Պարային թերապիան օգնում է ճանաչելու մարմինը
Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել:
Պարային թերապիայի և դրա օգտակարության մասին զրուցում ենք արվեստաբան, պարուսույց, պարային թերապիստ Հասմիկ Թանգյանի հետ:
- Ի՞նչ է պարային-շարժողական թերապիան։
Պարային-շարժողական թերապիան էքսպրեսիվ արտ թերապիայի մի տեսակ է, որն աշխատում է մարմնի հետ շարժման կամ պարի գործընթացում և օգնում մարդուն նկատելու, հասկանալու, վերապրելու և արտահայտելու հույզերը և ներքին հակասությունները: Այս թերապիան հատկապես արդյունավետ է այն մարդկանց, երեխաների համար, ովքեր ունեն խոսքի, շփման խնդիրներ, քանի որ թերապիայի մասնակիցների միջև ստեղծվում է ոչ խոսքային հաղորդակցություն։
Պարային թերապիայի մեջ չկան սխալ և ճիշտ շարժումներ. ցանկացած շարժում բնական է, կարևոր և պարունակում է տեղեկատվություն մեր մասին։
Երբեմն օգտագործվում է երաժշտությունը` որպես օգնող տարր արտահայտելու համար ներքինը:
- Ի՞նչ խնդիրների դեպքում է կիրառվում պարային թերապիան։
- Պարային թերապիան կիրառելի է տարբեր խնդիրների դեպքում: Ինքս աշխատում եմ աուտիզմ, ուշադրության պակասի կամ հիպերակտիվության համախտանիշ, մանկական ուղեղային կաթված, մտավոր խնդիրներ և լսողության խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ: Եղել է դեպք, երբ հոգեկան վնասվածքի պատճառով երեխան դադարել էր խոսելուց, և պարային թերապիան օգնել է նրան նորից սկսել արտահայտվելու։
- Ինչպե՞ս է ազդում պարային թերապիան նշված խնդիրներն ունեցող երեխաների վրա։
- Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները պարային թերապիայի ընթացքում սկսում են ճանաչել իրենց մարմինը, նրա հնարավորությունները։ Սկսում են հասկանալ քայլելու ժամանակ ծանրության կենտրոնի ճիշտ տեղափոխման նրբությունները։ Երբ մարդը չի վստահում իր մարմնին, ապա կամաց- կամաց կորչում է նաև վստահությունը իր ուժերի, կյանքի, շրջապատող մարդկանց նկատմամբ, ուստի վերահաստատելով կապը մարմնի, մտքի և հույզերի միջև, վերականգնվում է վստահությունը մարմնի և նրա հնարավորությունների, ապա և կյանքի նկատմամբ:
Աուտիզմ ունեցող երեխաները հաճախ խոսքի միջոցով չեն կարողանում արտահայտել իրենց հույզերն ու զգացողությունները, և դրանք կուտակվում են մարմնի հիշողության մեջ, և մարմինը համապատասխան արձագանք է տալիս։
Արտահայտվելուց հետո այդ էմոցիաները հասկացվում են, մեկնաբանվում, ընդունվում, երեխան զգում է դա։ Իհարկե, աուտիզմ ունեցող երեխայի հետ աշխատելիս նախևառաջ շատ կարևոր է ձեռք բերել նրա վստահությունը: Երեխան պետք է ապահով զգա ստեղծված միջավայրում, վստահի և լինի լսված, միայն այդ դեպքում նա կսկսի լսել քեզ և խոսել քեզ հետ:
Պետք է նշել, որ բոլոր մարդկանց և երեխաների դեպքում գոյություն չունի համընդհանուր մոտեցում. ցանկացած երեխա անհատական մոտեցում է պահանջում։
- Կարո՞ղ եք նշել որևէ ունիվերսալ վարժություն, որը կօգնի տարբեր խնդիրներ ունեցող ունեցող երեխաներին։
Կա մի վարժություն, որը յուրաքանչյուրի համար կարող է հաճելի և օգտակար լինել: Օրինակ` ծնողի և երեխայի դեպքում՝ ծնողը փորձում է երեխայի շարժումների հայելային արտատպումն անել երաժշտության ներքո և ցույց տալ երեխային, որ նա տեսնում է նրա ցանկացած շարժում, այսինքն` լսում է նրան կամ փոքրիկի շարժումներին ի պատասխան մի փոքր ուշացումով տալիս է որևէ շարժումային արձագանք: Ստացվելու դեպքում աշխատում եք դերերը փոխել: Այս վարժությունը կսովորեցնի երեխային և ծնողին սպասել, լսել, ուսումնասիրել իրար և մտնել ոչ խոսքային հաղորդակցության մեջ:
Իհարկե, հնարավոր է, որ այս վարժությունները դուր չգան երեխային, և նա դիմադրություն ցուցաբերի այս տիպի շփմանը ևս, փորձեք խաղի վերածել և ոչ թե լուրջ «զրույցի»: