Արտահայտություններ, որ չպետք է ասել հաշմանդամություն ունեցող երեխաներին
Ծնողները հաճախ, պահի ազդեցությամբ կամ իրավիճակի թելադրանքով, կարող են արտահայտություններ անել, որոնք սակայն իրենց հետքը կարող են թողնել ոչ միայն տվյալ պահին, այլ երեխայի ամբողջ կյանքի ընթացքում: Փոքրիկները սպունգի պես են ու, թեկուզ անգիտակցաբար, բայց կլանում են շրջապատի ամբողջ էներգիան: Մանկության տարիներին լսած բացասական կամ սպառնալից արտահայտությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ նրանց հետագա կյանքի, ինքնագնահատականի վրա: Հատկապես հաշմանդամություն ունենալու պարագայում երեխաներն ավելի խոցելի են, ուստի հետագա բարդույթներից խուսափելու համար պարզապես խոհեմ եղեք ու մի՛ ասեք բաներ, որոնք կարող են նեղացնել ձեր փոքրիկներին: Օրինակ՝
| Դու չես կարող դա անել, որովհետև…
Հավատացե՛ք` երեխան շատ լավ հասկանում է, որ խնդիրներ ունի: Գուցե որոշ տարիքում դեռ հստակ չի պատկերացնում, թե ի՛նչ է աուտիզմը, կամ ինչո՛ւ է սայլակ օգտագործում, քայլում հենակների օգնությամբ, բայց գիտի, որ տարբերվում է մյուս երեխաներից: Նա գիտի, որ չի կարող, օրինակ` բակում վազվզել ընկերների պես, բայց սա ամենևին չի նշանակում, որ պետք է նրան հիշեցնել այդ մասին: Շատ կարևոր է նաև, որ ավելի լուրջ հարցերում էլ նրան չասեք, թե ինչ-որ բան չի կարող: Օրինակ՝ մասնագիտության ընտրության պարագայում կամ որևէ նոր բան փորձելու դեպքում: Աջակցե՛ք նրան, եթե անգամ համոզված եք, որ չի ստացվելու: Ձախողելու դեպքում նա ինքն ամեն ինչ կհասկանա ու այլ ճանապարհ կընտրի:
| Քեզ խնամելու պատճառով ես ոչինչ չեմ հասցնում…
Երեխաները որևէ մեղավորություն չունեն իրենց հետ կատարվածի մեջ: Հավատացա՛ծ եղեք` նրանք աշխարհում բոլորից շատ կցանկանային մյուս փոքրիկների պես լինել՝ ապրել առանց խնդիրների: Երբ թուլանում եք պայքարի ճանապարհին, ձեզ հեռո՛ւ պահեք երեխայից ու թույլ մի՛ տվեք նրան իմանալ, որ նրա կարգավիճակը ձեզ որևէ սահմանափակման, զոհողության կամ զիջումների առաջ է կանգնեցրել: Մեղքի զգացումը նրան միայն հոգեկան ճնշվածության կտանի: Հնարավոր է՝ ձեր երեխան դադարի մտերմություն անել ձեզ հետ, որպեսզի խուսափի իր հերթական խնդիրների մասին տեղեկացնելուց:
| Քո հասակակիցներն այսինչ բաներն են անում…
Ուրիշների հետ համեմատելը ամենածանր բաներից մեկը կարող է լինել ձեր երեխայի համար: Նախ փորձեք հասկանալ, թե ինչու ձեր երեխան չի կարողանում անել այն, ինչ մյուսները: Հաշմանդամության տեսակներ կան, որ իսկապես երեխային կարող են «արգելել» այս կամ այն բանն անել: Եթե համոզված եք, որ նա կարող է, բայց ծուլանում է ու չի անում, օգնե՛ք նրան: Վստա՛հ եղեք, որ երկուսով ավելի հեշտ կլինի ինչ-որ բանի հասնել:
Փորձեք նկատել ձեր երեխաների ընդունակությունները: Հնարավոր է` նա բաներ է անում, որ մյուսները չեն կարողանում, այնպես չէ՞: Ի վերջո հիշեք, որ նա` որպես երեխա կատարում է իր գլխավոր գործառույթը՝ երջանկացնում է ձեզ, անկախ իր կարողությունների սահմանից:
| Եթե չուտես` կհիվանդանաս, եթե չքնես …
Ծնողներին թվում է` եթե երեխային վախեցնեն, կհասնեն ցանկալի արդյունքի: Այո՛, գուցե հասնեք, բայց հետագայում ստիպված կլինեք հաղթահարել ձեր իսկ ստեղծած խնդիրները: Ճիշտ է, կան որոշակի կանոններ, սննդակարգ, քնի ժամ և այլն, բայց չպետք է մոռանալ մի շատ կարևոր բանի` մարդու առանձնահատկությունների մասին: Հնարավոր է` ձեր երեխան իրոք չի սիրում այդքա՜ն օգտակար կաթնամթերքը: Ստիպելով, որ ուտի՝ միայն կվնասեք նրան: Նախ` օրգանիզմը չի կարող հարկ եղած կերպով յուրացնել սնունդը, քանի որ ապացուցված է՝ սնունդը չպետք է տհաճությամբ ընդունել: Հնարավոր է` երեխայի մեջ ագրեսիա ու ձեր հանդեպ վատ տրամադրվածություն առաջանա, ու նա սկսի ձեզ իր «թշնամին» համարել, որը նրան միայն ստիպում է ինչ-որ բաներ անել: Կաթնամթերքի մեջ առկա վիտամինները փորձեք այլ մթերքների միջոցով երեխային տալ:
| Փորձիր ավելի ուղիղ քայլել, վարժ խոսիր…
Որպես կանոն` մայրերը, անկախ ամեն ինչից, չեն կարողանում մինչև վերջ ընդունել, որ իրենց երեխան հաշմանդամություն ունի: Թեև ամեն օր պայքարում են, խոչընդոտներ հաղթահարում, միևնույնն է` չեն դադարում երեխային ասել, որ ավելի ուղիղ քայլի, որ հավասարակշռությունը պահի, որ հստակ խոսի, ավելի գեղեցիկ գրի և այլն:
Ամեն անգամ, երբ ուզում եք բարկանալ, որ ձեր երեխան նորից սայթաքեց, ընկավ կամ ձեռքից ինչ-որ բան գցեց, որ պարզ չարտասանեց այդ բառը, հիշե՛ք, որ կարողանալու դեպքում նա անպայման կաներ այն, ինչպես դուք եք կամենում: Ձեր նկատողությունները միայն կճնշեն երեխային ու կստիպեն մտածել, որ նա ոչինչ ճիշտ չի անում: Սա, իհարկե, չպետք է թույլ տալ, որովհետև մանկության տարիներին ձեռք բերված բարդույթները հաղթահարելու համար մի ամբողջ կյանք կարող է պահանջվել:
Հ. Գ. Երեխաներն ամբողջ կյանքում երեխա չեն մնալու: Մի օր նրանք ստիպված կլինեն առանց ձեզ ապրել: Օգնենք նրանց կարողանալ անել դա: