Ինչ է հոդախախտը
Ինչ է հոդախախտը
Եթե նախկինում այն կոչվում էր բնածին հոդախախտ, ապա հիմա ամբողջ աշխարհում ընդունված է այն անվանել զարգացող հոդախախտ: Հոդախախտ ասելով` մենք նկատի ունենք կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրները: Կան երեխաներ, ովքեր ծնվում են առանց հոդախախտի, բայց թույլ զարգացած կոնքազդրային հոդով, և եթե երեխային ճիշտ չխնամեն, այդ ոչ ճիշտ զարգացած հոդը կարող է վերածվել հոդախախտի:
Որն է առաջացման պատճառը և ինչպես է այն դրսևորվում
Հոդախախտի առաջացման հստակ պատճառը մինչ օրս բժշկագիտության համար մնում է անհայտ: Այն դրսևորվում է կոնքազդրային հոդերի ոչ սիմետրիկությամբ: Կան մի քանի խումբ մարդիկ, որոնց մոտ հոդախախտ ունենալու ռիսկը շատ մեծ է: Այդ խմբերին են դասվում`
- աղջիկ երեխաները,
- երեխաներ, որոնց մոտ առկա է կապանային գերճկունություն, գերակտիվ են,
- երեխաներ, ովքեր ծնվում են ոչ թե գլխով, այլ հետույքով,
- երեխաներ, որոնց մոտ առկա են այլ խնդիրներ,
- կա նաև գենետիկ գործոն. եթե մայրը հոդախախտ ունի, ապա երեխայի մոտ նույն խնդիրն ունենալու հավանականությունը մեծ է:
Որոնք են հոդախախտի բուժման տարբերակները
Հոդախախտի բուժման կամ կանխարգելման համար շատ կարևոր է այն վաղ հայտնաբերել և զբաղվել դրա բուժմամբ: Նախկինում այս հարցում շատ մեծ դեր էին կատարում մանկաբույժները, ովքեր զննում էին բոլոր նորածիններին և հայտնաբերում կոնքազդրային հոդի խախտումները: Սակայն միայն ստուգելով երբեմն անհնար է լինում հայտնաբերել հոդի խախտումը: Դրա համար էլ որոշ երկրներում զարգացավ կոնքազդրային հոդի սոնոգրաֆիկ հետազոտումը, որը որպես սկրինիգ ընդունվեց բոլոր ծննդատներում: Այս սկրինինգի արդյունքում առանձնացվում է երեք խումբ`
- երեխաներ, որոնց մոտ չկա կոնքազդրային հոդի խախտում,
- երեխաներ, որոնց մոտ առկա է ոչ լիարժեք զարգացած հոդ. նրանք պարտադիր կերպով իրենց կյանքի ընթացքում անցնում են սոնոգրաֆիկ հետազոտություն, մինչև հոդը սկսի լիարժեք զարգանալ,
- երեխաներ, որոնց մոտ ախտորոշվում է հոդախախտ, և անմիջապես սկսվում է բուժումը:
Աշխարհի շատ երկրներ, օրինակ` Շվեյցարիան, Ավստրիան, պարտադիր կերպով կիրառում են այդ սկրինինգը, սակայն, օրինակ, ԱՄՆ-ն հրաժարվեց այն ընդունելուց, քանի որ մեկ երեխային նման սկրինինգի ենթակելու համար անհրաժեշտ է մոտ 500 դոլար, բացի այդ, այնտեղ մանկաբույժները շատ փորձառու են և զգույշ: Մի աննշան խնդրի դեպքում նրանք երեխային ուղարկում են օրթոպեդի մոտ, մեզ մոտ մանկաբույժները հիմնականում թոքերն են լսում:
Վաղ շրջանում հոդախախտի վերացումն ավելի հեշտ և էժան է: Հոդախախտերից խուսափելու, դրանց առկայության դեպքում վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման համար անհրաժեշտ է զերծ մնալ երեխաներին բարուրելուց: Իսկ ոչ ճիշտ, ոչ սիմետրիկ քայլվածքի դեպքում ծնողները պետք է դիմեն մանկական օրթոպեդին:
«Արաբկիր» բժշկական կենտրոն է տարեկան այցելում 20-30 երեխա, որոնց մոտ հոդախախտը նկատել են շատ ուշ` արդեն քայլելու ընթացքում: Այդ տարիքում բուժումն ավելի թանկ է, վերջնական արդյունքն էլ կարող է ոչ լիարժեք լինել:
Թեև հոդախախտերի բուժման և կանխարգելման համար հայաստանցի բժիշկները դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի այդ սկրինինգը պարտադիր դառնա նաև բոլոր ծննդատներում, նախարարությունն այն մերժել է` պատճառաբանելով, որ լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում: Հայաստանում միայն մի քանի ծննդատներ կան, օրինակ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, Մարգարյանի, որտեղ նորածինները պարտադիր կերպով անցնում են կոնքազդրային հոդի սոնոգրաֆիկ հետազոտություն, որը դառնում է հոդախախտի վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման հիմնաքար: