accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Մտավոր խնդիր ունեցող երեխաները և նրանց նկատմամբ բռնության կանխարգելումը

0

Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ էլ մյուսների պես սեռական կյանքի, առողջության մասին տեղեկություններ ստանալու, այդ կյանքով ապրելու իրավունք և կարիք ունեն: Սեռական դաստիարակությունը նրանց կօգնի ավելի իրազեկված լինելու, կարողանալ պաշտպանվել տարատեսակ վարակներից, բռնությունից, անցանկալի հղիությունից և այլն:

Անշուշտ, ծնողները, ովքեր մտավոր խնդիրներ ունեցող երեխա ունեն, գիտակցում են, որ իրենց երեխաներին պետք է հնարավորինս պաշտպանեն սեռական բռնությունից:

Գաղտնիք չէ, որ մեր իրականությունում նրանցից շատերը նախընտրում են երեխաներին թաքցնել հասարակությունից, զրկել ինքնուրույնությունից` այդկերպ ցանկանալով պաշտպանել նրանց միջավայրի վատ ազդեցությունից: Սակայն այս միջոցը չի կարող լավագույն տարբերակ լինել, երեխային պաշտպանելու լավագույն ձևը թերևս նրան իրազեկելն ու կրթելն է:

| Սեռահասունացման տարիքում ծնողները պետք է սկսեն խոսել այդ մասին

Մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին սեռական հարաբերությունների մասին պատմելու համար հնարավորինս պարզ բառապաշար ընտրեք, ամեն ինչ իրենց անուններով կոչեք, որպեսզի նրա մոտ շփոթմունք չառաջանա: Ծանոթացրեք նրան իր սեռական օրգանների հետ, դրա համար կարող եք նկարներ կամ ուսուցողական տեսանյութեր օգտագործել: Պատասխանեք նրա բոլոր հարցերին, իսկ եթե որևէ հարցի պատասխան ինքներդ չգիտեք, միասին կարող եք որոնել համացանցում: Կարևոր է, որ ձեր երեխան վստահի ձեզ, խոսի իր զգացողությունների ու այն փոփոխությունների մասին, որ այդ տարիքում կատարվում են նրա օրգանիզմում:

Նկարների կամ տեսանյութերի միջոցով նրան ցույց տվեք, թե ինչ է սեռական ակտը, ինչպիսին կարող է լինել: Սովորեցրեք նրան անվտանգ սեքսի կանոնները` բացատրելով դրա կարևորությունը: Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, ու ըստ նրա ընկալումների էլ պետք է խոսել: Կարևոր է, որ երեխան իմանա, որ սեռական հարաբերությունները, բացի հաճույքից, նաև վերարտադրողական նշանակություն ունեն, և թե դա ինչպես է տեղի ունենում: Ի տարբերություն մյուս մարդկանց, մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ կարող են շատ պարզ ու անկաշկանդ հարցեր տալ, խոսել ամեն ինչի ու նաև իրենց զգացողությունների մասին, սակայն պետք է իմանան, որ ամեն տեղ և բոլորի հետ դա անել չի կարելի:

| Ինչ է սեռական բռնությունը

Վիճակագրական տվյալների համաձայն` մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ երկու անգամ ավելի շատ են բռնության ենթարկվում մյուսների համեմատ: Երեխային սեռական բռնությունից պաշտպանելու համար նախ պետք է իմանալ, թե ինչպես այն կարող է դրսևորվել:

Սեռական բռնության տեսակներն են

  • Սեռական ոտնձգություն: Հայացքներ, առաջարկներ, կատակներ, սպառնալիքներ՝ ցանկացած գործողություն, որը դիմացինի մեջ առաջացնում է անհանգստություն, տհաճություն, վախ:
  • Սեռական օրգանների ցուցադրություն հասարակական վայրերում:
  • Բռնաբարություն՝ օրալ, անալ կամ գենիտալ կոնտակտ. ներթափանցում առնանդամով կամ որևէ այլ առարկայով:
  • Պարտադրաբար նկարահանումներ, պոռնոգրաֆիկ նյութերի ստիպողաբար ցուցադրում:
  • Ստիպողական ձեռնաշարժություն (մաստուրբացիա):
  • Ֆրուտաժ՝ հանրային վայրում ֆիզիկական կոնտակտ՝ սեռական օրգանների (կամ մարմնի այլ մասերի) շփում այլ անձի մարմնի տարբեր մասերին:
  • Ինցեստ: Սեռական բռնություն, որը դրսևորվում է արյունակցական կապի մեջ գտնվող անձանց միջև (օրինակ՝ հայր-երեխա, հորեղբայր-երեխա, զարմուհի-երեխա):
  • Վուաերիզմ՝ գաղտնի հետևում, դիտում, օրինակ` հագուստը փոխելիս, լոգանք ընդունելիս:
  • Սեռական բռնություն երեխայի նկատմամբ: Երեխայի օգտագործում սեռական բավարարություն ստանալու նպատակով:

Պետք է հիշել, որ սեռական գործողությունները, հարաբերությունները բռնություն են համարվում այն դեպքում, եթե դրանք միակողմանի ցանկության ու համաձայնության պարագայում են տեղի ունենում: Երեխան պետք է հասկանա, որ կարող է և իրավունք ունի սեռական հարաբերություն ունենալու, սակայն միայն այն ժամանակ և այն մարդու հետ, ում ինքը կնախընտրի:

Սեռական բռնության հետևանքները

Սեռական բռնությունն անհետևանք չի անցնում: Բռնության ենթարկվածների մոտ ֆիզիկական և հոգեբանական հետևանքներ են ի հայտ գալիս:

Հոգեբանական հետևանքներ

  • Անվտանգության ու անապահովության զգացում
  • Ցածր ինքնագնահատական
  • Բարկության զգացում
  • Ամոթի, մեղքի, վախի, թերարժեքության զգացում
  • Շփման դժվարություններ
  • Ճնշվածություն, դեպրեսիա

Ֆիզիկական հետևանքներ

  • Կոտրվածք
  • Արյունահոսություն (ներքին, արտաքին)
  • Կապտուկներ
  • Քերծվածքներ
  • Այրվածքներ
  • Մարմնական, ներքին օրգանների վնասվածք
  • Սեռական օրգանների վնասվածք

Ինչ անել, եթե երեխան բռնության է ենթարկվել

Նման դեպքերում չի կարելի մեղադրել երեխաներին: Նրանք ավելի քան երբևէ ձեր աջակցության կարիքն ունեն: Պետք է հիշեք, որ ցանկացած մարդ կարող է բռնության զոհ դառնալ: Ձեր երեխայի հանդեպ սեռական բռնություն կարող են գործադրել այն վայրերում, որտեղ դուք նրան արգելել եք լինել: Ձեր արձագանքից վախենալով` երեխան կարող է թաքցնել կատարվածի մանրամասները: Նրա համար այդ ժամանակ կարևոր կլինի ձեր բարկությունը, որովհետև ձեր խոսքին հակառակ է գործել: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը, ով է հեղինակն ու ինչպիսին են հետևանքները, ձեր երեխան մեղավոր չէ դրանում: Այդ ժամանակ մոռացեք, որ արգելել էիք այս կամ այն տեղը գնալ, որովհետև դեպքն արդեն պատահել է, ու կարևորն արդեն հետևանքների մասին մտածելն է, նրան աջակցելը:

Մի´ թաքցրեք կատարվածն ու մի´ մեկուսացրեք ու մի´ պատժեք նրան: Եթե հոգեբանական խնդիրներ են առաջացել, մի´ ամաչեք մասնագետի օգնությանը դիմելուց: Հիշեք, որ օրենքը կարող է պատժել բռնարարին, ու դեպքի մասին անպայման տեղեկացրեք ոստիկանությանը:

Հ.Գ. Ձեր երեխային արգելված վայրերի ցուցակ ներկայացնելու փոխարեն բացատրեք նրան, թե ինչու նախընտրելի չէ նման վայրեր հաճախել, ինչ վտանգներ կան, ինչ հետևանքներ կարող են լինել: Երեխան չպետք է վախենա, նա պետք է հասկանա, որ դուք պաշտպանում եք նրան, հոգ տանում իր մասին:

Աջակցության, անվճար խորհրդատվության համար կարող եք դիմել Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն՝ 080.00.12.80 հեռախոսահամարով:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.