բոլորը չեն կարող առողջարանային բուժում ստանալ, առողջարանային բուժումը երրորդ և ոչ պարտադիր փուլն է: Մինչև առողջարանային բուժումն այդ երեխաներն իրենց անհրաժեշտ բուժօգնությունը ստանում են վերականգնողական կենտրոններում` ամբուլատոր կամ ստացիոնար եղանակով: Իսկ առողջարանային բուժումը վերջին փուլն է:

2014 և 2015 թվականներին առողջարանային բուժում ստանալու համար քանի ուղեգիր է տրամադրվել:

2014-ին «Արարատ» մոր և մանկան առողջարան» ՓԲԸ-ում առողջարանային բուժում և սպասարկում է ստացել հաշմանդամություն ունեցող 151, Ապարանի վերականգնողական առողջարանային կենտրոնում` 121 երեխա:

2015-ին` համապատասխանաբար 81 և 125 երեխա:

Ինչպե՞ս ձեռք բերել վերականգնողական բուժում ստանալու համար անհրաժեշտ ուղեգիրը:

Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը նախևառաջ պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկա, այնտեղից ստանա վերականգնողական բուժում ստանալու ուղեգիր: Նշենք, որ դրա վրա չի նշվում կենտրոնի անունը, ծնողն ինքն է ընտրում` որտեղ գնալ:

Առողջարանային բուժման համար ի՞նչ պետք է անի երեխայի ծնողը:

Այս դեպքում երեխայի ծնողը պետք է դիմի մարզպետարան կամ քաղաքապետարան:

Հրամանը` http://www.moh.am/OrenqGorcox/chaporoshich/Arlis.pdf

Հնարավո՞ր է, որ ծնողին մերժեն ուղեգրերի սպառված լինելու պատճառաբանությամբ:

Հնարավոր է, որովհետև առողջարանային բուժումն անհետաձգելի չէ, պլանային է ու համարվում է վերականգնողական բուժման երրորդ փուլ: Հաշմանդամություն ունեցող երեխայի հիմնական բուժումն առողջարանային պայմաններում չի իրականացվում:

Կախված առողջական խնդիրներ ունեցող երեխայի վիճակից և ախտորոշումից` այն կարող է իրականացվել տարեկան միջինը 3­-4 անգամ, սակայն ոչ ավելի, քան 2 անընդմեջ հերթափոխ՝ մեկ տարվա ընթացքում: Բուժումը կազմակերպվում է հերթափոխային եղանակով, բուժման մեկ հերթափոխի տևողությունը` 18­-24 օր (կախված ախտորոշումից և երեխայի վիճակից), իսկ մանկական ուղեղային կաթվածի դեպքում` մինչև 30 օր (անհատական մոտեցմամբ):

Ինչ վերաբերում է վերականգնողական կենտրոնում բուժում ստանալու համար տրվող ուղեգրերին, ապա դրանք սահմանափակ չեն, ու ծնողին չեն կարող մերժել դրանց բացակայության հիմքով (Հայաստանի առողջապահության նախարարի 2013 թ. նոյեմբերի 1-ի N 70­Ն հրամանի համաձայն):

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.