accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Վիկտոր Փինեդա

Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային ծրագրման բաժնի դասախոս, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից

«Ներառականությունը կախարդական կամ սուպերգիտական մոտեցում չէ»

0

Հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց տվեցին` եթե ժամանակը հետ շրջելու հնարավորություն ունենայի, ի՞նչ կանեի, ի՞նչ կփոխեի: Հարցի շուրջ բոլորս կարող ենք ինքներս մեր մեջ մտածել, բայց ես տվել եմ այս հարցի պատասխանը դեռ այն ժամանակ, երբ դեռ դպրոցական էի: Եզրահանգումս այնքան զորեղ էր, որ ինձ գրեթե անխոցելի եմ զգում:

Արդյոք հե՞տ կշրջեի ժամանակն ու կփոխեի կյանքս այնպես, որ առանց հաշմանդամության ապրեի: Դժվար հարց է, բայց ես հասկացա, որ իմ հաշմանդամությունն ինձ անզոր չդարձրեց, հակառակը՝ հարստացրեց ինձ:

Եթե կարողանայի հետ շրջել ժամանակը, ինչ-որ կախարդական ձևով ձերբազատվել խնդիրներից, շատ բաներ ավելի հեշտ կլինեին, կենցաղային տարբեր ծառայություններից օգտվելու, օրինակ՝ զուգարան գնալու, հաց ուտելու և մնացած պարզ գործողությունների կատարման համար ոչ մի օգնության կարիք չէի զգա: Երևի թե ուրիշ մարդ կլինեի, բայց միաժամանակ ինձ զրկած կլինեի այն հարուստ ընկալումից, որ ունեմ աշխարհի նկատմամբ, և իմ կյանքի կարևոր մի հատված ուղղակի կջնջեի:

Եվ այս գիտակցումն էր, որ թույլ տվեց ընդունել, որ ես նոր հայացքով կարող եմ նայել աշխարհին: Ունեցածս վախը կապված էր «հաշմանդամ» բառի հետ, որ նշանակում է արժեք չունեցող: Ես հասկացա, որ շատ արժեքներ ունեմ, շատ բան ունեմ մյուսների հետ կիսելու և ամեն օր պիտի աշխատեմ, որպեսզի ինքս ինձ ավելի հարստացնեմ, նոր հմտություններ ձեռք բերեմ ոչ միայն ինձ, այլ նաև ուրիշներին տալու համար:

Ավագ դպրոցում համադասարանցիներս ինձ ծաղրում էին, երբ ինչ-որ տեղ էի գնում, մարդիկ սկսում էին զննել ինձ և զրուցում էին քրոջս կամ եղբորս, ոչ թե ինձ հետ: Ռեստորանում նույնպես ինձ ուղեկցողից էին հարցնում, թե ինչ եմ ցանկանում, կարծես ինքնուրույն չէի կարող ասել:

Որոշ աշխատակիցներ-ուսուցիչներ ինձ ասում էին՝ «մեծ նպատակներ մի՛ դիր քո առաջ, հեշտ կյանքով ապրիր, մի՛ ծանրաբեռնիր քեզ, քոլեջ մի՛ գնա, մեծ բաների հետևից մի՛ վազիր՝ չես կարողանալու հասնել»: Ինչպե՞ս կզգա մարդը դրանից հետո:

Բարեբախտաբար, շատ ուժեղ ընտանիք ունեի, ինձ օգնող և օժանդակող մանկավարժներ և ձեռք մեկնող ընկերներ: Հայրս ինձ թույլ էր տալիս, որ սխալվեմ, ռիսկի դիմեմ, ճանաչեմ աշխարհը, որ ինքնուրույն որոշումներ կայացնեմ, անգամ եթե դրանք սխալ լինեին կամ հանգեցնեին բացասական հետևանքների: Այդ սխալներն օգնեցին ավելի ուժեղ դառնալու:

Այնպիսի մանկավարժներ եմ ունեցել, ովքեր քաջալերում էին ինձ, ուղղորդում դեպի մեծ նպատակներ, անգամ երբ համոզված չէին, թե դա ինչպես կանեմ: Ասում էին՝ եթե Վիկտորն ուզում է դա անել, ուրեմն կգտնի ճանապարհը:

Եղբայրս՝ Պատրիկը, ինձնից երեք տարով փոքր է: Միշտ ինձ լսում էր, ինձնից չէր նեղանում, չնայած շատ վատ բաներ էի անում: Օրինակ՝ ասում էի՝ Պատրիկ, ինձ հետաքրքիր է` այն ծառի վրայից ի՞նչ տեսարան է, կարո՞ղ ես բարձրանալ ու նայել, հետո իջնել ու պատմել ինձ: Նա բարձրանում էր, հերթով թվարկում էր՝ Վիկտոր, սա եմ տեսնում, սա, սա, բայց մի խնդիր կա, չեմ կարողանում իջնել: Ես էլ ասում էի՝ ոչինչ, թռի՛ր: Եթե ինչ-որ բան ինքս չէի կարող անել, ասում էի, նա էր անում: Երբեմն վտանգում էի նրան, բայց լավ ժամանակ էինք անցկացնում: Երբ Պատրիկի հետ կռվում էինք, ոչ մի խտրականություն չկար, կռիվ էր՝ հավասարը հավասարի հետ:

Երբ ասում եմ ներառականություն, խոսքը հատուկ, կախարդական կամ սուպերգիտական մոտեցումների մասին չէ, դա մարդկանց հետ շփվելու նորմալ ճանապարհ է, այնպես, ինչպես շփվում ենք հաշմանդամություն չունեցող մարդկանց հետ:

Կան բաներ, որոնցով մենք՝ հաշմանդամություն ունեցողներս, տարբերվում ենք, օրինակ՝ այսինչ բանը այլ կերպ ենք անում, բայց դա չպետք է պատճառ լինի, որ սահմանափակենք մեր նպատակները, գետնին հավասարեցնենք մեր երազանքները:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.