Ոչ ֆորմալ կրթություն բոլորի համար
Ոչ ֆորմալ կրթությունը կրթատեսակ է, որը ստեղծվել է ժամանակի մարտահրավերները լուծելու համար: Եթե ֆորմալ կրթությունը հիմնականում ուղղված է մարդկանց մտավոր ունակությունների զարգացմանը, էրուդիցիայի խորացմանը, վերլուծական մտածողության զարգացմանը` բավականաչափ գիտելիքներ ու դրանց հետ աշխատելու գործիքներ տրամադրելով, ապա ոչ ֆորմալ կրթությունն ուղղված է հիմնականում արժեքների, մոտեցումների, վարվելակերպի ձևավորմանը:
Շատ հաճախ թյուրըմբռնում է լինում, և ինտերակտիվությունը շփոթում են ոչ ֆորմալ կրթության հետ, ինչը սխալ է: Ամեն ինտերակտիվ, խաղային, հետաքրքիր բան չէ, որ ոչ ֆորմալ է: Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև դրանից հետո փորձում ենք հասկանալ` եթե դա չէ, ապա ի՞նչ է: Ոչ ֆորմալ ուսուցումը առանձնահատուկ կրթատեսակ է առանձնահատուկ խնդիրներ լուծելու համար:
Ոչ ֆորմալ կրթությունը մշակվել է կոնկրետ կառույցների կողմից կոնկրետ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար և այսօր էլ հիմնականում դրան է ծառայում: Ոչ ֆորմալ կրթությունը երբեք չի կարող փոխարին ֆորմալ կրթությանը: Այն ավելի շատ ստեղծված է քաղաքացիական խնդիրների, ակտիվությանն աջակցելու համար: Ոչ ֆորմալ կրթությունը առավել լավ է լուծում մարդու անհատական ու սոցիալական խնդիրները:
Այս կրթական ինստիտուտը հիմնականում հիմնված է երկու կառույցների` Եվրամիության և Եվրախորհրդի շրջանակներում, այդտեղի կրթական, փիլիսոփայական, սոցիոլոգիական մտքի վերլուծության վրա. ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ բացեր ունի ֆորմալ կրթությունը, ինչպե՞ս կարելի է այլընտրանքային ինչ-որ ձևեր առաջարկելով դրանց լուծումներ տալ:
| Ներառական ոչ ֆորմալ կրթություն
Շատ կարևոր է, որ լինեն այնպիսի դասընթացներ, որտեղ ամբողջական խումբը կազմված կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանցից: Տրամաբանական կլինի նաև այդպիսի դասընթացներ ունենալ: Մյուս տիպի դասընթացները օգտակար են երկուսի համար էլ: Մարդիկ, որ ունեն հաշմանդամություն և ընդգրկվում են այս խմբի մեջ, քայլ է դեպի հասարակություն, դեպի ինտեգրում:
Ոչ ֆորմալ կրթությունը պետք է ներառական լինի: Շատ խնդիրներ կան, բայց պետք է այդ ուղղությամբ էլ շարժվել: Թրեյնինգ վարողները անպայման պետք է վերապատրաստում անցնեն` հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցանելու համար: Բաներ կան, որ մարդիկ ընդհանրապես չեն պատկերացնում, չգիտեն, թե ինչ պետք է անել: Հեշտ չէ: Պետք է նախ մասնագիտական գիտելիք ունենալ, հետո նվազագույն մոտիվացիա, որպեսզի հասկանաս, թե ինչ կարգի խնդիրներ են լինում, որ խնդրի համար ի՛նչ ադապտացիա է հարկավոր:
Շատ հաճախ թրեյներները վերցնում են այդ պատասխանատվությունը` առանց պատրաստ լինելու, հետո խնդրի առջև են կանգնում: Տեղանքի մատչելիությունը Հայաստանում ամենալուրջ խնդիրներից մեկն է: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և դա փոխարինում ենք մարդկային պոտենցիալով. եթե չկա հարթակ կամ վերելակ, խմբում կան մասնակիցներ, ովքեր պատրաստ են օգնելու:
Իհարկե, փորձի արդյունքում ինչ-որ բաներ սովորում ես, բայց պետք չէ հեծանիվ հայտնագործել, երբ հաշմանդամության խնդրով մասնագիտացող կազմակերպությունները արդեն ունեն իրենց ուսուցանողները և մոտեցումները: Այստեղ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկենք ոչ միայն սպառողի, այլ նաև կիրառողի դերում: Պարտադիր չէ, որ նրանք միայն մասնակից լինեն, այս դեպքում կարող են թրեյներներ և ուսուցանողներ լինել, և դա էլ է կարևոր հասկանալ:
| Որո՞նք են այդ ծրագրերը, ինչպե՞ս մասնակցել դրանց
Հայաստանում միջազգային փոխանակման հնարավորությունները երիտասարդների համար այնքան էլ շատ չեն: Կան ծրագրեր, կազմակերպություններ, որոնք օգնում են երիտասարդներին միջմշակութային փոխանակություններ իրականացնելու: Եվրամիության հիմնական ծրագիրը, որ բաց է Հայաստանի համար, չնայած շատ քիչ մարդիկ են դրանից օգտվում 2004-2007 թթ., կոչվում էր «Երիտասարդություն», 2007-2013 թթ. երկրորդ հրատարակությունը լույս տեսավ, որը կոչվում էր «Երիտասարդությունը շարժման մեջ» և 2014-ից նոր հրատարակություն է լույս տեսել, որը կոչվում է «Erasmus+»:
Այս ծրագիրը հիմնականում խթանում է այն երիտասարդների շարժունակությունը և մասնակցությունը, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն: Խոսքը միայն հաշմանդամություն ունեցողների մասին չէ. կարող է լինել սոցիալական, կրթական, աշխարհագրական, լեզվական կամ որևէ այլ խոչընդոտ, որը դժվարացնում է այդ մարդու մասնակցությունը միջազգային ծրագրերին: Նրանց մասնակցությունը առաջին հերթին է խթանվում այս ծրագրերին և այս մասին պետք է իրազեկ լինեն թե՛ երիտասարդները և թե՛ նրանց ծնողները:
| Ի՞նչ է հարկավոր ծրագրերին մասնակցելու համար
Շատ բան կախված է թե՛ ծնողների, թե՛ մասնակիցների մոտեցումներից: Լինում են դեպքեր, երբ ծնողը աջակցում է, բայց երիտասարդը տեղից չի շարժվում, լինում է նաև հակառակը: Սակայն նրանք պետք է հասկանան, որ միջավայրը թշնամական չէ, այն կարող է պրոբլեմատիկ լինել ինչպես բոլորի համար, իրենց համար` գուցե մի քիչ ավելի, բայց միանգամից բոլոր խնդիրները չեն լուծվում:
Շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող մարդու մոտեցումը: Ամենակարևորը` նա պետք է պատրաստ լինի ընդունելու իրականությունը, գնահատելու իրավիճակը: Եթե նրա մոտեցումը բաց է, պատրաստ է ընդունելու իրավիճակը, և այդ իրավիճակում ուզում է առավելագույնը ստանալ, ուրեմն` կստանա:
Ոչ ֆորմալ կրթությունը ամբողջությամբ հարմարեցված է soft skills ուղղությանը, ու այս առումով, այն մարդկանց համար, ովքեր իրենց ֆիզիկական տվյալների պատճառով երբեմն դժվարություններ ունեն թեկուզ շփման, հասարակության մեջ իրենց տեղը գտնելու առումով, սա իրոք գտած բան է: Արժի, որ բոլոր ծնողները, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ, մտածեն, որ այս գործիքը կա նրանց համար և պետք է օգտագործել:
Զրուցեց Մարիամ Եղիազարյանը