Ի՞նչ ասել է ներառական կրթություն
Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար:
Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:
Չի կարելի ստեղծել ներառական կրթության համընդհանուր կաղապար, որը կարելի լինի առանց որևէ փոփոխության ներմուծել յուրաքանչուր հասարակություն: Ամեն մի հանրություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները:
Սակայն կան որոշ հիմնական սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնել ցանկացած միջավայրում: Ահա դրանք.
- երեխաները հաճախում են տեղական` բնակավայրին մոտ գտնվող, մանկապարտեզ և դպրոց,
- մեթոդիկան այնպիսին է, որ նպաստում է բոլոր երեխաների ուսուցմանը,
- բոլոր երեխաները մասնակցում են բոլոր միջդպրոցական միջոցառումներին` մրցույթներ, ցերուկույթներ, էքսկուրսիաներ և այլն,
- ներառական կրթության զարգացմանն օժանդակում են ուսուցիչները, ծնողները, առհասարակ, բոլոր նրանք, ում միջամտությունը կարող է այս կամ այն կերպ օգտակար լինել,
- ներառական կրթությունն օգնում է կանխել խտրականությունը երեխաների նկատմամբ` սատարելով նրանց բոլորին` ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ չունեցողներին, իրենց` հասարակության լիիրավ անդամ լինելու գործում:
Պետք է հիշել`
– ներառական կրթության իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը հենվում են իրավահավասարության գաղափարի վրա. եթե մենք դա անում ենք ելնելով խղճահարությունից կամ բարեգործական մղումներից, երբեք չենք կարող անհրաժեշտ արդյունքի հասնել,
– բոլոր երեխաներն էլ կարող են սովորել. պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար,
– կան բազմաթիվ կրթօջախներ, որոնք աշխատում են ի շահ հաշմանդամություն ունեցող երեխաների և լավ են կատարում իրենց աշխատանքը: Եթե ներառական կրթության մեթոդաբանությունը մշակված է ողջ կրթական համակարգի համար, ապա ամեն մի երեխա կգտնի իր տեղն այդ համակարգում, և հնարավոր կլինի դպրոցում սովորելը համատեղ ընտանիքի գրկում ապրելու հետ:
Ինչո՞ւ է ներառումն անհրաժեշտ
Երեխաները, անկախ հաշմանդամություն կամ սովորելու դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում և վաղ սկիզբը հանրակրթական խաղախմբերում կամ մսուրներում, որոնց հաջորդում են միջնակարգ դպրոցն ու քոլեջը, լավագույն նախապատրաստությունն է ինտեգրված կյանքի համար:
Հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն նույն խմբին պատկանելու նույնպիսի իրավունք, ինչպես մյուսները: Առանձնացված ուսուցումը սահմանափակում է ինքնաարտահայտման իրավունքներն ու հնարավորությունները:
Ի՞նչ է անում ներառական կրթությունը
Նպաստում է հասարակության բոլոր անդամների հնարավորությունների հավասարեցմանը` հաստատելով, նոր հարաբերություններ և ստեղծագործական հնարավորություններ որոնք անցյալում անհնար էին: Ներառական կրթությունը մարդու իրավունք է, այն ապահովում է լավ կրթություն և սոցիալական առումով հիմնվորված է:
Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել միմյանցից: Բոլոր երեխաները պետք է կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատելու և պատրաստվելու կյանքին: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:
Ներառական կրթությունը Հայաստանում
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված պրոֆեսիոնալ աջակցություն ցուցաբերելու գիտակցությամբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը: Այսօր արդեն ներառական կրթության «Հույսի կամուրջի» փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեցին ներառական կրթության քաղաքականությունը:
2005 թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Դրանով պետականորեն ճանաչվեց և ամրագրվեց նաև ներառական կրթությունը Հայաստանում:
Այսպիսով Հանրակրթության ոլորտը կարգավորվում էր երկու առանձին օրենքով, և օրենքի մակարդակում ներառում չկար, իսկ սովորական` հանրակրթական դպրոցում երկու առանձին գործընթաց էր գնում: Այդ իսկ պատճառով կարիք առաջացավ, որպեսզի օրենքները միավորվեն:
2014թ. դեկտեմբերի 1–ին փոփոխություն կատարվեց «Հանրակրթության մասին» օրենքում և ուժը կորցրած ճանաչվեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը:
Այդ փոփոխությամբ ՀՀ-ն հռչակեց ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք: Մինչև 2025 թ. Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական:
Օրենքի նոր փոփոխությունը ենթադրում է ներառական կրթությանն աջակցող եռաստիճան` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ներդրում, դպրոցի, մարզի և հանրապետության մակարդակներում:
Օրենքի փոփոխությամբ երեխայի անհատական ուսուցման պլանը սահմանվում է որպես իրավական փաստաթուղթ` հիմնված հանրակրթության պետական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի արդյունքների վրա: