Օգտակար խաղեր և վարժություններ հիպերակտիվ երեխաների համար
Հիպերակտիվ երեխաների մոտ մկանային բարձր լարվածություն կա, հատկապես ձեռքերի, պարանոցի, դեմքի, ուսերի, կրծքավանդակի և որովայնի հատվածում: Առաջարկում ենք մի քանի վարժություններ և խաղեր մկանային լարվածությունը թուլացնելու համար: Դրանք կօգնեն կարգավորելու երեխայի հավասարակշռությունն ու կնպաստեն նրա ինքնակարգավորման զարգացմանը: Դրանից հետո կարելի է նաև ուշադրության կենտրոնացմանը նպաստող վարժություններ կատարել: Այս խաղերը հետաքրքիր ժամանցի տարբերակ են, որի կիրառման դեպքում հաճելին ու օգտակարն ապահովված են ձեր փոքրիկի համար:
Լարվածությունը թուլացնող խաղեր
Վարժություն «Ձնեմարդ» (մինչև 8 տարեկան երեխաների համար)
Այս վարժությունը կարելի է փոքրիկ խաղի վերածել, որտեղ երեխան ձնեմարդու դեր կկատարի.
- Ձմեռ է: Երեխաները բակում ձնեմարդ են պատրաստել: Շատ գեղեցիկ ձնեմարդ է ստացվել (պետք է երեխային խնդրել, որ նկարագրի ձնեմարդուն):
- Նա գլուխ ունի, մարմին, երկու ձեռք, կանգնած է երկու ամուր ոտքերի վրա…
- Գիշերը սառը-սառը քամի է փչել, ու մեր ձնեմարդը սկսել է մրսել:
- Սկզբում սառել է նրա գլուխը (երեխային խնդրեք ծածկել ձնեմարդու գլուխն ու պարանոցը), հետո` ուսերը (երեխան կլարի ուսերը), հետո՝ մարմինը (երեխան կլարի մարմինը):
- Իսկ քամին շարունակում է ավելի ուժեղ փչել, ցանկանում է քանդել ձնեմարդուն: Ձնեմարդը հենվում է իր ոտքերի վրա (երեխան ուժեղ ձգում է ոտքերը), և քամին չի կարողանում քանդել ձնեմարդը:
- Քամին հանդարտվել է, արդեն առավոտ է, ծագել արևը է, որը տեսնում է ձնեմարդուն և սկսում հալեցնել նրան:
- Առաջինը սկսում է գլուխը հալչել (երեխան ազատ է թողնում գլուխը), հետո` ուսերը (երեխան թուլանում է, ազատ թողնում ուսերը): Հետո հալչում են ձեռքերը (հանգիստ ցած են իջնում ձեռքերը), մարմինը (երեխան սկսում է կառավարել մարմինն ու առաջ գնալ), ոտքերը (նրբորեն ծալում է ծնկներն ու թուլացնում ոտքերը):
- Արևը ջերմացնում է, ձնեմարդը հալչում է ու վերածվում գետնին տարածվող ջրափոսի:
Հետո, եթե երեխան ցանկանա, կարելի է խաղը կրկնել:
«Նարնջի» վարժություն
Երեխան պառկած է մեջքի վրա կամ հարմար նստած է:
Նրան խնդրեք պատկերացնել, որ աջ ձեռքում նարինջ է պահել: Թող նա փորձի հնարավորինս շատ օգտակար հյութ ստանալ այդ առողջարար մրգից (երեխան պետք է բռունցք անի և 8-10 վայրկյան շատ ամուր սեղմի):
Հետո բռունցքը բացվում է, ու ձեռքը հանգստանում է: Այնուհետև նարինջը հայտնվում է ձախ ձեռքում, և նույնը կրկնվում է:
Ցանկալի է, որ երեխան վարժությունը կրկնի երկու անգամ անընդմեջ: Նարնջի հյութը քամելուց հետո այն կարելի է կիտրոնով փոխարինել:
Ուշադրությունը զարգացնող խաղեր
Այս և նմանօրինակ վարժությունների ամենօրյա կատարումը կնպաստի երեխայի ուշադրության կենտրոնացման հմտությունների զարգացմանը: Կարևորագույն պայմանը դրանք պարբերաբար կատարելն է: Առաջին արդյունքներն ակնհայտ կլինեն արդեն 2 ամիս անց:
«Սուր աչք» խուզարկու
Խաղում հաղթելու համար երեխան պետք է շատ ուշադիր լինի և կարողանա չշեղվել ներկայացված իրերից:
- Ընտրեք որևէ իր կամ խաղալիք, որը փոքրիկը պետք է գտնի:
- Թույլ տվեք, որ նա կարողանա հիշել այն, հատկապես եթե նոր իր է:
- Երեխային խնդրեք դուրս գալ սենյակից:
- Նրա դուրս գնալուց հետո ընտրված իրը դրեք աչքի համար նկատելի տեղում, բայց այնպես, որ փոքրիկը միանգամից չնկատի:
Նման խաղերի ժամանակ չի կարելի իրերը սեղանի դարակում, վարագույրի կամ պահարանի հետևում կամ նման փակ տեղերում թաքցնել: Երեխայի համար այն տեսանելի տեղում պետք է դնել, որպեսզի պարզապես ուշադրությունը լարի ու կարողանա գտնել:
Փոքրիկ ուսուցիչ
Այս խաղը հատկապես դուր է գալիս նրանց, ովքեր դպրոցում են սովորում: Այդ տարիքում երեխաները հաճախ կրկնօրինակում են իրենց ուսուցչին, հաճույքով «դպրոց-դպրոց» խաղում, որտեղ ուսուցչի դերում հենց իրենք են, իսկ աշակերտներին փոխարինում են մայրը, հայրը, տատը կամ էլ սիրելի արջուկը:
Որպես տնային առաջադրանք` դուք՝ որպես աշակերտ (կամ արջուկը) պետք է գրքից մի քանի նախադասություն դուրս գրեք: Չմոռանաք արտագրելիս որոշ սխալներ անել: Չպետք է բարդ քերականական կամ կետադրական սխալներ անել, որովհետև երեխան կարող է չիմանալ բոլոր կանոնները: Կարելի է մի քանի տառ բաց թողնել, փոխել բառերի վերջավորությունները, սխալ գրել օժանդակ բայերը:
Թողեք, որ փոքրիկ ուսուցիչը ստուգի ձեր գրավոր աշխատանքը: Երբ բոլոր սխալները գտնվեն, նրան խնդրեք գնահատել ձեզ: Հոգեբանորեն պատրաստ եղեք, որ ձեր փոքրիկը «երկու» կնշանակի ձեր երևակայական օրագրում:
Այս խաղերն ընդամենը օրինակ են, ու ինքներդ կարող եք ձեզ համար տարբեր խաղեր հորինել` ելնելով ձեր երեխայի առանձնահատկություններից, հետաքրքրություններից: Լավ կլինի, եթե ժամանակ գտնեք զբաղեցնել երեխային նման կարգի օգտակար խաղերով, որոնք իրականում արդյունավետ վարժություններ են:
Դե ինչ, ուրախ ժամանց ձեր փոքրիկի հետ: