Տեսողության խնդիր ունեցող երեխաները և զարգացնող խաղերը
Տեսողության խնդիր ունեցող երեխաների հետ անցկացվող զարգացնող խաղերի մասին զրուցում ենք Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, տիֆլոմանկավարժ Ռոբերտ Ազարյանի հետ:
- Քանի՞ խմբի են բաժանվում տեսողության խնդիր ունեցող մարդիկ:
- Տեսողության խնդիր ունեցող անձինք բաժանվում են երեք խմբի՝ չտեսնող, մնացորդային տեսողություն ունեցող և թույլ տեսնող: Չտեսնող մարդկանց մոտ տեսողությունը 0 է, մնացորդային տեսողություն ունեցող մադիկ կարող են տարբերակել լույսը և խավարը, դեմքից 30 սմ հեռավորության վրա կարող են հաշվել մատները, 30 սմ-ից այն կողմ չեն տեսնում, իսկ թույլ տեսնող մարդկանց մոտ տեսողության սրությունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում: Գոյություն ունի նաև դպրոցական կարճատեսություն` երբ երեխան նորմալ տեսողությամբ ընդունվում է դպրոց, սակայն տարիների ընթացքում ձեռք է բերում կարճատեսություն, քանի որ լուսավորությունը բավարար չէ, գրելու-կարդալու ժամանակ հեռավորությունը չի պահպանել, շատ է նստում համակարգչի առաջ և այլն, պատճառները շատ-շատ են:
- Մնացորդային տեսողություն ունեցող երեխաների մոտ ինչպե՞ս կարելի է զարգացնել տեսողական ընկալումը:
- Այս երեխաների մոտ տեսողական ընկալումը կարելի է զարգացնել՝ հենվելով այդ պահպանված մնացորդային տեսողության վրա: Նրանց հետ աշխատանքի ընթացքում հենվում են նաև լսողական ընկալման վրա, ինչպես նաև պետք է զարգացնել երեխայի շոշափելիքի զգայարանը: Շոշափելիքի զգայարանի զարգացման համար կան հատուկ վարժություններ, օրինակ՝ վերցնում են տարբեր մակերևույթ ունեցող գնդակներ՝ հարթ, ուռուցիկ, ֆուտբոլի, բասկետբոլի, և, շոշափելով, երեխան սկսում է տարբերակել, թե որն ինչպիսի մակերևույթ ունի:
Կամ` գնդակով մեկ այլ խաղ. հարվածել տարբեր առարկաներին, աստիճանաբար հեռավորությունը մեծացնել, չտեսնող երեխաների համար պետք է լինի ձայնային գնդակ:
Խճանկարի խաղը նույնպես զարգացնում է շոշափելիքի զգայարանը, վերցնում են տարբեր տիպի խճանկարներ՝ մանր, խոշոր, և երեխան, դրանցով խաղալով, սկսում է տարբերակել: Կարող են երեխային տալ տարբեր մակերևույթ ունեցող թղթեր և խնդրել գտնել հարթ թուղթը:
Այժմ մասնագետներն աշխատում են այն ուղղությամբ, որ տեսողության խնդիր ունեցող մարդիկ նաև ոտքով շոշափելով զգան գետնի մակերևույթը, զգան` ձյուն է, սառույց, թաց, ավազ թե ցեխ: Սկզբնական փուլում դարձյալ տալիս են տարբեր մակերևույթ ունեցող գնդակներ և խնդրում, որ երեխան բոբիկ ոտքով շոշափելով սկսի զգալ տարբերությունը:
- Չտեսնող մարդկանց հետ ինչպիսի՞ զարգացնող վարժություններ և խաղեր կարելի է անցկացնել:
- Չտեսնող մարդկանց համար նախատեսված են հատուկ համակարգիչներ, որոնք բարձրաձայն ասում են ամեն ինչ, եթե, օրինակ` մարդը տպելիս սխալ է արել, ապա համակարգիչն ասում է այդ մասին, ինչպես նաև նրանց համար կան խոսող գրքեր:
Կարող են կազմակերպել նաև այսպիսի խաղեր. պարանից թելով կախում են ձայնային գնդակներ, ապա խնդրում, որ չտեսնող երեխան հարվածի դրան, ապա, երբ գնդակը հետ գա, բռնի: Այս խաղի օգնությամբ երեխան սկսում է սովորել ժամանակը ճիշտ հաշվարկել: Կարելի է չտեսնող երեխային ասել, թե ինչ կա սենյակում և որտեղ է դրված, ապա սենյակից նրա դուրս գալուց հետո փոխել իրերի դասավորությունը: Սենյակ վերադառնալուց հետո երեխան պետք է շոշափելով գտնի փոփոխությունը: Այս խաղը զարգացնում է տարածության մեջ երեխայի կողմնորոշումը:
Կամ մեկ ուրիշ խաղ՝ նախատեսված չտեսնող երեխաների համար, կոչվում է գոլ-բոլ, այն նման է ձեռքի գնդակին` հանդբոլին, խաղում են չտեսնողները, թույլ տեսնողների աչքերը կապում են: Պետք է գնդակը իրար փոխանցել և հարվածել դարպասին: Յուրաքանչյուրը, բռնելով գնդակը, ասում է իր անունը, ասենք` «Ես Տիգրանն եմ, գնդակն ինձ մոտ է, ես փոխանցում եմ Արմենին», և փոխանցում խաղընկերոջը: Խաղընկերը, բռնելով գնդակը, անում է նույն բանը և այսպես շարունակ:
- Արդյոք շա՞տ են տարբերվում չտեսնող, մնացորդային տեսողություն ունեցող և թույլ տեսնող երեխաների հետ անցկացվող խաղերը, վարժությունները:
- Ընդհանուր առմամբ տեսողության խնդիր ունեցող երեխաների հետ անցկացվող խաղերը, վարժությունները շատ չեն տարբերվում, տարբեր են խաղի պայմանները: Օրինակ` որքան լավ է տեսողությունը, այնքան գնդակն ավելի մեծ հեռավորությունից է գլորում:
Նախընտրելի է, որ երեխաների ծնողները նույնպես ներկա լինեն պարապմունքներին, որպեսզի տանը կարողանան երեխաների հետ կատարել այդ նույն վարժությունները, խաղերը: