Կրթություն

Հատուկ կրթություն

Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հատուկ կրթության համակարգը ներառում է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով հանրապետությունում գործում են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ (երկարօրյա և գիշերօթիկ ռեժիմով), որոնք իրականացնում են հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրեր: («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999)

Գործող 24 պետական հատուկ հանրակրթական հաստատությունները նախատեսված են մտավոր և /կամ/ ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար: Հատուկ կրթության համակարգում է նաև Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Ներառական կրթություն

Ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է: Ներառական կրթությունն իրականացվում է երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով:

Ներառական կրթության քաղաքականության հիմքում երեխայակենտրոն մանկավարժությունն է: Մեթոդի էությունը յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների գնահատումն է և կրթության պրոցեսին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսումը: Մեթոդի կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում բազմամասնագիտական թիմի ստեղծումը, որի մեջ ներգրավված են երեխայի կրթության համար շահագրգիռ տարբեր մասնագետներ (ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ հոգեբան, լոգոպեդ), երեխայի ծնողը և թիմի համակարգողը:

Թիմը գնահատում է յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքները, հայտնաբերում է նրա առողջապահական և սոցիալական այն կարիքները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երեխայի կրթության վրա: Մշակվում է երեխայի ուսուցման անհատական պլան՝ ուղղված կարիքի բավարարմանը: Այսպիսով, մեթոդը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ համատեղ հանրակրթական դասարանում՝ անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրերով:

Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։

2014թ. դրությամբ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Հայաստանում գործում է  139 ներառական դպրոց Երևանում և մարզերում:

ՀՀ-ՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ

Տնային ուսուցում

Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Երեխայի կրթության իրավունքն ապահովելու նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է երկարատև (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:
Այն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում և ուսումնական հաստատության միջև պայմանագրի հիման վրա:

Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 17