Սեռական կրթության անհրաժեշտությունը, երբ երեխան մտավոր խնդիրներ ունի
Սեքսի, սեռականության մասին գիտելիքների կարիք ունեն բոլոր երեխաներն ու դեռահասները: Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ բոլորի պես սեքսուալ մտքեր, ցանկություններ, հայացքներ, զգացողություններ ու պատկերացումներ ունեն:
Երբ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ արտահայտում են իրենց սեռականությունը, դա մյուսների կողմից որպես «խնդիր» է ընկալվում: Թեև մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ մյուսների համեմատ առավել հաճախ են բախվում անցանկալի հղիության, նրանք սեռավարակներ ստանալու և փոխանցելու ռիսկային գոտում են, ենթարկվում են սեռական շահագործման, նրանց սեռական դաստիարակությունը թերի է մնում, ու շատ ծնողներ պատշաճ ուշադրություն այդ հարցին չեն նվիրում:
Կարևոր է, որ բոլոր երիտասարդները կրթված լինեն սեքսի վերաբերյալ և հնարավորություն ունենան բացահայտելու, վայելելու և դրսևորելու իրենց սեքսուալությունը դրականորեն:
Սեքսուալ զարգացում
Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց մեծ մասի սեռահասունացման տարիքը նույնն է, ինչ մյուսների դեպքում, նրանք նույն հորմոնալ ու ֆիզիկական փոփոխություններն են կրում, ինչ մյուսները: Անհրաժեշտ ցուցաբերել անհատական մոտեցում, աջակցել և ավելի խորը, բայց միևնույն ժամանակ ավելի մատչելի գիտելիքներ տրամադրել: Օրինակ, կարող են կարևոր լինել «հանրային» և մասնավոր» կոնցեպտները և պարզաբանել, թե որ վարքագիծը որտեղ է նպատակահարմար կիրառել։
Պետք է նկատի ունենալ, որ մտավոր խնդիր ունեցող յուրաքանչյուր դեռահաս ինքը կարող է հուշել, թե որքան մատչելի պետք է լինի նրան տրվելիք ինֆորմացիան:
Սեռական վնասի բարձր ռիսկայնություն
Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ բնակչության մյուս խմբերի համեմատությամբ ավելի շատ են ենթարկվում շահագործման, այդ թվում՝ սեռական բռնության: Առանց բավարար սեքս կրթության և պաշտպանողական վարքի ընկալման, նրանք կարող են հայտնվել սեռավարակների և չպլանավորված հղիության ռիսկային խմբում։
Վտանգի ենթարկվելու ռիսկը մեծացնող գործոնները մի քանիսն են.
- Սեռական խնդիրների մասին գիտելիքների պակասը
- Սեքսի մասին սխալ տեղեկատվությունների ստացումը ոչ հավաստի աղբյուրներից
- Սեփական մարմնում կատարվող փոփոխությունները չընկալելը
- Շրջապատի օգնությունից կախված լինելը և նրանց վստահելը
- Զիջողականությունը նրանց հանդեպ, ում աջակցության կարիքը կա
- Ինքնավստահության բացակայությունը
- Գերպաշտպանված կենսակերպը և սահմափակված սոցիալական շփումները
Ի՞նչը կարող է ծնողներին կամ խնամակալներին խոչընդոտել սեռական դաստիարակության հարցում
Ընդհանուր որոշ պատճառներով շատ ծնողներ ու խնամակալներ կարող են բաց թողնել երեխայի սեռական դաստիարակության պահը.
- Տարածված կարծիք կա, թե մտավոր խնդիրներ ունեցող դեռահասները սեքսի մասին գիտելիքների կարիք չունեն, քանի որ նրանք միշտ «երեխա» են մնալու և սեռահասունություն չեն ապրելու:
- Շատ ծնողներ կարծում են, թե թեմային տեղյակ լինելը կարող է նպաստել պրակտիկ գործողություններին կամ անցանկալի հղիությանը: Նրանք հույս ունեն, թե չիմացությունն իրենց երեխաներին հետ է պահում սեռական ցանկությունից: Իրականում ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում:
- Որոշ ծնողներ կարծում են, թե բարդ է սեքսի մասին խոսել ու առավել բարդ կլինի մտավոր խնդիրներ ունեցող անձի դեպքում:
- Ծնողներ էլ կան, ովքեր փորձել են թեման շոշափել, բայց սխալ տարբերակ ընտրելով` չեն կարողացել երեխային պատշաճ ու հասանելի ինֆորմացիա տրամադրել: Անհաջող փորձերը կարող են հետ պահել նրանց:
- Շատերին կարող են խանգարել ազգային ավանդույթներն ու կարծրատիպերը: Ոչ բոլոր ընտանիքներում են ծնողները երեխաների հետ սեքսի մասին խոսում:
- Ծնողները կարող են հույսը դպրոցի վրա դնել ու տանը չանդրադառնալ այդ հարցին:
Գիտելիքների տրամադրման ընդհանուր բարդություններ
Որևէ մեկը չի ասում, թե հեշտ է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասին սեքսի մասին գիտելիքներ տալը: Որևէ մեկը չի ասում, թե բոլոր ծնողները պատրաստ են ու գիտեն, թե ինչպես անել: Ընդհանուր դժվարություններ կան, որ հանդիպում են ծնողներից շատերին.
- Առավել դանդաղ տեմպով կրթելը
- Հաղորդակցության խնդիրներ
- Գրագիտության սահմանափակ հմտություններ
- Աբստրակտ մտածողության և ըմբռնման դժվարություններ
- Անհանգստությունը՝ առնչվող կենսափորձին:
Սեռական կրթության ասպեկտները
Եթե սեռական դաստիարակության իդեալական մոդելի մասին խոսենք, ապա այն պետք է տեղեկություններ պարունակի.
- Ինքնագնահատականի
- Հարաբերություններ զարգացնելու և պահպանելու սոցիալական հմտությունների,
- Հանրային և մասնավոր մարմնի մասերի, վայրերի և վարքի
- Տարբեր տեսակի հարաբերությունների
- Անձնական անվտանգության- պաշտպանիչ վարքագծի
- Հարաբերությունների հաղթահարման կամ մերժման
- Սեքսի և հարաբերությունների, այդ թվում` ամուսնության
- Սեռական հասունության ժամանակ ֆիզիկական ու զգայական փոփոխությունների
- Նույնասեռականության
- Դաշտանի
- Վերարտադրողական ֆունկցիայի
- Տեղին ու անտեղի սեռական դրսևորման
- Սեռավարակների
- Անվտանգ ու ապահով սեքսի
- Ձեռնաշարժության
- Բեղմնականխման մասին:
Սեռական դաստիարակության առավելությունները
Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների համար սեռական դաստիարակության առավելություններից են.
- Սոցիալական հմտությունների ավելացումը
- Բարձր ինքնագնահատականը
- Ինքնուրույնությունը
- Սեռականության հանդեպ ունեցած պատասխանատվության ավելի մեծ զգացումը
- Սեռական բռնության, սեռավարակների և անցանկալի հղիության ռիսկի նվազեցումը
- Վարքագծի փոփոխությունը
- Առողջ ընտրությունը
- Ռիսկային վարքագծի նվազեցումը:
Սեռական դաստիարակության ճիշտ ժամանակը
Առաջարկները ներառում են.
- Երեխան երբեք փոքր չէ մարմնի մասերի անուններն իմանալու, «հանրայինը» և «անձնականը» տարբերակելու համար:
- Ծնողները պետք է հետևեն, թե երեխաները ե՛րբ են սկսում հետաքրքրություն ցուցաբերել սեքսի նկատմամբ. օրինակ` եթե ֆիլմում համբույրի տեսարանի ժամանակ սկսում են հարցեր տալ:
- Սեռական դաստիարակությունը ենթադրում է շարունակական գործընթաց, այն մեկանգամյա զրույց չէ: Դեռահասները պետք է մի թեմայից մյուսին անցնեն, պետք է յուրացնեն ինֆորմացիան: Երբեմն դա կարող է երկարատև գործընթաց լինել, քանի որ հատկապես մտավոր խնդիրներ ունենալու դեպքում երեխաները մատչելի ինֆորմացիայի կարիք ունեն:
Հիշել
- Հաճույք ստանալու, սեռական ցանկություններն արտահայտելու և առողջ ապրելակերպի համար բոլոր դեռահասները մարդկային շփման, սեռական դաստիարակության կարիք ունեն:
- Սեռական դաստիարակությունը կարող է նվազեցնել բռնության, անցանկալի հղիության, սեռավարակների ռիսկը:
- Ճիշտ ժամանակ ընտրեք թեմային անդրադառնալու համար: Երեխան ինքը ձեզ կհուշի, թե երբ է պետք գործի անցնել:
- Չափազանց լուրջ մի՛ եղեք:
Աղբյուրը՝ betterhealth.vic.gov.au