accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Կա՞ արդյոք չափաբաժին սիրո մեջ

0

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներից շատերը հաճախ են բախվում սիրո սխալ չափաբաժնի հետևանքներին ու հաճախ կա՛մ չափից ավելի ուշադրություն են հատկացնում երեխաներին, կա՛մ ինչ-որ կերպ անտեսում` նրանց «զրկելով» ծնողական լիարժեք սիրուց: Որպեսզի նման խնդրի առաջ չկանգնեք, հարկ է ճիշտ գնահատել իրականությունն ու որոշ նրբություններ հաշվի առնել, քանի որ հաշմանդամություն ունեցող փոքրիկները բոլոր երեխաների պես, երբեմն էլ` ավելի շատ, սիրո և ուշադրության կարիք ունեն, բայց` չափի մեջ…

«Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի հոգեբան Նարինե Պողոսյանն անդրադառնում է թեմային:

Մայրական, ծնողական սերը չափելի չէ, իսկ ուշադրությունը կարելի է չափել տրամադրված ժամանակով: Ամենակարևորը, որ կարող եք և պետք է անեք ձեր հաշմանդամություն ունեցող երեխայի համար, ընդունել նրան որպես իրավահավասար սուբյեկտի, այսինքն՝ չտարբերել և չստիպել, որ աշխարհը հարմարվի երեխային միայն հաշմանդամություն ունենալու պատճառով:

Ծնողական վերաբերմունքը, ի սկզբանե, կողմնորոշում է երեխայի ճակատագիրն ու ինքնազգացողությունը, հետագա կյանքում նրա հաջողությունը: Ծնողական ամբողջ վերաբերմունքի հիմքը երեխայի ուժեղ կողմի վրա շեշտը դնելով` թույլ կողմերը զարգացնելն է: Երեխայի նկատմամբ չեզո՛ք եղեք, մի՛ խղճացեք:

Ծնողի վերաբերմունքը չպետք է տարբերվի հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների պարագայում: Հաճախ ծնողական սերը երեխաների հանդեպ հիվանդագին կախվածության է վերածվում, ինչը խեղում է երեխային, նույնիսկ՝ հաշմանդամություն չունեցող երեխաների դեպքում:

Հաճախ ծնողներն են հայտնվում զոհի վիճակում, դրանից էլ հետևում են մի շարք բացասական հետևանքներ՝ ինքնատանջանք, ինքնամեղադրանք, բողոք ճակատագրին: Սրանից էլ հետևում է, որ երեխան կա՛մ իրեն զգում է աշխարհի կենտրոնում ու կարծում է, որ բոլորը պետք է ծառայեն իրեն ու պտտվեն իր շուրջը, կա՛մ մտածում է, որ լիարժեք կյանքի համար ոչ մի նախադրյալ չունի, չի կարող կյանքը կառուցել ու երջանիկ լինել:

Շատ կարևոր է ձեր խորքային զգացումը, այն, թե ինչ եք զգում հոգու խորքում: Երեխան ծնողի հոգեբանությանը շատ հստակ է արձագանքում: Բավական է, որ մտածեք, խղճաք, զգաք մեղավորություն, անհանգստանաք, մտածեք, որ երեխայի մոտ ոչինչ չի ստացվի, ուրեմն իրոք այդպես էլ կլինի: Միտքը ծնում է իրականություն, իսկ ծնողի միտքը ուղիղ կերպով ազդում է երեխայի վրա: Ծնողի բացասական միտքը բավական է, որ երեխայի կյանքը չստացվի: Ուղղորդե՛ք երեխային, որ նա չպայմանավորի իր երջանկությունը ինչ-որ բանի առկայությամբ կամ բացակայությամբ: Օգնե՛ք նրան, որ կարողանա ինքնասպասարկման հմտություններ ձեռք բերել, զարգացնել իմացական ու հուզական գործընթացները: Պետք է տալ երեխային այն, ինչը նրան կուղղորդի իրեն զգալ ուժեղ, զգալ իր ներքին ուժը: Ձեզնից պահանջվում է հարմարեցնել միջավայրը: Հաճա՛խ երեխային ասեք, որ նա երջանիկ է, որ կա, երջանիկ է, որ դուք կաք նրա կողքին, և որ նա կարող է: Հասկանում եմ` դա դժվար է ձեզ համար, բայց շատ կարևոր է, սրանով ուշադրությունը ամբողջական է ու լիարժեք:

Պատրաստեց Լաուրա Մարտիրոսյանը

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply