accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Կարեն Քոլոյան

«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Երեխայի վիրահատությանը պատրաստվելիս

0

Կան դեպքեր, երբ երեխայի վիճակը ամբողջությամբ բուժելու կամ բարելավելու համար անպայման վիրահատական միջամտության կարիք կա: Կարևոր է, որ ծնողներն իրենց բալիկի հիվանդության, վիճակի, դժվարությունների մասին ինֆորմացիա ունենան: Հիմա բոլորը համակարգիչ ունեն, համացանցը հասանելի է բոլորին, և ծնողները կարող են կարդալ, հասկանալ, թե ի´նչ խնդիր ունի իրենց բալիկը, ի´նչ կարելի է անել երեխայի համար:

Երբ ծնողը գալիս է բժշկի մոտ և պատկերացում չունի, թե ի´նչ խնդիր ունի երեխան, շատ դժվար է և՛ բժշկի, և՛ ծնողի համար, քանի որ ծնողի սպասելիքներն ու բժշկի հնարավորությունները հաճախ տարբեր են: Կարևոր է, որ ծնողն ու բժիշկն իրար հետ աշխատեն որպես մի թիմ, ոչ թե որպես անծանոթ մարդիկ, ովքեր հանդիպել են, որ ինչ-որ գործողություն անեն, վերջացնեն:

Ծնողը պետք է իմանա, հասկանա, թե բժիշկն ի´նչ է անելու վիրահատության ժամանակ: Ես շատ հաճախ նկարում, գծում եմ ծնողների համար, գրքերից եմ ցույց տալիս, թե ի´նչ պետք է արվի: Եվ քանի որ աշխարհում շատ բժիշկներ կան, և ամեն ոք իր մոտեցումն ունի հարցի նկատմամբ, ծնողները պետք է տարբեր բժիշկների մոտ գնան, տարբեր կարծիքներ լսեն, փորձեն հասկանալ, թե ով է ավելի խելամիտ լուծում առաջարկում, և ապա նոր կողմնորոշվեն, թե որ բժշկին են նախընտրում: Ծնողն ինքը պետք է ամբողջ ինֆորմացիային տիրապետելով որոշում կայացնի, որովհետև երեխայի ապագա կյանքի հիմնական պատասխանատուն ծնողն է, ոչ թե բժիշկը: Տարիներ հետո բժիշկը գուցե չլինի, սակայն ծնողը միշտ երեխայի կողքին է և պետք է երեխային բացատրի, թե ինչո´ւ է այդ ճանապարհն ընտրել նրա համար:

Եթե երեխաները որոշակի տարիքի են հասել և հասկանում են, թե ինչ է կատարվելու իրենց հետ, բժիշկն ու ծնողն միասին կամ առանձին պետք է երեխային բացատրեն, թե ինչ է կատարվելու իր հետ: Չի կարելի գիտակից երեխային խաբել: Երբ նրան առանց տեղեկացնելու բերում են հիվանդանոց, երեխային շոկի են ենթարկում: Նա չպետք է ապրի դա, որովհետև հոգեկան շոկը նրա վրա վատ ազդեցություն կթողնի: Երեխան պետք է պատրաստ լինի հոգեպես և ֆիզիկապես, պետք է պատրաստ լինի ցավ կրելու, հասկանա՝ ինչի´ է գնում: Եթե նա լավ է պատրաստված, հետվիրահատական շրջանն ավելի հեշտ կտանի:

Եթե վիրահատվողը չափահաս մարդ է, որոշումը պետք է նրան թողնել: Գուցե ծնողի և բժիշկների համար նա երեխա է, սակայն արդեն չափահաս է ու ինքը պետք է որոշի, թե ինչպես է ուզում ապրել իր կյանքը: Օրինակ` երբ երեխան սկոլիոզ ունի` մեծ կորություն մեջքին, ծնողն ասում է, որ չպետք է վիրահատել, թանկ է, բարդ է, վտանգավոր է: Սակայն դա ծնողի կյանքը չէ, երեխայինն է: Նա պետք է ինքը որոշի ու ասի, թե ինչպես է ուզում ապրել: Հնարավոր է` նա պատրաստ է տանելու բարդությունները, գնալու իր նախընտրած ճանապարհով: Դրա համար շատ կարևոր է, որ ծնողը, պացիենտն ու բժիշկն աշխատեն որպես նույն կերպ մտածող ու նույն ցանկություններն ունեցող թիմ:

Ծնողը կամ երեխան պետք է ինֆորմացիա ունենա, որ, օրինակ` մանկական ուղեղային կաթվածով երեխան ունի իր առավելագույնը, ու ինչ բժիշկ էլ լինի`չի կարող ավելին անել, քանի որ նրա վիճակը ավելին թույլ չի տալիս: Այնուհետև բժիշկն ինքը պետք է բացատրի, թե ի´նչ են անելու վիրահատության ընթացքում և ի´նչ արդյունքներ են սպասում: Ծնողը պետք է իրական պատկերացնի, թե ինչ է սպասում իր երեխային:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.