accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Սովորում ենք ինքնուրույն լինել

0

Շատ ծնողների համար բարդ է ընդունել, որ իրենց փոքրիկը մի օր մեծանալու է: Խնդիրն առավել ընդգծվում է, երբ խոսքը հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է, քանի որ այս դեպքում ավելի մեծ է մտավախությունը, թե հաշմանդամություն ունեցող երեխաները երբևէ չեն կարողանա ինքուրույն լինել, գործը գլուխ բերել առանց ծնողների: Իհարկե, նրանք երբեմն ավելի շատ օգնության և աջակցության կարիք ունեն, բայց հաճախ խնդիրն այնքան նրանց մեջ չէ, որքան ծնողների պատկերացումների և ճիշտ դաստիարակության: Եթե գործնական քայլեր անենք, ապա նույնիսկ տարբեր դժվարություններ ունեցող երեխաները հնարավորինս շուտ կսովորեն հոգ տանել իրենց մասին և ավելի քիչ կախվածության մեջ կլինեն իրենց շրջապատող մարդկանցից:

| Նախ և առաջ` դադարեք նրա փոխարեն ինչ-որ բան անել՝ շորերը հագցնել, նրա համար փոքրիկ կենցաղային գործեր անել: Եթե նա կարողանում է իր խաղալիքները դասավորել պահարանում, գրքերը դարակներում դնել, հագուստը փոխել, սնունդ ընդունել և այլն, ապա թողեք, որ ինքնուրույն անի դա, թեկուզ դժվարությամբ: Թվում է` սրանք աննշան գործողություններ են, որ մայրիկները ձեռքի հետ հասցնում են անել, բայց այդ ամենը երեխային ստիպում է ինքնուրույն լինել տնից սկսած:

| Երբ ընտանիքում որևէ հարց է քննարկվում, հատկապես, եթե դա վերաբերում է հաշմանդամություն ունեցող ձեր փոքրիկին, չպետք է նրան մեկուսացնել զրույցի ժամանակ: Եթե նույնիսկ ամեն ինչ արդեն որոշված է, միևնույն է, պետք է երեխային հնարավորություն տալ իր կարծիքը հայտնելու և իրեն մասնակից զգալու: Անհրաժեշտ է երեխային ցույց տալ, որ նրա դերը կարևոր է ընտանիքում, օրինակ` նոր կահույք ընտրելիս նրա կարծիքը ևս հարցրեք, կարևորեք նրա դերը որոշումների կայացման հարցում:

| Նրանց որոշումներ կայացնելու և ընտրության հնարավորություն տվեք: Եթե նույնիսկ կարծում եք, որ այդքան էլ լավ բան չի ընտրում իր համար, և նրա ընտրությունը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, այդուհանդերձ, փորձեք վստահել նրան: Եթե նույնիսկ սխալվում է, նա պետք է ինքնուրույն դա զգա և հասկանա, որ դա իր որոշման արդյունքն է:

| Բացի դպրոցից, լավ կլինի, եթե նա կարողանա որևէ խմբակի, որևէ այլ պարապմունքի մասնակցել, որտեղ կշփվի հասակակիցների հետ, ինքնաարտահայտման հարթակ կունենա: Ի դեպ, չպետք է «խղճալ» նրան, եթե շատ հանձնարարություններ ունի տանը կատարելու: Դասերը պատրաստելիս ուղղորդեք նրան, բացատրեք, եթե որևէ բան չի հասկանում, բայց երբեք նրա փոխարեն մի´ կատարեք տնային հանձնարարությունները: Դա նրան պատասխանատվությունից խուսափելու ճանապարհը ցույց կտա:

| Հնարավորության դեպքում նրան մասնակից դարձրեք իր տարիքային խմբին հարմար մշակութային իրադարձություններին, մի´ զրկեք նրան դպրոցական միջոցառումներից և երեկույթներից: Պարտադիր չէ, որ դպրոցական բոլոր առիթներին նրան ուղեկցեք. այդկերպ դասընկերներին թույլ կտաք հոգալ իրենց դասընկերոջ մասին, նրան ավելի մոտ լինել, ավելի լավ ճանաչել:

| Երեխային հնարավորություն տվեք երբեմն ձեզնից հեռու գտնվել: Կարելի է սկսել տատիկի տնից կամ էլ ընկերներին հյուր գնալուց: Կարճ ժամանակով տնից բացակայելը թույլ կտա նրան ավելի մեծ և հասուն զգալու: Լավագույն տարբերակը, իհարկե, մանկական ճամբարներն ու հավաքներն են: Եվ չպետք է անհանգստանալ սննդի և կենցաղային այլ պայմանների մասին, այս դեպքում ամենակարևորը շփումն է, սեփական կենցաղն ու առօրյան կազմակերպելը և, իհարկե, առանց ծնողների ապրելու փորձը:

| Այս բոլոր քայլերը, թերևս, անարդյունավետ կլինեն, եթե երեխայի մոտ բարձր ինքնագնահատական ձևավորելու քայլեր չանեք: Մարդու կայացման կարևորագույն պայմանը բարձր ինքնագնահատականն է: Առանց դրա ձեր երեխան չի կարողանա ինքնաբավ լինել: Նա պետք է զգա, որ հպարտանում եք իրենով, իր կատարած նույնիսկ փոքրիկ քայլերով, չնչին թվացող ձեռքբերումներով: Նա պետք է զգա, որ վստահում եք իրեն:

| Այս ամենի մեջ, սակայն, կարևոր մի կետ կա: Թերևս ամենակարևորը. ձեր փոքրիկին հաճախ ասեք, որ սիրում եք նրան: Հավատացեք` նա գիտի այդ մասին, սակայն ցանկանում է նորից ու նորից լսել: Սերն ավելի քան որևէ այլ բան ուժ և ինքնավստահություն է հաղորդում մարդուն:

Մի քանի փորձ, և ինքներդ կտեսնեք, որ ձեր երեխան հաղթահարում է մեծանալու «սովորական» դժվարությունները ու ձեր խորհուրդների, հոգատարության ու վստահության շնորհիվ մեծ աշխարհ է մտնում որպես ինքնուրույն և հասուն մարդ:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply