accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Մենք 3 տարեկան ենք, բայց դեռ չենք խոսում

0

Լինում են դեպքեր, երբ փոքրիկն արդեն 3 տարեկան է, բայց կա´մ դեռ չի խոսում, կա´մ էլ շատ քիչ, անհասկանալի ու կցկտուր է արտահայտում բառերը: Իսկ ի՞նչ պետք է անեն ծնողները նման դեպքերում: Լա՞վ է դա, թե՞ վատ: Արժի՞ անհանգստանալ, թե՞ ամեն ինչ կարգին է, ու դեռ պետք է սպասել:

Այս հարցերին պատասխանելու համար պետք է քաջատեղյակ լինել, թե ինչպե´ս է երեխաների խոսքի գործառույթը զարգանում:

3 ամսականում երեխայի մոտ զարգանում են էմոցիոնալ արտահայտչամիջոցները: Փոքրիկը սկսում է դիմախաղի կամ վերջույթների շարժման միջոցով արձագանքել, օրինակ` մայրիկի խոսքին, գուրգուրանքներին: 5 ամսականում երեխան սկսում է ձայնարկություններ անել՝ գղգղանքի շրջանը: 6 ամսականում արդեն վանկեր է արտասանում՝ բա, մա, տա, պա….

1-2 տարեկանն ընկած ժամանակահատվածը երեխայի խոսքի զարգացման ամենաակտիվ շրջանն է: Երեխան արդեն հստակ հասկանում է շրջապատող մարդկանց խոսքը, կարող է իր գործողություններով արձագանքել նրանց:

1 տարեկանում երեխան կարողանում է 10 բառ արտասանել ու հասկանում է, երբ մայրիկն իրեն է դիմում:

2 տարեկանում նա արդեն կարողանում է 100 բառ արտասանել ու բառակապակցություններ կազմել: Այդ տարիքում երեխան ակտիվորեն կիրառում է շրջապատի մարդկանցից լսած բառերն անգամ այն դեպքում, երբ դրանց իմաստը չի հասկանում: Նա սկսում է հարցեր տալ, դիմել մեծահասակներին, ինչ-որ բան խնդրել և այլն:

2,5 տարեկանում երեխայի օգտագործած բառերի թիվը 200-300-ի է հասնում: Նա ասում է իր անունը, սովորում ու տարբերակում է կենդանիների ձայները: Նա արդեն կարող է պատմել, թե ի´նչ է տեսնում նկարում, կամ ի´նչ է պատահել բակում խաղալիս: Իսկ արդեն 3 տարեկանում նա կարող է հետաքրքրությամբ հեքիաթներ լսել, հասկանալ ու հարցեր տալ սյուժեի, կերպարների մասին: Նա կարող է բանաստեղծություններ սովորել, երգել: Այս հասակում նրա խոսքն արդեն անծանոթ մարդիկ ևս կարող են հասկանալ: Այսինքն՝ 3 տարեկանում երեխան կարող է մեծահասակների հետ երկխոսության մեջ մտնել, օտարների համար ընկալելի խոսել:

Եթե ձեր երեխան 3 տարեկան է ու չի խոսում կամ չի խոսում այնպես, ինչպես հարկն է, ապա անհանգստանալու տեղիք կա: Սա նշանակում է, որ խնդիրներ կան, ու ժամանակը ձեր երեխայի օգտին չի աշխատել: Ու որքան երկար սպասեք, որ ամեն ինչ ինքնըստինքյան շտկվի, այնքան կվնասեք ձեր երեխային:

Ինչ անել

Առաջին հերթին պետք է դիմեք նյարդաբանին: Նա կզննի ձեր երեխային ու ցուցումներ կտա հետագա քայլերի համար: Դուք պետք է նաև հետևյալ մասնագետներին այցելեք`

  • քիթ-կոկորդ-ականջաբանի,
  • հոգեբանի,
  • հատուկ մանկավարժի:

Բացի մասնագետներին այցելելուց, դուք ինքներդ էլ պետք է աշխատեք: Որքան հնարավոր է շատ շփվեք ձեր երեխայի հետ: Օրինակ` եթե նրան խնդրում եք որևէ իր բերել մյուս սենյակից, ապա հետո հարցրեք, թե ի´նչ է բերել ձեզ համար, ի´նչ գույն ունի տվյալ իրը կամ որտե´ղ էր դրված:

Երեխաներին օգնեք խոսել սովորելու: Դրա համար նրան օրինակներ տվեք. «Սա շուն է, սա կատու է, սա գնդակ է…» Աշխատեք հնարավորինս պարզ ու հստակ արտասանել բոլոր բառերը:

Բացի ընտանիքի անդամների հետ շփումից, շատ կարևոր է, որ երեխան ժամանակ անցկացնի նաև իր հասակակիցների հետ, մանկապարտեզ հաճախի, բակում խաղա:

Երեխայի հետ հաճախ այնպիսի խաղեր խաղացեք, որոնք կնպաստեն նրա ձեռքերի մոտորիկայի զարգացմանը, քանի  որ վերջինը մեծ կապ ունի երեխայի խոսքի գործառույթի զարգացման հետ:

Որպես ամփոփում նշենք, որ 3 տարեկանն այն շրջանն է, երբ երեխան հստակ խոսք պետք է ունենա, դրա բացակայությունն արդեն ահազանգ է ծնողների համար: Հիշե´ք` ինչքան շուտ դիմեք մասնագետներին, այնքան արագ կկարողանաք հասկանալ, թե ինչպե´ս օգնել երեխային, ի´նչ միջոցներով նպաստել նրա խոսքի զարգացմանը:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.